Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:20 29-04-2025

Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ

Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ ժողովրդավարության հակառակորդները մամուլի ազատության դեմ կազմակերպված հարձակում են սկսել։ Մի քանի օր շարունակ Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, ենթադրաբար՝ ՔՊ համակիրներ ու ֆեյքեր, անձնական վիրավորանքներ, թիրախավորված սպառնալիքներ են հասցեագրում Oragir.News-ի լրագրող Անահիթ Ա. Ղազարենցին, փորձում արգելափակել նրա էջը։

Ինչո՞ւ են հարձակվել Oragir.News-ի լրագրողի վրա։

Ապրիլի 25-ին Oragir.News-ի լրագրողը փորձել է մասնակցել Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի շենքում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆիկ Հարությունյանի հիշատակին։ Հիշատակի միջոցառմանը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, քանի որ զոհվածի մայրը՝ Վարդուհի Մանուկյանը նրա օգնականն է։

Միջոցառումը դեռ չէր սկսվել, երբ Աննա Հակոբյանի օգնական Վարդուհի Մանուկյանը, տեսնելով Oragir.News-ի լրագրողին, սկսել է գոռգոռալ և ասել. «Ազատի էս տարածքը, ես թույլ չեմ տա, որ դու ներկա լինես իմ տղայի միջոցառմանը և հարամ անես»: Լրագրողն, ի պատասխան Աննա Հակոբյանի օգնականի ագրեսիվ պահվածքին, ասել է, որ իր աշխատանքն է անում։ Վարդուհի Մանուկյանը սպառնացել է, որ կջարդի գլուխը։

Լրագրողը չի տրվել Աննա Հակոբյանի օգնականի հակահասարակական սադրանքին ու սպառնալիքներին, համարժեք չի հակադարձել, այլ սոցցանցի իր էջում գրել է. «Ցավով պետք է արձանագրել, որ չլիներ պատերազմը որոշ ծնողներ նույնիսկ բարձրագույն կրթություն չէին ունենա։ Աչք եմ փակում զուտ նրա համար, որ հերոսածին մայր ես տիկին, թե չէ վաղուց էի ... լավ հեչ։ Աստված լինի դատավորը»: Ակնարկը վերաբերում է Վարդուհի Մանուկյանին, որը 2024-ին Աննա Հակոբյանի օժանդակությամբ ստացել է բարձրագույն կրթության դիպլոմ։

Անահիթ Ղազարենցը դուրս է եկել շենքից և միջոցառման ողջ ընթացքում մնացել դրսում՝ անձրևի տակ։

Այնուհետև ժամեր անց լրագրողը, ընդառաջ գնալով սրտացավ մարդկանց հարցերին, ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ սպառիչ պարզաբանել է, թե ինչ է կատարվել իր և Աննա Հակոբյանի օգնականի միջև։ Դրանից հետո լրագրողի դեմ կազմակերպված և ուղղորդված գրոհ է սկսվել ֆեյսբուքյան հարթակում, հայհոյանք, վիրավորական ու սպառնալի գրառումներ են արվել նրա հասցեին։ Մի խումբ անձինք մի քանի օր է՝ լծվել են նրա ֆեյսբուքյան էջն արգելափակելու գործին։

Oragir.News-ն Անահիթ Ա. Ղազարենցին այսօրինակ թիրախավորելը դիտում է որպես կազմակերպված արշավ մամուլի ազատության դեմ, զանգվածային խուլիգանություն, հանրությունը ատելությամբ պառակտելու վտանգավոր միտում, անձի արժանապատվությունն ու լրագրողի մասնագիտական բարի համբավը վարկաբեկելու եղկելի փորձ, լրագրողի հանդեպ ատելություն գեներացնելու հակաժողովրդավարական քայլ։

Oragir.News-ը դիմում է մամուլի ազատության ջատագովներին, տեղական և միջազգային լրագրողական կազմակեպություններին, իրավապաշտպան հանրությանը, խնդրելով՝ դատապարտել լրագրողին թիրախավորելու, սպառնալու, վիրավորելու հակահասարակական, հակաժողովրդավարական փաստը։

Oragir.News-ը վերահաստատում է, որ հավատարիմ է մնալու կոչմանը, հրապարակելու է հանրային կարծիքները, անխնա քննադատելու է իշխանություններին, անդրադառնալու է ազգային խնդիրներին, հանրային հետաքրքրության թեմաներին, օբյեկտիվ լուսաբանելու է հանրային նշանակության միջոցառումները։ Իսկ Աննա Հակոբյանին, նրա օգնականներին ու նրանց կրթության ծարավ հետևոդներին կոչ ենք անում հանրային ատելություն չհրահրել մամուլի ազատության, լրագրողների դեմ, և ի վերջո՝ հաշտվել, որ անկախ, ժողովրդավարական Հայաստանում կան ու լինելու են ազատ մամուլ և անաչառ լրագրողներ։


Գևորգ Էմին–Տերյան
Oragir.News–ի գլխավոր խմբագիր

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան