Երբ քաղաքական գործչի ծրագիրը տապալվում է, ձախողվում է, ապա նա ոչ թե մեղավորներ է փնտրում, այլ հրաժարական է տալիս։ Սա ընդունված նորմ է, որը զսպում է պոռոտախոսությունը, կեղծիքը, սուտը, անհաշվենկատությունը։
Ի՞նչ տվեց Երևանի տրանսպորտի թանկացումը, ինչպե՞ս գնահատել ավինյանական բարեփոխումների ծրագիրը, իրականացա՞ն նրա ու թիմակիցների երազանքները։
Տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումներ են եղել։ Այս մասին հունիսի 3-ին մամուլի ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը, նշելով, որ չվճարումները բերել են բյուջեի որոշակի խնդիրների, նախատեսված 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի գնել, քանի որ թերհավաքագրումների պատճառով գումար չկա։
Եթե տրանսպորտային բարեփոխումները քաղաքացու համար էին, բայց նոր տրոլեյբուսներ գնելու փող չկա, ապա Ավինյանն ինչպե՞ս կարող է արդարանալ, որ իր ծրագիրը չի ձախողվել։
Քաղաքապետն, օրինակ՝ կարող է ասել, որ տրանսպորտային բարեփոխումների արդյունքում, թեև թերավաքագրումներ են եղել ու բյուջեն ծակվել է, սակայն Երևանում ներդրվել է ուղեվարձի անկանխիկ վճարման համակարգ, ինչպես զարգացած քաղաքներում։ Վարորդները համազգեստով են, քաղաքավարի, ուղևորի հետ չեն վիճում, գումար չեն պահանջում, չեն նվաստացնում մարդուն բոլորի ներկայությամբ, չեն գոռում հետևից՝ «արա՜, բա փողը՜»։
Այսպիսով՝ կարող են գլուխ գովել, որ ավինյանական բարեփոխումների արդյունքում որոշ կատեգորիայի մարդիկ, որոնք օրենքով արտոնություն չունեն, կարող են անվճար երթևեկել։ Այսպիսի բան երազել կարելի էր, ինչն իրականություն է Ավինյանի խիզախ բարեփոխումների շնորհիվ։ Քաղաքացին, հյուրը, որոնք քարտի վրա գումար չունեն, կտրոն չունեն կամ մտքերով ընկած՝ մոռանում են վճարել, ոչ ոք չի անհանգստացնում նրանց։ Այսպիսի իրավիճակ է բազմաթիվ քաղաքներում, որտեղ անկանխիկ վճարման համակարգ է ներդրված։ Այնտեղ նույնպես ուղևորների նույն կատեգորիաները չեն վճարում, օգտվում են անվճար։
Այս պարագայում ինչպե՞ս գումար գեներացնել ժամանակակից, հարմարավետ տրոլեյբուս, ավտոբուս գնելու համար։
Հավաքագրումների հարցում էական նշանակություն ունեն արժեքային, բարոյական սյուները։ Նորմալ երկրներում մարդն արժանապատվության փխրուն զգացում ունի, բարձր ինքնագնահատական։ Ողորմելի լինելն ամոթալի է։ Մարդն իրեն մատուցված ծառայությունը գնահատում է որպես շնորհ, որի համար շնորհակալություն է հայտնում, վճարում։ Պարտքը վճարելուց խուսափելը համարվում է խայտառակ անբարոյականություն։ ՀՀ-ում այսպես չէ։ Մարդն իրական արժեք չէ, հավասարությունը ժխտում են ու մարդկանց բաժանում տեսակների, «շնորհակալության» փոխարեն ասում՝ «ապրես», ինչպես ասում է ողորմելին։
Այսպիսով՝ ուղեվարձի հավաքագրումներն ավելացնելու երկու ուղիղ և մեկ սխալ ճանապարհ կա։ Առաջինը վերադարձն է փորձված կանխիկ 100 դրամին։ Վարորդը կրկին կգոռա ուղևորի հետևից՝ «արա՜, բա փողը»։ Այսպիսի ետադարձի պարագայում Ավինյանը հաստատ հրաժարական պիտի տա։ Ուստի՝ այս ուղին չեն ընտրի։ Երկրորդն արժեքային սյուների ամրացումն է, որի արդյունքում ոչ միայն տրանսպորտի ուղեվարձի հավաքագրումները կհամալրվեն, այլև հասարակությունը քաղաքակրթական իրական առաջընթաց կունենա։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու Ավինյանը քաղաքակրթական առաջընթացին դեմ, ուզում են ՀՀ-ն պահել ռուսական հակաքաղաքակրթական ուղեծրում, ապա այս ուղին էլ չեն ընտրի։ Սխալ ճանապարհն էլ տուգանքների կիրառումն է, որի արդյունքում՝ ուղեվարձի հավաքագրումը շատ դանդաղ կաճի, սակայն ՔՊ վարկանիշն արագ կընկնի, ավելի շատ մարդ կատի ՔՊ-ին։ Ուստի՝ տուգաքներն էլ կհետաձգվեն մինչև 2026-ի հունիս։
Կարճ ասած՝ բարդ իրավիճակում է քաղաքապետ Ավինյանը։ Նա կարող է անվճար երթևեկելու հնարավորությունն իրական նվեր կամ ողորմություն որակել ուղղված երևանցուն ու հյուրերին։ Այսինքն՝ հրապարակավ կարող է հայտարարել, որ ինքն է հրահրել բոյկոտի ակցիաները, որ անվճար երթևեկելու ավանդույթն արմատավորվի, որ հանգամանքի բերումով ողորմելի իրավիճակում հայտնվածը անվճար երթևեկելու հնարավորություն ունենա։ Եթե այսքանն ասելու խիզախություն չունի և պարզապես տրտնջում է թերհավաքագրումից, բյուջեի ծակից ու ճամփին մնացած տրոլեբուսից, ապա, ըստ էության՝ խոստովանում է, որ ձախողվել է։ Իսկ ձախողվելը, ինչպես ասում են՝ հրաժարական տալու լուրջ ու հիմնավոր պատճառ է։
Թաթուլ Մկրտչյան