Ալեն Սիմոնյանն արդարացնո՞ւմ է Չարենցի, Բակունցի սպանությունները
copy image url

Ալեն Սիմոնյանն արդարացնո՞ւմ է Չարենցի, Բակունցի սպանությունները

Միտք Ներքին 2 շաբաթ առաջ - 09:00 16-05-2025
Երկերեսանիությունը վայել չէ քաղաքական այրին։ Աննորմալ է, դատապարտելի ու ռիսկային, երբ քաղաքական գործիչն այլ երկրներում իրեն պահում է մի կերպ, իսկ հայրենիքում բոլորովին այլ կերպ։

Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ղազախստանում ԱԺ նախագահի այս վարքը տպավորություն է ստեղծում, թե նա հարգում է կանանց, ունի կոնկրետ դիրքորոշում խորհրդային բռնազավթման տարիներին մարդկության դեմ կատարված հանցագործությունների, զանգվածային բռնաճնշումների վերաբերյալ։

Արդյո՞ք անկեղծ է Ալեն Սիմոնյանը։

Օրեր առաջ ԱԺ նախագահը իր բարձր աթոռից սպառնում էր կին պատգամավորին դահլիճից դուրս շպրտել։ Սա որևէ կերպ հնարավոր չէ տեղավորել կանանց հանդեպ հարգանքի շրջանակում։

ՀՀ-ում այսօր էլ կա կանանց գաղութ, որտեղ պատիժ են կրում բազմաթիվ կանայք։ Երբևէ Ալեն Սիմոնյանը «Աբովյան» ՔԿՀ-ն փակելու, կանանց նկատմամբ համաներում կիրառելու կամ նրանց պատիժը պայմանական, պրոբացիոն դարձնելու նախաձեռնությամբ հանդես չի եկել։

ՀՀ տոների և հիշատակի մասին օրենքի 10.1 հոդվածով Հունիսի 14-ը Բռնադատվածների հիշատակի օրն է։ 2008 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվել է խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երբեք չի այցելել այս հուշահամալիր, հիշատակի մի բառ չի ասել, նույնիսկ ֆեյսբուքի իր պատին մի բառ չի գրել։

Այս համադրությունը հիմք է ենթադրելու, որ ինչ-որ տեղ Ալեն Սիմոնյանը կեղծում է։ Եթե նա խորհրդային բռնազավթման տարիների բռնաճնշումների զոհերին հարգող լիներ, ապա նույնը կաներ նաև ՀՀ-ում։ Հարյուրավոր հայ մտավորականներ են բռնաճնշումների ենթարկվել, սպանվել խորհրդային բռնազավթման տարիներին, հազարավոր հայ սպաներ են աքսորվել, գնդակահարվել, 1949-ի հունիսի 14-ին Ստալինի հրամանով 13 հազար հայեր աքսորվել են Սիբիր։

Ինչպե՞ս կարող է ՀՀ ԱԺ նախագահը անկեղծորեն հարգել խորհրդային բռնաճնշումների զոհ գնացած ղազախ կանանց հիշատակը, բայց նույնպիսի բռնաճնշումների ենթարկված հայերի հանդեպ անտարբեր լինել։ Ինչպե՞ս կարող է Ալեն Սիմոնյանը գրառում անել Ղազախստանում խորհրդային բռնաճնշումների ենթարկվածների հիշատակին, բայց մի տառ չգրել Հայաստանում բռնաճնշումների ենթարկվածների մասին։ Նախկիննե՞րն են մեղավոր, որ Ալեն Սիմոնյանը Հունիսի 14-ին մոռանում է հարգանքի տուրք մատուցել կոմունիզմի զոհերի հիշատակին, հիշատակի մի գրառում անել։ Թե՞ Ալեն Սիմոնյանն արդարացնում է խորհրդային բռնաճնշումները, Չարենցի, Բակունցի, հարյուրավոր մավորականների գնդակահարությունները, հարյուր հազարավոր անմեղ հայերի աքսորն ու սպանությունները։

Այսպիսի հակասական վարքը կասկածներ է հարուցում։ Ենթադրելի է, որ կա՛մ Ղազախստանում, կա՛մ Հայաստանում Ալեն Սիմոնյանն անկեղծ չէ։ Այսպիսի կասկածը կարող է վնասել նաև հայ-ղազախական հարաբերությունները։ Պատկերացրեք՝ ղազախները կասկածեն, որ հայ պաշտոնյան ձևացնում էր, թե հարգում է Ղազախստանում խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակը։

Պարզ ասած՝ ՀՀ-ն ներկայացնողը պետք է անկեղծ ու ազնիվ լինի։ Եթե ՀՀ-ում չեն հարգում խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակը, ապա դրսում էլ պիտի չհարգեն։ Եթե դրսում հարգում են, ապա Հայաստանում էլ նույնպիսի վերաբերմունք պիտի դրսևորեն խորհրդային դահիճների զոհերի հիշատակին։ Հակառակ պարագայում՝ կեղծավոր, երկերեսանի, անլուրջ մարդու տպավորություն կթողնեն, կանլրջացնեն պետությունն ու կստեղծեն անվտանգային ռիսկեր։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:34 Միացված վարսահարդարիչը խլել է 20-օրական երեխայի կյանքը․ RBK
11:48 Սեռական ծառայությո՞ւն․ Աննա Հակոբյանը Բորիս Մուրազիի մասին սկանդալային հայտարարություն է արել
20:17 Նիգերիայում ավտոբուսի` կամրջից գետն ընկնելու հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
19:00 Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ
11:23 Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ զառանցում է, ես ի՞նչ մեկնաբանեմ. Աջապահյան
19:13 Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում. Պեսկովը՝ Մակրոնի մասին
12:16 7-ամյա տղային 5 տարի փակել էին բնակարանում աղբի և տեսախցիկների ներքո․ Lenta
21:30 Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում
17:08 Եթե տեսանյութեր են փնտրում, թող փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ․ Մուրազիի արձագանքը
12:42 Ռուս կինը արաբ ամուսնուն երշիկ է տվել, ինչի պատճառով ծեծ է կերել ու դուրս շպրտվել տնից․ Lenta