Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 15-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին: Կառավարության ղեկավարի աշխատակազմից հայտնում են, որ Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Այդ գագաթնաժողովի շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ինչից հետո էլ տեղի ունեցավ Արցախի շրջափակումն ու հայաթափումը, իսկ երկրորդը՝ 2023 -ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ Ադրբեջանի նախագահի մասնակցության մասին պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ ընդգծելով, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։Հ.Գ. Նախորդ գրառումս փակեցի, քանի որ անճշտություններ կային։ Հայցում եմ ձեր ներողամտությունը»,- գրել է նա։ Նշենք, որ Կոստանյանն ավելի վաղ հերքել էր լուրն այն մասին, որ Կոռուպցիայի գործով կա 11 ձերբակալված, որից 3–ը Շենգավիթի թաղապետարանի նախկին ու ներկա աշխատակիցներ են։
Մանդատների ժամկետը լրանում է, բան չմնաց։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով մանդատները վայր դնելու օրակարգին։ Նա նկատեց, որ եթե ընդդիմադիրները մանդատները դնեն, իշխանություններն արտահերթ ընտրություններն իրենց ձեւով կանեն. «Մանդատների վայր դնելը իրենց օգտին է լինելու, որովհետև իրենք իրենց ձևով կանեն։ Հիմա վախենում են գնան արտահերթի, որովհետև մտածում են այդ 14 օրը լուրջ խնդիր է առաջանալու, վակուում առաջանալու։ Իմպիչմենտի մասին ասել ենք հստակ բացատրել ենք, որ անհրաժեշտ և բավարար պայմաններ չկան։ Ի դեպ, այս ամեն ինչը նպաստում է, որ մարդիկ հասկանան, որ այս խորհրդարանը փոխելն անհրաժեշտ է։ Այ սա, եթե բոլորը հասկանան, որ այս ձևի խորհրդարանը այլևս վտանգ է մեր համար, այո, պետք է գնան ավելի կոնկրետ քայլերի, ժողովուրդը կակտիվանա, իմպիչմենտն էլ հնարավոր կդառնա»,– նկատեց Ռուստամյանը։
Այսօր կայացած արտահերթ նիստում խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեց «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխությունները։ Ընդունված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի կառավարությանը լիազորություն է տրվել պետական գույք, մասնավորապես՝ ռազմական արտադրանք տրամադրել հատուկ ցանկում ընդգրկված ռազմարդյունաբերական համալիրի տարբեր սուբյեկտներին։ Օրենսդրական նախաձեռնությանը կողմ է քվեարկել 56 պատգամավոր, 2-ը՝ ձեռնպահ։ Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը երեկվա միջադեպից հետո չէր ներկայացել վերոնշյալ օրենքի քննարկմանը և քվեարկությանը։
Մանրամասները՝ տեսանյութում: