Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 14:45 03-03-2025

ԵՄ դեսպանն ասում է, որ Արցախի ղեկավարները հանցագործներ են

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Բաքվում շարունակվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունները։ Վերջին օրերին արդեն ակնհայտ դարձավ, որ հայ ռազմագերիները նաև խոշտանգումների են ենթարկվում․ տարածված լուսանկարներում բռնության հետքեր կային նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմքին, կոտրել են նախկին նախագահ Բակո Սահակյանի ատամները և այլն։

Ռուբեն Վարդանյանի հետ կապված զարգացումներին անդրադարձել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսը և միևնույն ժամանակ բավականին մտահոգիչ հայտարարությամբ հանդես եկել։ Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն արդար դատավարություն է ակնկալում և ուշադրությամբ հետևում է բոլոր այն զարգացումներին, որոնք ծավալվում են կոնկրետ Ռուբեն Վարդանյանի դեպքի հետ կապված։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշեց՝ երբ նշում են, որ Բաքվում գտնվող հայ ռազմագերիների նկատմամբ արդար դատաքննություն են ակնկալում, նշանակում է՝ արդարացնում են այդ մարդկանց այնտեղ գտնվելը և ընդունում են, որ Բաքվի ռեժիմը կարող է այդ անձանց դատել, ունի նման իրավունք։ Նրա խոսքով՝ նման հայտարարություն անողները նաև ընդունում են, որ Բաքվում պահվող հայերը ոչ թե ռազմագերիներ են ու ապօրինի բռնադատվողներ, այլ պարզապես հանցագործներ, որոնց նկատմամբ դատական գործընթաց է տեղի ունենում։


/Քրիստինե Վարդանյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր/

«Սա ամբողջությամբ փոխում է հարցի էությունը։ Մինչդեռ այս մարդիկ ռազմագերիներ են՝ ապօրինաբար Բաքվում պահվող, ովքեր անհապաղ պետք է ազատ արձակվեն։ Եթե որևէ դատաքննություն պետք է տեղի ունենա, ապա դա պետք է լինի այն երկրներում, որոնց քաղաքացիներն են իրենք։ Հետևաբար՝ այսպիսի հայտարարություններն անհասկանալի են, կարծում եմ՝ անզորության դրսևորում են»,- ասաց նա։

Քրիստինե Վարդանյանը շեշտում է՝ թեպետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունները հայ հասարակության ամոթն են և դա նախևառաջ հայկական պետության խնդիրն է, սակայն նաև միջազգային հարության, 30 տարի շարունակ Արցախի հակամարտությամբ զբաղված բոլոր կողմերի խնդիրն է, որ այս անձինք օր առաջ ազատ արձակվեն։ Նա նկատում է՝ եթե այս ուղղությամբ չի հաջողվում Բաքվի բռնապետի վրա ազդեցություն գործադրել, ապա նրա գործողություններն առնվազն չպետք է արդարացվեն։

«Սա անզորության դրսևորում է, որով փաստացի արդարացնում են այն գործընթացը, որը հիմա տեղի է ունենում հայ ռազմագերիների, Արցախի ռազաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Մինչդեռ նման հայտարարությունների փոխարեն կարելի էր պնդել, որ բժիշկների, հումանիտար մասնագետների խումբ այցելի այդ մարդկանց և գոնե նրանց առողջական վիճակը ստուգի, հատկապես՝ Ռուբեն Վարդանյանի դեպքում, ով 12 օր շարունակ հացադուլ է իրականացնում, կամ Բակո Սահակյանի, ում լուսանկարներից հիմնավոր կասկած է առաջանում, որ նրան խոշտանգել են։ Էլ չասած մնացածի կադրերը, այսինքն՝ այդ հիմնավոր կասկածը բոլորի դեպքում։ Հետևաբար՝ այստեղ պետք է գործել, այլ ոչ թե Բաքվի գործողություններն արդարացնող հայտարարություններ անել»,- ասաց նա։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը մտահոգություն հայտնեց դեսպանի հայտարարության հետ կապված և պատասխան ակնկալիքներով դիմեց վերջինիս․


/Աննա Մկրտչյան, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր/

«Մենք էլ Եվրոպական միության դեսպանից ակնկալում ենք արդարացի հայտարարություններ։ ԵՄ տարբեր կառույցներ տարատեսակ հայտարարություններ են տարածել՝ ոչ միայն հայ գերիների հետ կապված, այլ ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանը ճանաչելով ավտորիտար պետություն, Ալիևյան ռեժիմը՝ ավտորիտար։ Այնտեղ արդար դատական համակարգի կամ անկախ դատական համակարգի մասին խոսք լինել չի կարող։ Մենք ԵՄ դեսպանից և բոլոր մնացած դեսպաններից ակնկալում ենք միայն արդարացի և համարժեք գնահատական՝ իրողությանը, այլ ոչ թե փորձել թաքնվել այն կամ այն ընդհանուր ձևակերպումների տակ»։

Oragir.News-ի հարցին՝ ինչո՞ւ է ԵՄ դեսպանը նման հայտարարությամբ հանդես գալիս՝ Աննա Մկրտչյանը պատասխանեց, որ ճիշտ կլինի հարցը հենց Վասիլիս Մարագոսին ուղղել, ինչպես Ֆրանսիայի դեսպանի պարագայում, ով վերջերս սպասարկել էր ՔՊ-ի քարոզչական թեզերը՝ հայտարարելով, որ Արցախը ոչ թե 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում է Ադրբեջանի մաս ճանաչվել, այլ 1991 թվականի դեկտեմբերին՝ Ալմա Աթայի հռչակագրով (Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագիրը վերապահում է վավերացրել՝ չճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում-խմբ․):

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված