Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 20:11 04-04-2025

Freedom House-ի ապտակ-զեկույցը. լճացում՝ ոչ կոմպետենտ իշխանության պատճառով

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2025» զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տիրող իրավիճակին։

Զեկույցում ընդգծվում է, որ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը ավելացել են։ Մասնավորապես՝ 2018-2023 թվականներին արձանագրվել է 436 նման մահ, ինչը 29 տոկոսով բարձր է նախորդ վեց տարվա համեմատությամբ։ Ըստ զեկույցի, միայն 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է առնվազն 27 ոչ մարտական մահվան դեպք։

Oragir.News-ի հետ զրույցում Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը գնահատեց իրավիճակը՝ նշելով, որ նման զարգացումները, որոշ առումով, բնական են։

«Հեղափոխությունից հետո սպասելիքները չափազանց բարձր էին, և 2018-ին ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն տեղի ունեցած անցումը ակնհայտ էր։ Սակայն ժամանակի ընթացքում այդ միտումները որոշ չափով թուլացան՝ առաջացնելով քաղաքական լճացում։ Սա նորմալ գործընթաց է կտրուկ փոփոխություններից հետո։ Եթե իշխանությունները որոշ հարցերում ավելի վճռական և մյուսներում՝ զուսպ լինեին, մենք գուցե կարողանայինք խուսափել այդ լճացումից։ Ցավոք, իշխանությունների ոչ կոմպետենտ քայլերը չթողեցին հաղթահարել այդ փուլը»,- նշեց նա։

Հարցին, թե արդյոք այս զեկույցը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի՝ եվրաինտեգրման ճանապարհին, քաղաքագետը պատասխանեց. «Իհարկե, որոշ խնդիրներ կարող են առաջանալ, սակայն Հայաստանը նույնիսկ լճացած վիճակում շարունակում է մնալ Եվրոինտեգրման ուղիով գնացող առաջատար պետություններից մեկը։ Փաստորեն, այդ փոքր լճացումն անգամ մեզ թույլ է տալիս պահպանել առաջատարի դիրքը տարածաշրջանում»։

Այսպիսով՝ քաղաքագետը լավատեսորեն գնահատեց ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը բնական է, սակայն իշխանությունները հնարավորություն ունեցել են լճացումից խուսափելու: