Հռոմի նորընտիր պապի կարևոր կոչն ու Վատիկան-Բաքու հարաբերությունները
copy image url

Հռոմի նորընտիր պապի կարևոր կոչն ու Վատիկան-Բաքու հարաբերությունները

Ներքին 7 ժամ առաջ - 19:29 16-05-2025
«Գեղարդ» վերլուծականը գրում է․

Կաթոլիկ եկեղեցու նորընտիր հովվապետ Լևոն 14-րդն առաջին հանդիպումն է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ BBC-ի հաղորդմամբ՝ Հռոմի պապը կոչ է արել ազատ արձակել ձերբակալված լրագրողներին, որոնք ազատազրկվել են «ճշմարտությունը որոնելու և հաղորդելու համար»։ Հռոմի պապը նշել է նաև, որ մամուլի ազատությունը պետք է պաշտպանվի, իսկ ազատազրկված լրագրողների տառապանքները «մարտահրավեր են պետությունների և միջազգային հանրության խղճի դեմ»։

Վատիկանի հետ սերտ հարաբերություններ կառուցող Ադրբեջանում Լևոն 14-րդի այս ելույթը հազիվ թե լուսաբանվի՝ հաշվի առնելով մամուլի ազատության վիճակն այդ երկրում։ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կառույցի՝ 2024 թվականն ամփոփող տվյալներով՝ Ադրբեջանում եղել է 13 ազատազրկված լրագրող։ Մայիսի 9-ի՝ թարմացված տվյալներով՝ Ադրբեջանում ազատազրկված լրագրողների թիվը հասել է 25-ի․ վերջին դեպքը երկու անկախ լրագրողներ Ուլվիյա Ալին և Ահմադ Մամմադլին էին։ Բնականաբար, ադրբեջանական ռեժիմի կողմից լրագրողների հետապնդումը կրում է քաղաքական բնույթ։ Ազատազրկվածների թվում է նաև հետազոտող, սյունակագիր Բահրուզ Սամադովը, որին առաջադրված է դավաճաության մեղադրանք։ Վերջինս համարձակվել էր քննադատել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը։

Լրագրողները միակ հետապնդվող խումբը չեն Ադրբեջանում։ Էթնիկ փոքրամասնությունների, օրինակ՝ թալիշ գործիչերի, շիա հավատացյալների նկատմամբ ապօրինի հետապնդումները ևս սովորական երևույթ են։
Սովորաբար միջազգային կառույցների և տարբեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են այս խմբերը, ինչպես նաև՝ իրավապաշտպաններն ու հասարակական գործիչները։ Ներկայումս Բաքվում շինծու դատավարություն է ընթանում շուրջ երկու տասնյակ հայ պատանդների ու գերեվարված անձանց նկատմամբ, որոնց ազատ արձակման պահանջով հանդես են եկել տարբեր կառույցներ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Եվրախորհրդարանը։ Հարկ է, որ միջազգային նման կառույցներն իրենց ուշադրությունը սևեռեն նաև այս գործընթացի վրա։

Վերջին տարիներին Բաքուն ակտիվ աշխատանք է տանում Վատիկանի հետ, որի նպատակներից մեկն էլ հանդուրժողական երկրի կերպարի առաջմղումն ու Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունն աղվանաուդիական ներկայացնելն է։ «Գեղարդ» հիմնադրամը պարբերաբար անդրադարձել է այս խնդիրներին։

Հույս ունենք, որ Հռոմի նորընտիր պապն ավելի բծախնդիր վերաբերմունք կունենա Բաքվի քաղաքականության նկատմամբ՝ հիմքում ունենալով քրիստոնեական, համամարդկային, մարդասիրական արժեքները։ Կաթոլիկ եկեղեցին, իրապես, կարող է մեծ նպաստ ունենալ Արցախի հայկական-քրիստոնեական ժառանգությունը ոչնչացումից և կեղծումից փրկելու գործում։

Ամենից շատ դիտված