Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 10-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ 7 տարի մնացել է նույն դասարանում։ «Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետև, եթե ես սովորեի, 6-7 տարի առաջ այս ելույթը նույն ձևով այս նույն տեղում կունենայի։ Այն, որ ես հիմա եմ սրա մասին խոսում, նշանակում է, որ 7 տարի մնացել եմ առաջին դասարանում»,- ասել նա՝ ընդգծելով՝ պետական պաշտոնյաներն էլ պետք է մտածեն իրենց գիտելիքի մասին։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետև գիտելիքի պակաս ունեն կառավարության անդամները: «Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը, մենք ենք նրանց առաջնորդը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք դեպի աղքատություն, դեպի տգիտություն և այլն, որովհետև դա մեր գործն է, որովհետև 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ Փշատավան, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ՝ ստեղ կանգնեք, իջնում եմ, 10 րոպե խոսում եմ մարդկանց հետ ու հասկանում եմ, որ 7 տարի բոլորդ՝ իմ գլխավորությամբ, մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անսում»,- նշել է նա։
Փաշինյանը նաև նշել է՝ 2018-ին իրենք խեղճ մարդու պաշտպան էին ընկալվում, մինչդեռ հիմա այդպիսինը չեն ընկալվում։ «Հիմա շատ են խոսում այն մասին, որ մենք 2018 թվականին խեղճ ու անճար մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում այդպիսին, սրա մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա, մեր ծրագրերի էվոլուցիան դրա մասին է վկայում: Մենք 2018-ից ասել ենք՝ նախ այլաբանորեն հետո ուղղակի, որ աղքատությունը հաղթահարվում է միայն աշխատանքով: Աշխատանքը բերում է աղքատության հաղթահարման, եթե արդյունավետ է: Եթե աշխատանքն արդյունավետ չէ, գիտելիքահենք չէ, դա նույնն է, թե մեքենան ցեխի կամ ձյան մեջ տեղապտյուտ է անում: Հիմա այս մեքենայի դուրս գալու ձևն աշխատանքն է: Շարժիչը միլիոնի տակ աշխատում է, բայց առաջ չի գնում ու շարժիչը խփելու է: Սրա մասին է խոսքը, որովհետև եթե աշխատանքը զարգացում չունի, այստեղ պրոբլեմ կա»,- ասել է նա՝ կառավարության նիստի ժամանակ։
Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնում են համատեղ զորավարժություն: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, իրանական ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ: Իրանագետներն այս զորավարժությունների համատեքստում նշում են՝ Հայաստանի հետ զորավարժություններով Թեհրանը ցույց է տալիս՝ անկայունության դեպքում կարձագանքի։
Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ․ այս հարցին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը չցանկացավ պատասխանել։ Նշեց՝ մանդատները վերցնելուց հետո պաշտոնական հայտարարություն կանեն և իրենց դիրքորոշումը կհայտնեն։ Մինչև ապրիլի 14-ը դեռ ժամանակ կա, և Առուշանյանը չի բացառում, որ կարող են ինքնաբացարկներ լինել։ «Մենք մեզ պարտված չենք համարում»,- ասաց Շիրակի մարզպետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ ընդգծելով, որ ՔՊ-ն Գյումրիում 17 հազար ընտրողի ձայն է ստացել և ամենաշատ մանդատներն իրենցն են։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե Գյումրու ընտրություններից հետո Փաշինյանից հրաժարականի պահանջով sms չի՞ ստացել արդյոք, Առուշանյանը նշեց, թե ոչ, հրաժարական չի ներկայացնելու։ «Ես հրաժարական չեմ ներկայացնելու։ Լավ արդյունքներ գրանցելու պարագայում որևիցե մեկն աշխատանքից չի ազատվելու։ Ես բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում և շարունակելու եմ քայլել, բոլոր գյումրեցիների աչքերի մեջ նայել, այդ թվում՝ բոլոր ընդդիմադիր թեկնածուների և նրանց ավագանու անդամների»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: