2-ամյա Տիգրանին որոնում են, բանակից ազատվելու նոր գները, Փաշինյանը հարցաքննվե՞լ է․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 5 ժամ առաջ - 22:01 12-05-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 12-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և Ոստիկանությունից: Անդրադառնալով երեխայի պապիկի հեռախոսահամարին ստացված զանգին, երբ երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել՝ ՆԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ ճշտվել է ահազանգողի ինքնությունը. երեխայի կորելու դեպքի հետ զանգը որևէ առնչություն չունի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։ Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատել են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները, սակայն առ այս պահը չի հաջողվել գտնել երեխային։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ժամկետային զինծառայության ձևաչափի ընտրության հնարավորություն 18 տարին լրացած քաղաքացիների համար։ Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ պատգամավորն առաջարկեց կրճատված ժամկետով ծառայության հնարավորությունը տրամադրել նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։ Ներկայում նման տարբերակով կարող են օգտվել միայն 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։ Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը․ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։

«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակներում քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Փաստաբանը ենթադրում է, որ հարցաքննությունը կապ ունի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հայտարարության հետ, ըստ որի, ահաբեկչությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել կատարվածի մասին. «Ենթադրում եմ՝ այո. հայտարարությունից օրեր անց կանչեցին հարցաքննության»,- նշեց փաստաբանը։ «Սեֆիլյանը թաքցնելու բան չուներ։ Նա դեռ սկզբնական փուլում է հարցաքննվել։ Միայն ասեմ, որ Սամվել Բաբայանի հայտարարությունները տարօրինակ են և անակնկալ Ժիրայր Սեֆիլյանի համար։ Նախ, իրական չեն, հետո էլ՝ ինչու է 25-26 տարի անց նման բաներ հայտարարել»,- նշեց փաստաբանը։ Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 27-ից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին: Այս մասին կան նաև բազմաթիվ ցուցմունքներ։

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հոդված է դրված «նոյեմբերի 9»-ի մայր գործով, ի՞նչ որակավորում է տրվել քննչական մարմնի կամ գլխավոր դատախազության կողմից։ «Նոյեմբերի իննին ի՞նչ գործողություն է եղել՝ սպանության փո՞րձ միայն Արարատ Միրզոյանի նկատմամբ, խուլիգանությո՞ւն, թե այնուամենայնիվ ուրիշ՝ իշխանության զավթման գործողություններ են տեղի ունեցել»,- հարցը մանրամասնեց պատգամավորը: «Կա Արարատ Միրզոյանի վերաբերյալ սպանության փորձի վարույթ, նաև Ձեր մատնանշած հոդվածներով է նախաձեռնված վարույթ: Այսինքն, ոչ միայն սպանություն, սպանության փորձ և այլն և այլն, այլ նաև հենց Ձեր մատնանշած հոդվածներով է նախատեսված՝ սահմանադրական կարգի և հիմունքների դեմ ուղղված հանցագործությունների ոլորտով»,- ասաց ՔԿ նախագահը: Նրա խոսքով՝ քրեական վարույթներով քննչական կոմիտեն ակտիվ գործողություններ է իրականացնում։ «Նոյեմբերի 9-ի, 10-ի տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված այս շաբաթ էլ և ամեն շաբաթ արդյունքը տեսանելի կլինի հանրությանը: Մենք դրա հետ կապված պարբերաբար հաղորդագրություններ կտարածենք, որպեսզի մինչև դատարան ուղարկելը հասկանան, թե քննչական կոմիտեն ինչ ծավալի աշխատանք է կատարում: Հավաստիացնում եմ Ձեզ՝ այդ աշխատանքը ամենօրյա է»,- շեշտեց Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված