Աննա Հակոբյանի «կանցերտ»-ը, Փաշինյանը հիացած է, անվստահության գործընթացը մեկնարկում է. Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 3 ժամ առաջ - 21:05 28-04-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 28-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, Եռաբլուրում սպառնացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներ Էրիկ Գևորգյանի և Վահագն Խաչատրյանի ծնողներին։ Այս մասին տեղեկացնում է Արամ Գևորգյանը։ «Էս գիշեր մադամ Էրատոն ա կանցերտ տվել Եռաբլուրում։ Գիշերը 12-ից հետո ախռանայով գնացել ա Եռաբլուր՝ իր օգնականի որդու ծնունդին։ Սրան տեսնում են Գևորգյան Էրիկի ու Խաչատրյան Վահագնի ծնողները, ովքեր այդ ուշ ժամին Եռաբլուրում են լինում։ Տեսնում են ու աշխարհի տակի եղածն ասում սրա երեսին։ Հատկապես Վահագնի մայրը, ում որդու շիրմի հենց դրա օգնականի որդու շիրիմի հաջորդ շարքում է, կես ժամ անդադար աշխարհի տակի եղածն ասում ա սրան»,- գրել է նա։ Ըստ Գևորգյանի՝ երբ զոհվածների ծնողներն Աննա Հակոբյանին ասել են, որ նա անգերեզման է մնալու, վերջինս հարձակվել է նրանց վրա, մատ թափ տվել և ասել՝ ինքն ու կինը «դեռ կտեսնեն իրանց հալը»։

«Արթուն ենք» շարժման անունից այսօր 107 պատգամավորի անունով նամակներ հանձնվեցին Ազգային ժողովին՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով։ Շարժումը նախաձեռնողները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է ներքին ու արտաքին քաղաքականությունը, գործել է կառավարության ծրագրին տրամագծորեն հակառակ, և դա բավարար հիմք է, որպեսզի պատգամավորները նրան անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ներկայացնեն:Իշխանականներն այս պահին չեն արձագանքել, սակայն ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը բացառել էր, որ ՔՊ-ից որևէ մեկը միանա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին: Շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ԱԺ-ի դիմաց լրագրողներին հայտնեց, որ իրենց ակնկալիքները ոչ թե կոնկրետ խմբակցություններից են, այլ կոնկրետ պատգամավորներից։ Նրա խոսքով՝ անվստահության գործընթաց սկսող պատգամավորը կորոշի, թե որպես վարչապետ ում թեկնածությունն առաջադրի։

Ադրբեջանը պաշտպանության նախարարությունն այսօր հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ այս անգամ Ճամբարակից հրաձգային զենքով «հրադադարը խախտելու մեջ»: Ընդ որում՝ Բաքուն հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկել այս ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է հրադադարը խախտելու Բաքվի մեղադրանքը՝ չանդրադառնալով պատասխան կրակ բացելու ու հայկական դիրքերը թիրախավորելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմանը:

Ադրբեջանական դիրքերից մոտ մեկ կմ հեռավարության վրա գտնվող Ճամբարակի բնակիչներից մեկն անանուն մնալու պայմանով «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ այս գիշեր ինքը կրակոց չի լսել: Փոխարենը կրակոցները նույն տեմպով շարունակում են ադրբեջանական դիրքերով շրջապատված Սյունիքի մարզի Խնածախ ու Խոզնավար գյուղերում: Խոզնավարի վարչական ղեկավարը հայտնել է, որ Խոզնավարում անցած օրերին էլ պատկերը գրեթե չի փոխվել։ Նկատենք, որ ադրբեջանական կրակոցներն արդեն մեկ ամսից ավելի է՝ շարունակվում են, դրանք սկսվեցին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից մի քանի օր հետո:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն իր ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ հայտնելով, որ երեկ Սուրեն Պապիկյանի՝ մեր բոլորի հարկերով գնված ծառայողական շքեղ ինքնագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ: Հակոբյանը նշել է, որ տեսանյութը ստացել է ֆեյսբուքյան անհայտ հետևորդից՝ ՊՆ-ին հորդորելով հերքել, եթե այն չի համապատասխանում իրականությանը։ Պաշտպանական գերատեսչությունից հերքել են, որ վթարը եղել է Պապիկյանի մասնակցությամբ, սակայն ըստ էության չեն հերքել, որ վթարի է ենթարվել ՊՆ հաշվեկշռում գրանցված մեքենան։ «Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ:Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված