Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:05 05-03-2025

Թասիբով էշն ու գռեհկախոս ՔՊ-ականը. սա՞ր, թե՞ փող

Սկզբունքայնությունը մարդկային վեհ որակներից է, բնորոշ է տղամարդուն, ղեկավարին, քաղաքական գործչին։ Իհարկե՝ մարդն իրավունք ունի փոխելու սկզբունքները։ Բայց դրանից առաջ պիտի հիմնավորի, ծանր փաստարկներ բերի, թե ինչո՞ւ էր երեկ մեկ դիրքորոշում հայտնում, իսկ այսօր մեկ ուրիշը։ Այսպիսի անկեղծ խոստովանությունն անհրաժեշտ է, որ դավանափոխված մարդուն դատարկախոս, անողնաշար, դավաճան չհամարեն։

Գուցե պատեհապաշտները, սկզբունքները հաճախ փոփոխողները, անդավաճաններին, հաստատակամներին համարեն «թասիբով էշ», ինչպես հայտնի անեկդոտում, սակայն Ամուլսարի թեմայի վերաբերյալ իշխանության դիրքորոշման կտրուկ փոփոխության պատճառը հանրության մեծ մասի համար հասկանալի չէ։ Ու մարդկանց մի մասը այդ հիմքով նրանց կարող է համարել դավանափոխ, դավաճան։

Հիշեցնենք, որ ՔՊ-ականների մի մասը ակտիվ մասնակցություն է ունեցել բնապահպանական շարժումներին, Ամուլսարի շահագործման դեմ զանգվածային ցույցերին։ ՔՊ-ական իշխանություններն արհեստական խոչընդոտներ էին ստեղծում, թույլ չէին տալիս, որ հանքը շահագործվի։ Բնապահպանների մի մասն այսօր էլ հաստատակամ դեմ է արտահայտվում Ամուլսարի շահագործմանը։ Սակայն մյուսները, այդ թվում՝ ՔՊ-ական իշխանությունը փոխել են դիրքորոշումը և այսօր Ամուլսարի բացման ջատագով են։ Նախկինում նրանց համար Ամուլսարը սար էր, իսկ հիմա Ամուլսարը դարձել է փող։ Սա՞ր, թե՞ փող ընտրության առաջ նրանք ընտրել են փողը։ Ավելին՝ փետրվարի 27-ին Կառավարությունը 150 մլն դոլարի վարկային երաշխիք է տրամադրել Ամուլսարի հանքի շահագործման համար։ Իսկ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս առիթով գրառում է արել՝ «Մինչ ոմանք ոռնում են, Հայաստանի տնտեսական հաջողություններից հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Շունը հաչում է, քարավանը՝ գնում»։ Նախարարը նաև տարածել է ԱՄՆ դեսպանատան ողջույնի խոսքը Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշման առթիվ։

Ինչո՞ւ էին ՔՊ-ական իշխանությունները նախկինում խոչընդոտում, որ Ամուլսարը շահագործվի, իսկ հիմա աջակցում են, կանաչ լույս բացում, վարկային երաշխիք տրամադրում, վիրավորական բառեր ասում, քաղաքացիներին համեմատում հաչացող շան, ոռնացող կենդանու հետ։ Ինչու՞ է նախարարն այսպիսի գռեհիկ խոսույթ զարգացնում։

Ակնհայտ է, որ իշխանության դիրքորոշման փոփոխությունը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման տրամաբանության մեջ է։ Այսպես փորձում են ձևացնել, թե ընդառաջ են գնում ԱՄՆ-ին։ Եվ քանի դեռ հայտնի չէ, թե ինչպես կավարտվի ուկրաինա-ռուսական պատերազմը, ինչպես կվերափոխվի աշխարհը, և որտեղ կհայտնվի Հայաստանը, ՀՀ իշխանությունը փորձելու է բալանսավորված լարախաղացություն անել։ Չի բացառվում նաև, որ Ամուլսարի շահագործման ժամկետը ձգձգվի բալանսավորված անողնաշարության հետևանքով։ Այսօր հայտարարում են, որ հանքը կսկսվի շահագործվել տարեվերջին, հույս ունենալով, որ մինչ այդ Ուկրաինայի ազատության համար պատերազմը կավարտվի, ազատ աշխարհը կհաղթի և խաղաղություն կհաստատվի։ Բայց եթե աշնան սկզբին պատերազմի վերջը չերևա, ապա կսկսվեն բնապահպանական ցույցեր Ամուլսարի շահագործման դեմ։ Եվ ՔՊ-ական իշխանություններն այս պատրվակով Ամուլսարի շահագործումը կհետաձգեն, այսինքն՝ տարեվերջին հանքը չի բացվի։

Ցավոք, ՔՊ-ական բարձր պաշտոնյաները խիզախություն չունեն անկեղծորեն խոստովանելու իրենց դավանափոխության պատճառը։ Ավելին՝ մոռանալով, որ նաև Ամուլսարը չբացելու թեմայով են քաղաքական ասպարեզ եկել, այսօր նրանք ատելությամբ են խոսում նույն դիրքորոշմանը մնացած բնապահպանների դեմ։ Կարճ ասած՝ սա անսկզբունքայնության դրսևորում է։ Գոնե այնքան ամոթ ունենան, որ այս մասին կիսաձայն խոսեն, ընդդիմախոսներին էլ հարգանքով վերաբերվեն, քանի որ նրանք ընդամենը մնացել են իրենց դիրքորոշմանը, սկզբունքներին հավատարիմ։ Եվ դեռ հարց է, թե ով է ճիշտ՝ նպատակին, սկզբունքին, դավանանքին հավատարիմ «թասիբով է՞շը», թե՞ անսկզբունքային, բալանսավորված, գռեհկախոս ՔՊ-ականը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան