Քաջարանի համայնքապետը չի ուզում մուծվել Թրամփին. մի ՍՊԸ-ի պատմություն
copy image url

Քաջարանի համայնքապետը չի ուզում մուծվել Թրամփին. մի ՍՊԸ-ի պատմություն

Ներքին 2 շաբաթ առաջ - 20:26 03-04-2025
Հայաստանում զավեշտալի, բայց միևնույն ժամանակ կասկածելի երևույթների պակաս երբեք չի եղել։ Սակայն երբ դրանցում ներգրավված են միջազգային ապրանքանիշներ, հարցերը դառնում են ավելի լուրջ։

Քաջարանի համայնքապետին պատկանող ՍՊԸ-ն, որը հայերենով գրված է «Տրամպ», բայց անգլերեն գրվում է որպես «Tramph», առաջացնում է մի շարք հարցեր։ Ի՞նչ է սա՝ պատահական սխա՞լ, թե՞ դիտավորություն՝ խուսափելու Դոնալդ Թրամփին դոլարներ վճարելուց:

Բացատրենք, թե ինչ դոլարների մասին է խոսքը. գոյություն ունի Trump Organization կոչվող կազմակերպություն, որին պետք է վճարել Թրամփ անունը օգտագործելու համար: Առաջին հայացքից կարելի էր մտածել, որ համայնքապետը պարզապես չի իմացել, թե ինչպես է ճիշտ գրվում «Trump» անունը։ Սակայն 2024 թվականին դժվար է հավատալ, որ որևէ գործարար կամ պետական պաշտոնյա ՍՊԸ գրանցելիս չի ստուգում դրա անունը։

Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է աշխարհում ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկի ազգանվանը։ Հետևաբար, ավելի տրամաբանական է ենթադրել, որ «Tramph» անունը դիտավորյալ է ընտրվել, որպեսզի խուսափեն հնարավոր դատական խնդիրներից ու ֆինանասկան ծախսերից։ Եթե այն գրանցվեր որպես «Trump», ԱՄՆ նախագահին պատկանող վերոնշյալ Trump Organization-ը կարող էր իրավական պահանջ ներկայացնել ապրանքանիշի ապօրինի օգտագործման համար։

Այս հարցը պարզելու համար Oragir.News-ը պաշտոնապես դիմել է Trump Organization-ի թիմին՝ հարցնելով՝ արդյո՞ք Քաջարանի համայնքապետի ՍՊԸ-ն որևէ լիցենզային կամ ֆինանսական պայմանավորվածություն ունի նրանց հետ։

Առայժմ նրանք չեն պատասխանել մեր հարցմանը: Եթե Trump Organization-ը հայտարարի, որ որևէ պայմանագիր կամ համաձայնություն չկա, ապա Քաջարանի համայնքապետի համար կառաջանան նոր խնդիրներ: Իսկ եթե Trump Organization-ը պարզապես դեռ տեղյակ չէ այս փաստից, ապա, ամենայն հավանականությամբ, այս պատմությունը շուտով կարող է դուրս գալ Հայաստանի սահմաններից։

Oragir.News-ը շարունակում է հետևել այս թեմայի զարգացումներին և կտեղեկացնի մնացյալը ամենայն մանրամասնությամբ։

Oragir.News-ը պատրաստ է հրապարակել նաև թեմային առնչվող ցանկացած արձագանք:

Հիշեցնենք, որ Oragir.News-ը նախկինում ևս անդրադարձել է այս թեմային, և այն ժամանակ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը պնդում էր, որ տվյալ ՍՊԸ-ն իրեն չի պատկանում, այլ իր կնոջ անունով է գրանցված։

Սակայն հետագա ուսումնասիրությունների արդյունքում Oragir.News-ը պարզեց, որ ընկերության սկզբնական սեփականատերը հենց ինքը՝ Մանվել Փարամազյանն է եղել, իսկ ավելի ուշ այն վաճառել է իր կնոջը՝ Լիլիթ Մաքսիմի Դավթյանին։