Ոչ մի օր՝ առանց Արցախի․ Արցախի հազարամյա գյուղերը․ Դահրավ (4-րդ մաս)
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի․ Արցախի հազարամյա գյուղերը․ Դահրավ (4-րդ մաս)

Ներքին 3 շաբաթ առաջ - 22:30 27-03-2025
Սերգեյ Խաչատրյանի ոդիսականը
Երևանի թանգարաններից մեկում դրված են ֆրանսիական կառավարության կողմից դահրավեցի Սերգեյ Խաչատրյանին տրված շքանշանները՝ ի երախտագիտություն Դիմադրության շարժմանը նրա մասնակցության:
Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1915 թվականի մայիսի 5-ին՝ Դահրավում: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, հետո ավարտել է Շուշիի մանկավարժական ուսումնարանը, ինչից հետո դասավանդել է Խնձրիստանի և Բալուջայի դպրոցներում:

1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, որպես տանկիստ ծառայել Սմոլենսկի մերձակայքում: Պատերազմի հենց սկզբից մասնակցել է մի շարք ծանր մարտերի և, շատ շուտով, նրա տանկը խփվում է, ինքն էլ՝ վիրավորվում:

Ապաքինվելուց հետո Ս. Խաչատրյանին ուղարկում են ծառայելու Առաջին Բելոռուսական ռազմաճակատի կազմում գտնվող մոտոհրաձգային գումարտակ: 1942-ին իր ընկերների հետ նա շրջապատման մեջ է ընկնում: Ինչպես և շատ դեպքերում էր լինում այն օրերին, արդեն առանց փամփուշտի, վիրավոր, իր մի քանի ընկերների հետ նա գերի է ընկնում: Ուղարկում են Մինսկին մերձակա Դրոզդի գյուղի մոտ գտնվող համակենտրոնացման ճամբար: Այստեղ նա փախչելու ապարդյուն փորձ է անում, ինչից հետո նրան տեղափոխում են Լեհաստանում տեղակայված մեկ ուրիշ համակենտրոնացման ճամբար (որքան մեզ հաջողվեց պարզել՝ Աուշվից): Նորից փախչելու փորձ է անում՝ դարձյալ՝ ապարդյուն: Հետո էլ տեղափոխում են օկուպացված Ֆրանսիայի տարածք: Այստեղի համակենտրոնացման ճամբարից Բարդուղ Պետրոսյանի (հայտնի արձակագիր, լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հայրը), Ալեքսանդր Ղազարյանի և մի քանի այլ հայերի հետ, վերջապես, կարողանում են փախչել, ընդ որում, լողալ չիմացող Սերգեյին հենց Բարդուղը, որ հետո լինելու է նրանց պարտիզանական ջոկատի շտաբի պետը, լողալով հասցնում է գետի մյուս ափը: Իր հայ մարտընկերների՝ Բարդուղի և այլոց հետ հաջողացնում են փախչել՝ կիրառելով սովորական, բայց էլի մեծ ռիսկ պարունակող հնարամտություն. գերմանացիները, ի թիվս այլ ազգերի, մտադիր էին հայերից ևս ազգային լեգեոն կազմել, որը պիտի կռվեր սովետական զորքերի դեմ. նրանց արդեն համապատասխան հագուստ էին հագցրել, համապատասխան հրահանգավորում և արագացված դասընթացներ են անցկացվում, որոնց ժամանակ, աստիճանաբար, «լեգեոնականներն» ազատ տեղաշարժվելու հնարավորություն են ստանում և հայտնվում յուրայինների ճամբարում:

Սկզբից ֆաշիստների դեմ մարտնչում են Ֆրանսիայի հարավում «Հայկական ազգային ճակատի» կողմից ստեղծված դիմադրության հայկական ջոկատում, հետո մտնում են Ֆրանսիայի առաջին խորհրդային գունդ (1-й советский партизанский полк во Франции), որը ստեղծվում է հայկական ջոկատի բազայի վրա, և որի կազմում էլ հենց մասնակցում են Դիմադրության շարժմանը՝ Ֆրանսիայի ապագա նախագահ գեներալ դը Գոլի ընդհանուր հրամանատարությամբ (գնդի հրամանատարն էր մայոր Ալեքսանդր Ղազարյանը, շտաբի պետը՝ Բարդուղ Պետրոսյանը): Մարտական գործողությունների է մասնակցում Լիոնի և Նիմի ուղղություններով: Մարտական փառավոր ուղի անցած գունդը 1944-ի փետրվարին մոտենում է Փարիզի Սյուրեն թաղամասում գտնվող Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցին՝ ազատելու համար հետագայում Ֆրանսիայի ազգային հերոս հռչակված Միսաք Մանուշյանին, ավաղ... Մանուշյանն իր ընկերների հետ արդեն մահապատժի էր ենթարկվել․․․

Պատերազմի ավարտից անմիջապես հետո Ս. Խաչատրյանը մի քանի այլ հայորդիների հետ պարգևատրվում է ֆրանսիական շքանշանով: Այլոց հետ միասին, նրան ևս առաջարկում են մնալ Ֆրանսիայում՝ խոստանալով և՛ աշխատանք, և՛ բնակարան: Ոմանք մնում են, բայց նա հաստատակամ էր իր որոշման մեջ՝ ինքը չի կարող ապրել առանց հայրենի Դահրավի, առանց ծնողների ու հարազատների:

Մոսկվայում իրենց համեմատաբար լավ են դիմավորում: Կարմիր հրապարակում տեղի ունենալիք Հաղթանակի շքերթին մասնակցելու համար նրանց նոր՝ կարմիրբանակայինի հագուստներ են տալիս և տեղավորում հատուկ զորանոցում: Այնուհետև սկսվում են հոգնատանջ հարցաքննությունները, որ վարում էին «կոմպետենտ մարմինների» ներկայացուցիչները: Նրան նույնիսկ հանդիմանում են, թե, ոչ ավել, ոչ պակաս՝ ինչու՞ ես այդ շքանշանը ստացել, ինչու՞ Խորհրդային միության հերոսի ոսկե աստղ չես ստացել…

Սերգեյի հետ էր նաև իրենց համագյուղացի տղաներից մեկը, ով նրան առաջարկում է փախչել:

-Ի՞նչ ես խոսում, այսքան դժվարություններից հետո մենք, վերջապես, մեր հայրենիքում ենք, ինչի՞ց պետք է վախենանք և զգուշանանք,-վստահաբար ընկերոջը հանդիմանում է նա:

-Չէ, Սերգեյ, վատ հոտ է գալիս այս ամենից,-պատասխանում է համագյուղացի ընկերը (Սերգեյի ընկերը փախչում է, գալիս հասնում Դահրավ․ այստեղ «զգոն ընկերները» հայտնում են՝ ուր հարկն է, և նա իր ընտանիքի հետ աքսորվում է Սիբիր):

Նրանց գնացք են նստեցնում: Երբ գնացքի պատուհանից տեսնում է Ուրալյան լեռները, ամեն ինչ հասկանում է...

Սերգեյին իր հայ ընկերների հետ, որոնց մեջ նաև ղարաբաղցիներ կային, տարբեր պատժաչափերով ուղարկում են սկզբից Սալեխարդ, հետո՝ Կոմի ԻՍՍՀ, հետո՝ Սախալին: Այստեղ մի այլ կարգի ոդիսկան է ապրում. բազմաթիվ ու բազմապիսի զրկանքներից զատ, ականատես է լինում ճամբարների ադմինիստրացիայի կողմից հրահրվող ու հովանավորվող՝ քաղաքականների դեմ քրեականների ոտնձգություններին ու հալածանքներին, պաշտպանում նրանցից գիտնական իր ռուս բախտակիցներին:

1954-ին Սերգեյ Խաչատրյանն ազատ է արձակվում: Նրա որդին՝ Վալերի Խաչատրյանը, պատմում է, որ երբ միասին դիտել են «1953-ի ցուրտ ամառը» ֆիլմը, հայրը հուզվել և ասել է, թե կարծես իրենց ճամբարի մասին լինի:
Վերջապես վերադառնում է Դահրավ: Բալուջայից հարազատ գյուղի ուղղությամբ առաջանալով՝ հասնում է իրենց գյուղի սահմանը համարվող՝ «Մուսեն սահրադ» վայրը (իր հորեղբայր՝ հռչակավոր դաշնակ Մուսայի մասին է խոսքը, ում ահից թուրքերը 20-ականների սկզբին չմտան գյուղ՝ շրջանցելով այն) և էլ չի կարողանում առաջ շարժվել. ծնկները թուլանում են: Չոքում է, համբուրում հողը և սկսում արտասվել:

Գյուղում մեծ անակնկալ էր նրա հայտնվելը, քանզի ինքը համարվում էր անհետ կորած: Ցնծություն, խինդ, ծիծաղ, լաց... Սերգեյն իրենց տունը հայտնաբերում է կիսավեր: Ծնողներին մի այլ՝ համեմատաբար տանելի տուն է տեղափոխում: Նրան արդեն արգելված էր որպես ուսուցիչ աշխատելը. ժամանակներն էին այդպիսին: Անցնում է հաշվապահական դասընթացներ և աշխատանքի մտնում գիշերօթիկ դպրոցում՝ որպես տնտեսվար․ «Սա իմ գործը չէ, այստեղ բան է ավելանում»,-ասում է և թողնում տնտեսվարի աշխատանքը: Որպես հաշվապահ աշխատանքի է անցնում այլ հիմնարկությունում: Ամուսնանում է: 1957-ին ծնվում է առաջնեկը՝ Վալերին: Հետո ծնվում են նաև երկու դուստրերը:

Ապրում էին Ստեփանակերտի շենքերից մեկի նկուղում՝ ունենալով ընդամենն ալյումինե մի աման և մի գդալ. նրա գալիֆեից էլ փոքրիկ Վալերիի համար մի վարտիք էին կարել…

1960 թվականին Ս. Խաչատրյանը Պետական անվտանգության մարզային կոմիտեից սիրալիր ցուցում է ստանում՝ գնալ Թբիլիսի, որտեղ տեղակայված՝ Անդրկովկասի զինվորական օկրուգի շտաբում նրան դիմավորում է ԽՍՀՄ ՊԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, ով ուզում էր նրանից տեղեկանալ, թե ինչ խնդիրներ ունի և հավաստում է, որ նա այսուհետ կլինի պետության ուշադրության կենտրոնում:

Խրուշչյովյան ձնհալի տարիներն էին…

Շատ շուտով Ս. Խաչատրյանին Ստեփանակերտի կենտրոնում երկու սենյականոց բնակարան են տրամադրում, և նա շարունակում է հաշվապահի իր աշխատանքը քաղաքի էլեկտրոցանցում, հետո՝ շինարարական մի կազմակերպությունում:

1995-ին, երբ արդեն տարիքն առած Խաչատրյանը կնոջ հետ այցելել էր Ճարտար՝ զառամյալ աներոջը տեսության, որտեղից որտեղ, հենց իր հյուրընկալված տան դարպասների առջև է կանգնում «Կարմիր խաչ»-ին պատկանող մի մեքենա, որից դուրս եկած ֆրանսիացիները խնդրում են կանչել իրենց հայրենիքի ազատության համար մարտնչած հայորդուն՝ մերժելով տուն մտնելու թախանձագին հրավերները: Ու հենց այդտեղ՝ փողոցում, Ս. Խաչատրյանի վզին են հագցնում Ֆրանսիայի ևս մեկ պետական պարգև: Այդ օրվանից Սերգեյ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարանում է...

Վախճանվում է Սերգեյ Խաչատրյանը կնոջ մահից մոտ հինգ ամիս հետո՝ 2007-ի մայիսին:

Պատերազմից հետո դահրավցիների վիճակը վատացավ. պատճառը տարատեսակ հարկերն էին. 1948-ին էլ, որպես կոլտնտեսության հողեր, մարդկանցից խլվեցին այն հողակտորները, որոնք պատերազմի ժամանակ նրանք ցանում էին որպես հավելյալ բոստաններ: Վիճակն ավելի էին ծանրացնում պետական փոխառության բաժնետոմսերը (облигация государственного займа): Ավելորդ չէր լինի նշել, որ միայն պատերազմի ընթացքում բնակչության պարտադիր և կամավոր ներդրումները ողջ երկրով մեկ հասնում էին 270 միլիարդ ռուբլու:

Տնտեսությունը վերականգնել էր պետք, և պարտավոր էիր մասնակցել ընդհանուր գործին, անկախ նրանից՝ ունե՞ս հնարավորություն, թէ՝ չէ:

1953-ի փետրվարին Դահրավի և Դաշբուլաղի կոլտնտեսությունները միավորվում են: Կոլտնտեսությունը սկսում է բարգավաճել: Վիճակն ավելի է բարելավվում Մալենկովի կարճաժամկետ իշխանության տարիներին (1953-1955թթ.): Մարդիկ տնտեսական գործունեության համար համեմատական ազատություն են ստանում: Այս ժամանակներում հայ գյուղացին իր տնտեսական գործունեությանը չխոչընդոտող երկրի ղեկավարին նվիրեց հետևյալ ստիխը.
Իրեք վեչխար, էրկու կով,
Ցավդ տանեմ Մալենկով:

Նորից մեղմացվեց հարկային քաղաքականությունը: Հարկերի վճարման պարտավորությունն իր վրա էր վերցրել կոլտնտեսությունը, որի հզորացմանը մեծապես նպաստում էր նաև մեքենատրակտորային կայանների (ՄՏԿ) հիմնադրումը: 1200 հեկտար աշնանացան ցորեն ցանող Դահրավցու համար, ով դեռ երեկ հունձն իրականացնում էր մանգաղով, կոմբայնի հայտնությունն անգնահատելի օգնություն էր:

Մի զավեշտական պատմություն եղավ այդ ժամանակներում, որը տարեց դահրավցիների հիշողության մեջ դեռ թարմ է: Դա ՄՏԿ-ի տնօրեն Ղուկասովի մասին պատմությունն է: Նա այդ պաշտոնին նշանակվել էր պատերազմից անմիջապես հետո: Ինքը քաղաշխատող էր (политработник, замполит) և տեխնիկայից առանձնապես գաղափար չուներ, բայց դե, որպես կոմունիստ, պետք է աշխատանքի տեղավորեին: Եվ ահա, օրերից մի օր տրակտորիստները մոտենում են նրան, թե բա՝ ընկեր Ղուկասով, տրակտորների ուժակուտակիչ մարտկոցի սեղմակները (клемма аккумулятора) փչացել են: Սա թե՝ բա ի՞նչ է պետք անել, որ տրակտորները վերանորոգվեն:

Տրակտորիստներն ասում են, որ երեք բեռնատար մեքենա է պետք, որոնցով էլ սեղմակները կտարվեն Քարագլուխ տեղամաս, որտեղ էլ կանգնած են վթարված տրակտորները, ու վթարը վերականգնելու համար էլ մի ամբողջ օր է անհրաժեշտ: Վերջը, մեքենաները տրամադրվում են, որոնցով աչքաբաց վարորդները մի քանի ուղերթ են անում անտառից գյուղ՝ պահեստավորելով ձմռան համար անհրաժեշտ վառելափայտը:
Մյուս առավոտյան Ղուկասովին զեկուցվում է, որ սեղմակները ժամանակին ու բարեհաջող հասցվել են Քարագլուխ և տեղադրվել տրակտորների վրա: Վարորդները նաև պարգևավճար են ստանում՝ տեխնիկայի վերանորոգման համար։

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Ակնարկի 3-րդ մասը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված