Ներքին 1 տարի առաջ - 19:46 28-04-2025

Ոգեկոչման արարողություն Բուխարեստում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Ապրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։

Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն մասնակցել են նաև Ռումին Ուղղափառ Եկեղեցու և կրոնական այլ ներկայացուցիչներ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք բարեկամ երկրների դեսպաններ և դիվանագետներ։

Ներկաներին ուղղված իր ուղերձում դեսպան Գալստյանը կարևորել է հավաքական գիտակցության մեջ հայերի՝ որպես ցեղասպանության դեմ հաղթանակած և ինքնիշխանություն վերգտած ժողովուրդ լինելու փաստի ամրագրումը՝ շեշտելով, որ Սուրբ Նահատակների հիշատակը հարգելու լավագույն ուղին Հայոց անկախ պետականության զորեղացումն է, և դրա սահմաններից դուրս՝ վերապրածների սերունդների հայապահպանությունը։

Ելույթներով հանդես են եկել Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոսը և Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը։

Արարողության ավարտին Մայր տաճարի տարածքից բաց են թողնվել սպիտակ աղավնիներ՝ ի նշան խաղաղության, որպեսզի այլևս երբեք մարդկությունն ականատես չլինի ցեղասպանության արհավիրքին։

Ապրիլի 24-ին և դրան հաջորդող օրերին Բուխարեստում և Ռումինիայի մի շարք այլ հայաշատ քաղաքներում անցկացվել են տասնյակից ավելի հիշատակի միջոցառումներ։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո