Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:20 17-04-2025

ՔՊ-ի քարոզարշավի մեխն արցախցիների հանդեպ ատելությո՞ւնն է 

Հոգեբանները և բարոյախոսերը խորհուրդ են տալիս ազատվել ատելությունից, սիրով հաղթահարել խնդիրներն ու մարտահրավերները։ Ատելությունը առանձնակի վտանգավոր է հանրային հարաբերություններում։ Հասարակությունը դասակարգերի, տեսակների, գույների բաժանելն ու իրար հանդեպ ատելություն ու թշնամանք հրահրելը քայքայիչ ազդեցություն է թողնում։ Որքան էլ ցավալի է, Հայաստանում ատելությունը պայքարի գործիք է դարձրել իշխող կուսակցությունը։

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօր գրել է, որ «ՔՊ-ն հույսը դրել է ատելության վրա: Ատելության օբյեկտը փոխվում է, մարտավարությունը՝ ոչ: Սկզբից առաջարկվում էր անվերջ ատել «նախկիններին», այնուհետև՝ ռուսներին: Բայց դա, ի վերջո, հոգնեցրեց: Հիմա՝ 2023 թվականի սեպտեմբերից գտան նոր թիրախ՝ արցախցիները, որոնք հենց իրենց՝ ՔՊ-ականների պատճառով զրկվեցին հայրենիքից, տներից, ունեցվածքից»։

Այս տեսակետը հիմնավոր է։ ՀՀ-ում ներժողովրդական ատելության ծիլեր կային դեռ 1990-ականներին, սակայն բորբոքվեց ու խորացավ Թավշյա հեղափոխությունից հետո։ Երբ ընդդիմախոսները մեղադրում են Նիկոլ Փաշինյանին պարտությունների և Արցախը հանձնելու մեջ, վերջինս հակադարձում է, թե Արցախը հանձնելու և հայափաթման համար մեղավոր են նախկիններն ու Արցախի վերջին իշխանությունները։ Նույնը կրկնում են ՔՊ համակիրները, ընդհանրացումեր անելով և ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ ընդհանրապես։ Գուցե ՔՊ-ական գործիչները կփորձեն տարանջատել նախկիններին, Արցախի հարցում զիջումների չհամաձայնվող քաղաքական պատասխանատուներին, Արցախի ղեկավարներին, Արցախի կապիտուլյացիան ստորագրողին ու մնացած արցախցիներին։ Կփորձեն ընդգծել, որ իրենց ատելությունն ուղղված չէ արցախցիներին։ Սակայն ՔՊ համակիրները չեն տարանջատում ու ատելությամբ են լցվում արցախցիների նկատմամբ ընդհանրապես։ Ու քանի որ ՔՊ համակիրների վարքի քաղաքական պատասխանատուն ՔՊ-ն է, ապա կարելի է ասել, որ ՔՊ-ն է արցախցիների հանդեպ ատելություն գեներացնում։

Այս վտանգավոր մթնոլորտը փոխելու և ներազգային թշնամանքը վերացնելու համար ՔՊ-ն պետք է հրաժարվի արցախցիների նկատմամբ ընդհանրական ատելություն գեներացնելուց, քանի որ ատելությունը համարժեք ատելություն է առաջացնում, ներքին թշնամանք հրահրում, ինչը քայքայիչ, երբեմն աղետալի հետևանք է ունենում։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, նախկիններն ու քաղաքական համայնքի միավորները, ներառյալ՝ արցախցի հանրային գործիչները, պետք է միասնաբար հրաժարվեն ատելությունից, ժողովուրդը մասերի, տեսակների, հատվածների բաժանելուց ու միմյանց դեմ լարելուց, հատկապես՝ արցախցիներին թիրախավորելուց, որոնք հայրենիք են կորցրել, տուն ու տեղ, հարստություն։ Քաղաքական այրերը պետք է բացեն աչքերն ու տեսնեն, որ ազգային առաջընթացի հասել են այն ազգերը, որոնք հաղթահարել են ներքին թշնամանքն ու միավորել ժողովրդին արժեքների, ազգային իդեալի շուրջ։

Տեսականորեն՝ նույնպիսի առաջընթացի կարող է հասնել նաև Հայաստանը, եթե հրաժարվի հանրությունը մասերի, տեսակների, գույների բաժանելուց, դրանց միմյանց դեմ թշնամացնելուց։ Սակայն ՔՊ-ի օրոք այսպիսի առաջընթացը, ցավոք, անիրատեսական է, գրեթե բացառվում է, որ ՔՊ-ական իշխանությունը քաղաքական հասունություն կդրսևորի, կհրաժարվեն ատելությունից ու այլ հիմքերի վրա կկառուցի իր քարոզչությունը։ Հետևապես՝ ենթադրելի է, որ առաջիկայում ևս ՔՊ-ականներին միավորելու են ոչ թե արժեքները, գաղափարները, նորաձև կրթվելը, այլ ատելությունը։ Մասնավորապես՝ արցախցիների հանդեպ ատելությունը կխորանա ու կդառնա ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի հիմնական մեխը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի