Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 17:00 25-03-2025

Հայաստանը համոզում է Ռուսաստանին․ ինչու են Միրզոյանն ու Լավրովը 4 օրում 2 անգամ զրուցել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացում գրանցված առաջընթացը։ Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցին և բովանդակությանը: Երևանից էլ հայտնում են, որ Միրզոյանն ու Լավրովն անդրադարձել են նաև նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ:

Ուշագրավ է, որ սա վերջին 4 օրում Միրզոյանի և Լավրովի 2-րդ հեռախոսազրույցն էր․

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը նշեց՝ ենթադրելի է, որ Հայաստանը պետք է ձգտի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել, թեկուզ՝ շատ ուշացումով։


Արմեն Բաղդասարյան, քաղաքական վերլուծաբան

«Առավել ևս, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարծես թե մտնում են վճռական փուլ, իսկ առանց տարածաշրջանի առանցքային պետությունների համաձայնության, որոնցից մեկն էլ Ռուսաստանն է, ոչ մի փաստաթուղթ չի կարող կայուն լինել։ Բացի այդ, նույն համատեքստում նաև Իրանի արտգործնախարարը եկավ Հայաստան։ Կարծում եմ՝ պատճառը հենց սա է»,- ասաց նա։

Հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի իշխանություններն այս կերպ փորձում են ընդունել Ռուսաստանի միջնորդությունը և պայմանագիրը ռուսական հարթակում ստորագրել՝ Արմեն Բաղդասարյանը պատասխանեց․ «Ոչ թե փորձում են Ռուսաստանին միջնորդ կարգել, այլ եթե այդ համաձայնությունը ստորագրվի այնպես, ինչպես կա այդ փաստաթղթում՝ դատելով հրապարակային տեղեկություններից, ապա այդտեղ Ռուսաստանն առանձնապես մեծ դեր չունի։ Այս դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն Ռուսաստանին համոզել, որ սա ամենևին էլ ձեր դեմ չէ, որ սա ուղղված չէ տարածաշրջանում ձեր դերակատարումը նվազեցնելուն, ըմբռնումով մոտեցեք և այլն։ Ռուսաստանն Ադրբեջանի հետ մեզանից պահանջում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի կատարումը, որը փաստորեն ներառված չէ խաղաղության համաձայնագրում։ Դրա համար էլ Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն Ռուսաստանի լոյալությունը խնդրեն, որպեսզի այնտեղ սա չընկալեն որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելուն»։

Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարմանը, քաղաքական վերլուծաբանը նշեց, որ Ռուսաստանը պահանջում է դրա կատարումը, Ադրբեջանն այն ավելի լայն կոնտեքստում։ «Որովհետև իրենց միայն այդ ճանապարհը չի պետք, իրենք ընդհանրապես միջանցք են ուզում։ Դրա համար էլ այս իրավիճակում ես ինքս իրատեսական չեմ համարում ոչ թե այդ փաստաթղթի ստորագրումը, ստորագրում կարող է լինել, այլ այն, որ դա իրավիճակը կկայունացնի ու կհանգեցնի տևական խաղաղության»,- ասաց նա։

Արմեն Բաղդասարյանը հավելեց՝ չի կիսում այն տեսակետը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերընտրվելու կամ ֆիզիկական անվտանգության երաշխիքներ ստանալ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն իր վերընտրվելու երաշխիքները ոչ թե հյուսիսում է փնտրում, այլ արևմուտքում։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան