Հանրությունը վերջին օրերին գրեթե 24-ժամյա ռեժիմով ականատես է լինում տիտղոսային ընդդիմության, ավելի ճիշտ՝ երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցների փոխհրաձգություններին։ Եթե նախկինում դրանք տեղի էին ունենում միայն նրանց աջակիցների, այլ կերպ ասած՝ երկրորդ և երրորդ էշելոնի ներկայացուցիչների միջև, ապա այժմ դրանց միացել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները, ինչն էլ ավելի շիկացրել ընդդիմադիրների առանց այդ էլ լարված փոխհարաբերությունները։
Մեծ հաշվով բովանդակազուրկ այս գզվռտոցը կետրոնացած է մեկ հարցի շուրջ․ «ո՞վ բերեց Նիկոլին, ո՞վ 2018 թվականին նրան իշխանություն տվեց»։ Այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները տողատակով, երբեմն էլ՝ առանց դրա, հայտարարում են, որ 2018-ին Սերժ Սարգսյանը բավարար դիմադրություն չցուցաբերեց և իշխանությունը հեշտությամբ փոխանցեց Նիկոլ Փաշինյանին, Սարգսյանի աջակիցներն էլ հիշեցնում են, որ Քոչարյանի աջակիցներից և այժմյան թիմակիցներից շատերը 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին հրապարակում էին և քայլականների կողքին ու նրանցից ոչ պակաս էնտուզիազմով մերժում էին Սերժ Սարգսյանին։ Օրերս էլ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր հարցազրույցում նշեց, որ երկրորդ նախագահը 2018-ի միայն ապրիլի 29-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից ու Կարեն Կարպետյանի կողմից՝ վարչապետի պաշտոնակատար դառնալուց հետո հայտարարեց, որ իշխանությունը ճամպրուկ չէ, որը հնարավոր է վերցնել և փոխանցել՝ ակնարկելով, որ Ռոբերտ Քոչարյանն աջակցում էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ իրականացվող փողոցային պայքարին։
Ուշագրավ է, որ երկրորդ և երրորդ նախագահների փոխհրաձգությունները շիկացան հատկապես Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսից հետո, որում վերջինս հայտարարեց, որ իր քաղաքական ուժն առաջիկա ընտրական գործընթացներում ծանրակշիռ մասնակցություն է ունենալու՝ փաստացի չբացառելով, որ անձամբ կարող է հանդես գալ որպես վարչապետի թեկնածու։ Փորձագիտական և վերլուծական շրջանակների համոզմամբ՝ այս իրողությունն էապես անհանգստացրել է Սերժ Սարգսյանի թիմին, քանի որ երկրորդ նախագահի վարկանիշը մի քանի անգամ գերազանցում է երրրորդ նախագահի վարկանիշին, ու նրա մասնակցությունը ընտրություններին կարող է խառնել ՀՀԿ-ականների խաղաթղթերը։
Այլ կերպ ասած՝ ընդդիմադիրների անհանդուրժող կենցվածքը պայմանավորված է 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններով, որոնց ընդառաջ վերջիններս փորձում են առավել շահեկան բնագծերում դիրքավորել ու քաղաքական դիվիդենտեր շահել։ Այս առումով եթե երկրորդ նախագահի թիմում հայտարարում են, որ Փաշինյանին հնարավոր է նաև ընտրությունների միջոցով հետացնել, ուստի իրենք պատրաստվում են նաև ընտրություններին, երրորդ նախագահի թիմակիցները հրապարակավ չեն կիսում այս տեսակետը, պնդում իրենց օրակարգում բացառապես փողոցային պայքարն է։ Կարծում ենք՝ այստեղ ՀՀԿ-ականներն ազնիվ չեն իրենց համակիրների հետ, քանի որ մեծ հաշվով նրանք մասնակցելու են ընտրություններին, ինչպես դա արեցին 2021-ին, թեկուզև այդ մասին ամենավերջինը հայտարարելով ու տպավորություն ստեղծելով, որ իրենց այլ ելք չէր մնացել։
Տիտղոսային ընդդիմությունն ինքը կորոշի, թե ինչ ձևաչափով է նպատակահարմար մասնակցել առաջիկա ընտրական գործընթացներին և պայքարի ինչպիսի մարտավորություն որդեգրել, սակայն չափազանց կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ներընդդիմադիր այս գզվռտոցը դրական ոչ մի արդյունք չի տալու։ Եթե այս լարվածության այս մթնոլորտը չթոթափվի ու ընտրություններին ընդառաջ այն ավելի շիկանա, ապա դրանից օգտվելու են բացառապես Նիկոլ Փաշինյանը, ում վարկանիշն այժմ պատմական նվազագույն մակարդակի վրա է, և նրա սատելիտ քաղաքական ուժերը՝ ապահովելով ՔՊ-ի վերարտադրությունը։ Կառավարության ներկայիս ղեկավարը ընտրությունների ժամանակ ընդդիմադիրների հակասությունները լավագույնս կշահարկի՝ պնդելով, որ ընդդիմադիրներն անգամ սեփական տարաձայնությունները չեն կարողանում հաղթահարել, և եթե նրանք իշխանության գան, ապա երկիրը քաոսի մեջ կհայտնվի, ընդ որում՝ շատ ավելի վատ քաոսի, քան ստեղծվել է իր կառավարման հետևանքով։
Այսպիսով՝ այժմ գնդակը տիտղոսային ընդդիմության դաշտում է, և եթե վերջիններիս իրական նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, ապա նրանք պետք է դադարեցնեն այս փոխհրաձգությունները, և պայքարեն ոչ թե միմյանց, այլ իշխանության դեմ։ Անկախ միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ ընդդիմադիրները կարող են ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերել, որ միմյանց չեն թիրախավորելու և իրենց ողջ ռեսուրսն օգտագործելու են Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու համար, իսկ մնացած բոլոր տարաձայնությունները կքննարկեն արդեն դրանից հետո։
Եթե այս կոնսենսուսը չձևավորվի, ապա տիտղոսային ընդդիմությունը ակամայից կփաստի, որ Սուրեն Պետրոսյանը ժամանակին ճիշտ էր, երբ հայտարարում էր, որ նախկին նախագահների թիմակիցներից յուրաքանչյուրի համար մյուսի իշխանության գալն ավելի անընդունելի է, քան Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը, և ընդդիմադիր 2 ուժերը պայքարում են ոչ թե իշխանության գալու, այլ ընդդիմության առաջնորդությունը ստանձնելու համար, ինչը քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում ․․․
Դավիթ Գույումջյան