Արցախի հասարակական-քաղաքական իրականության մեջ վառ անհատականությունների քիչ չեմ հանդիպել։ Մարդիկ, ովքեր աչքի էին ընկնում օժտվածությամբ, բնատուր անուրանալի խելքով ու բարոյական անհրաժեշտ հատկանիշներով (իհարկե, քիչ չէին նաև այնպիսիք, որոնք, եթե չասենք ի վիճակի չէին ոչ մի լավ բանի, ապա, առնվազն, դրական դերակատարություն չունեցան․ մեղմ ասած․ բայց դա բացատրվում էր օրվա օրակարգով, որդեգրված «քաղաքականությամբ» ու, որ ամենակարևորն է՝ առաջադրված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ)։
Բայց նրանցից քչերն էին, որ առաջնորդվում էին արդյունավետ ղեկավարին անհրաժեշտ չափանիշներով ու սկզբունքներով, ինչը կարող են տալ խոր գիտելիքներն ու ինֆորմացվածությունը, ու դա հասկանալի էր՝ Արցախն ավելիին հասնելու հնարավորություն չի ունեցել, և այն արեալը, որ նախատեսված էր նրան պետականություն ունենալու հիմունքներով, իրականում մի քիչ ավելի լայն էր ու ընդարձակ, որպեսզի կարելի լիներ այն լրացնել ամբողջովին։ Ու այն մի քանի տասնյակ՝ իսկապես պատրաստականության բարձր մակարդակ ունեցող անհատներն ամեն ինչի հասել են հիմնականում ինքնակրթությամբ։ Եվ անհատներ կային, ովքեր, հաստատապես, կզարդարեին ցանկացած հասարակություն։ Նրանցից մեկը Մաքսիմ Միրզոյանն էր՝ արցախյան հասարակական-քաղաքական ու պաշտոնեական իրականության հազվագյուտ ինտելեկտուալներից մեկը, ում արժեհամակարգում, կվկայեն բոլոր նրան ճանաչողները, ամենայն հայկական ավանդականն էր, հայոց պատմությունը, մարդկային հարաբերություններում բարեխիղճ և ուշադիր լինելը, Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը, Լեխ Վալենսան, Վացլավ Հավելն ու Անդրեյ Սախարովը:

Խորապես դաստիարակված ու բարեկիրթ էր, արցախյան պաշտոնյաների մեջ այն հազվագյուտներից, ովքեր առաջնորդվում էին կոլեգիալության սկզբունքով։ Ինքը միշտ էլ պատրաստ էր լսել իր ենթակային։ Որոշում կայացնելիս էլ առաջնորդվում էր իր զինանոցի արժեքների թելադրածով։ Իսկ այդպիսի ղեկավարը միայն բարիք կարող է լինել։ Դեմ չեմ, միգուցե արցախցի հայտնի մարդկանց հիշելուց ու բնութագրելուց ես հաճախ եմ դիմում մակդիրների օգնությանը, բայց և, մյուս կողմից, իմ խնդիրն իսկապես արժանավոր մարդկանց հարգանքի տուրք մատուցելն է, ինչպիսին, իհարկե, Մաքսիմ Միրզոյանն էր։
Ծնվել է 1947 թվականի հուլիսի 19-ին՝ Ստեփանակերտում։
1971-ին ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը և աշխատանքի անցել «Սևանշին» տրեստում, որպես ավտոհավաքակայանի գլխավոր դիսպետչեր, գլխավոր մեխանիկ, հետո՝ շահագործման բաժնի պետ։
1975-78 թթ․ Ստեփանակերտի ՄՏՄՎ գլխավոր ինժեներն էր։
1977-1991 թթ․ չորս անգամ անընդմեջ ընտրվել է Ստեփանակերտի քաղաքային խորհրդի պատգամավոր։
1979-ից մինչև 1988 թվականը եղել է Ստեփանակերտի Աշխատանքային տեսչական մարմնի 2817 ավտոշարասյան պետը։
1988-91 թվականներին եղել է Ստեփանակերտի քաղաքապետը (Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահը)։
Արցախյան շարժման ամենաակտիվ, ազդեցիկ գործիչներից էր․ 1988 թվականից ընտրվել է «Կռունկ» կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ։ 1989 թվականին ընտրվել է Արցախի Ազգային խորհրդի անդամ։ Բազմիցս մասնակցել է միջազգային կոնֆերանսների՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ, որից վեցը՝ Դորտմունդյան կոնֆերանսներին։ Մի քանի տասնյակ հանդիպում է ունեցել ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի, Քաղբյուրոյի և ԽՍՀՄ կառավարության անդամների հետ։
1991 թվականի դեկտեմբերի 28-ին ընտրվել է Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
1992-ին Արցախի Հանրապետության կառավարության արտաքին կապերի բաժնի վարիչն էր։ 1992-1995 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի խորհրդականը։
2000 թվականի հունիսի 18-ին Ստեփանակերտի թիվ 7 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր։
2000-2003 թվականներին եղել է «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրեն, իսկ 2003-2010 թվականներին՝ «Արցախգազ» ՓԲԸ-ի տնօրեն։
2005 թվականի հունիսի 19-ին Ստեփանակերտի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2011 թվականից «Աթավանք» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն էր։
2011-2012 թվականներին եղել է Ստեփանակերտի «Ավտոսերվիս» ՓԲԸ-ի տնօրեն։
Մաքսիմ Միրզոյանը 90-ականներին Արցախում տոն տվող քաղաքական թիմի անդամ չի եղել, ինչի պատճառով բարձր պաշտոնների չի նշանակվել և, անշուշտ, կարող էր ավելին անել։ Այդ ժամանակներում չափանիշներն այլ էին։ Ամեն դեպքում, նա անցել է իմաստալից կյանքի ճանապարհ, հագեցած ու հարուստ քաղաքական ուղի՝ միշտ էլ մնալով արդյունավետ ղեկավարի, օրինապահ, պարկեշտ, քաղաքավարի մարդու, ազնիվ հայրենասերի շրջանակի մեջ, ինչով և, համոզված եմ, օրինակ է եղել շատերի համար, չնայած և, հասկանալի պատճառներով, այն ժամանակներում կարող էին և միանգամայն այլ չափանիշներ էլ լինել։ Ու կային։ Բայց և հայտնի փաստ է, որ նա մեծապես գնահատված է եղել ժամանակակիցների կողմից, ընկերական մտերմիկ կապեր է ունեցել իր ժամանակի բազմաթիվ երևելիներից շատերի հետ (ինչպիսին էր, օրինակ, Լևոն Հայրապետյանը, ով նրան շատ էր հարգում ու գնահատում)։
Բախտ եմ ունեցել հետը մտերիմ լինել՝ Արթուր Թովմասյանի ու Վալերի Ղազարյանի շնորհիվ։ Մի քանի անգամ իրենից հարցազրույց եմ վերցրել։ Նրա դիրքորոշումը, հայացքներն ու սկզբունքները հաճախ էականորեն տարբերվում էին։ Շատ համակրելի էր, առինքնող, ուղղամիտ և ազնիվ, կիլոմետրերով հեռու ձևականությունից ու կոնյունկտուրայից։
2008-ին՝ Շարժման 20-ամյակի կապակցությամբ, հարցազրույց վերցրի։ Ասաց՝ այո, շատ բան է փոխվել, ձեռքբերումներն անուրանալի են, բայց շատ բան էլ իներցիայի արդյունք են՝ հիմա, կոնկրետ, տեղապտույտի մեջ ենք․ ամրության այն պաշարը, որով մենք սկսել ենք պայքարը, ապագայում նպատակահարմար ու արդյունավետ կերպով չօգտագործվեց։
Խոսք գնաց ժողովրդավարության մասին, ու նա ասաց․
-Ժողովրդավարության մասին խոսելիս պետք է հաշվի առնել որոշ ստանդարտներ։ Յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի է ընկալում ժողովրդավարությունը․ այն պետք է կառուցված լինի ազգային սովորույթների ու ավանդույթների հիմքի վրա, պետք է համապատասխանի այն պատմական ուղուն, որ անցել է տվյալ ժողովուրդը, պետք է համապատասխանի այն կացութաձևին, որը ձևավորվել է այն պետական համակարգում, որտեղ ապրել է այդ ժողովուրդը։ Ժողովրդավարությունը պետք է համապատասխանի տվյալ ժողովրդի հոգեկերտվածքին, որն էլ ձևավորվում է պատմական ավանդույթների ու սովորույթների բազայի վրա։ Իսկ եթե պարզապես ներմուծում ես որևէ մոդել՝ որևէ երկրի փորձը, կամ ոչինչ չի ստացվի (լավագույն դեպքում), կամ շատ բան կփլուզվի։
ԽՍՀՄ փլուզումը, ասաց, իրականում այլ պատճառներ ուներ, ու դրա հեղինակները միանգամայն այլ երկրներում են։ Իսկ նպատակն աշխարհի քարտեզի վերաձևումն է, որը դեռ շարունակություն կունենա։
2008 թվականի փետրվարն էր։
Ու այսօր մենք նրա ասածի ականատեսն ենք։
Վախճանվեց Մաքսիմ Միրզոյանը 2022 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Երևանում:
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Նախորդ ակնարկը՝ այստեղ: