Երևանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի՝ Կասկադ համալիրի հարևանությամբ գտնվող տարածքը վերջին շաբաթներին վերածվել է էկոլոգիական պայքարի կենտրոնի։ Կասկադից մի քանի մետր այն կողմ գտնվող մի տարածք կա, որը տասնամյակներով բնակիչների կողմից օգտագործվել է որպես աղբավայր, այժմ այն մաքրվում է «Green Green» էկոկենտրոնի նախաձեռնությամբ։
«Green Green»-ի հիմնադիր Դանա Վերգիլյուշի խոսքով՝ կամավորները այս տարածքից հսկայական քանակությամբ խոշորածավալ աղբ են հանել, որը մարդիկ տարիներ շարունակ ուղղակիորեն թափել են Կասկադի հարևանությամբ գտնվող տարածքում։
«Երբ սկսեցինք մաքրման աշխատանքները, դիմեցինք Երևանի Քաղաքապետարանին և Կենտրոն վարչական շրջանին աղբամաններ տեղադրելու համար։ Մեր սկսած նախաձեռնությունը փոխեց նաև տեղի բնակիչների վերաբերմունքը․ նրանք սկսեցին միանալ մեր ակցիաներին», — պատմում է Վերգիլյուշը։
Կազմակերպիչները նշում են, որ վերջին ակցիայի ընթացքում հավաքվել է ավելի քան 300 պարկ աղբ և եթե ավելի շատ մարդ միանար իրենց, արդյունքը կրկնակի կլիներ։
Գրին Գրին բնապահպանական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականին, երբ կազմակերպության հիմնադիր Դանա Վերգիլյուշն ու հազարավոր այլ ներգաղթյալներ նոր էին տեղափոխվել Հայաստան։ «Green Green»-ի առաքելությունը՝ Հայաստանում պատասխանատու վերաբերմունք ձևավորելն է շրջակա միջավայրի հանդեպ։ Կազմակերպությունը պարբերաբար անցկացնում է հանրային միջոցառումներ, բարձրացնում է իրազեկվածությունը, ինչպես նաև միավորում համայնքները՝ սեփական նախաձեռնությամբ բնապահպանական խնդիրները լուծելու նպատակով։
Մանրամասները՝
տեսանյութում