Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ին հանրության դիմեց այսպես կոչված «գաղափարախոսական» ուղերձով՝ իրական Հայաստանի վերաբերյալ։ Ի թիվս այլ վերամբարձ արտահայտությունների, որոնցով նա փաթեթավորել էր իր ասելիքը, կառավարության ղեկավարի ուղերձը մեկն էր․ Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ընդունի։
Փաշինյանը կարևորում է նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ, ըստ նրա՝ գործող Սահմանադրությունն ունի լեգիտիմության պակաս։ «
Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»,- պնդում էր նա՝ մոռանալով, որ 2018 թվականին ինքը վարչապետ է ընտրվել հենց գործող Սահմանադրությամբ, և եթե այն լեգիտիմ չէ, ապա նշանանակում է, որ իր ընտրությունը ևս լեգիտիմ չէ։
Կառավարության ղեկավարի այս ուղերձից հետո Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ, ու հանրության զգալի մասը անընդունելի համարեց նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը դա անում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով։ Ուշագրավ է, որ այս ուղերձից շատ չանցած Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, ով 2024-ին դեսպանի պաշտոնը թողնելուց հետո կրկին դիրքավորվել է ընդդիմադիր դաշտում ու դադարեցրել Փաշինյանին չքմեղացնելու քաղաքականությունը, ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հանրաքվեին ընդառաջ քննարկում են լրագրող Կարպիս Փաշոյանի հետ ՈՉ-ի շտաբը ձևավորելու ու առաջնորդելու հարցը։
Հարց է առաջանում, թե ո՞րն է Էդմոն Մարուքյանի այս շտապողականության նպատակը և արդյոք սա չի՞ նշանակում, որ իրեն կլասիկ քաղաքական գործիչ համարող քաղաքական գործիչը փաստացի լեգիտիմացնում է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը։
Oragir.News-ը փորձեց այս հարցերի պատասխանը ստանալ մի շարք քաղաքական վերլուծաբաններից և քաղտեխնոլոգներից, սակայն վերջիններս հրաժարվեցին մեր հարցերին պատասխանելուց՝ պնդելով, որ Մարուքյանին մեկնաբանելն անիմաստ զբաղմունք է։
«Ավելի լուրջ հարցեր ունենք էս պահին, Էդմոն Մարուքյանին մեկնաբանելը նպատակահարմար չեմ գտնում»,- մեզ հետ զրույցում նշեց փորձագետներից մեկը։
Մեկ այլ փորձագետ էլ մեզ խնդրեց իրեն ավելի լուրջ հարցեր ուղղել․ «Էդմոն Մարուքյանն ո՞վ է, որ մի հատ էլ իրա ասածները մեկնաբանեմ։ Լուրջ հարցեր տվեք, սիրով պատասխանեմ»,- ասաց մեկ այլ քաղաքագետ։
Այսպիսով՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի փորձագիտական դաշտը մերժում է իրեն կլասիկ քաղաքական գործիչ համարող Էդմոն Մարուքյանին՝ հրաժարվելով մեկնաբանել նրա հայտարարությունները։ Ակնկալում ենք, որ Մարուքյանը հետևություններ կանի ու կփորձի հասկանալ, թե ինչով է այս իրողությունը պայմանավորված, գուցե պատճառն իր քաղաքական հետագիծն է, որի գնահատականը նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են տալիս՝ ընտրությունների ժամանակ իրենց քվերակությամբ․ վերջին բոլոր ընտրություններում ԼՀԿ-ի ձայները 1-1․5%, առավելագույնը՝ 2% ձայն։
Ընթերցողին հիշեցնենք նաև, որ 2020 թվականի փետրվարին, երբ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորներին պաշտոնանկ անելու հարցը դրել էր հանրաքվեի, որը հետագայում կորոնավիրուսային համավարակի պատճառով չեղարկվեց, ու հետագայում իշխանականները ԱԺ-ի միջոցով ՍԴ-ն զավթեցին, Մարուքյանը հրաժարվում էր «Ոչ»-ի ճակատ ստեղծելուց՝ պնդելով գործընթացը չլեգիտիմացնելու անհրաժեշտությունը։ «
«Ոչ»-ի որևէ ճակատ ձևավորել նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն, վերջում էլ մեկի ներվերը չի հերքի, մեկի գլխին քարով կտա, կամ մեկը հայհոյողին կխփի, և կունենանք արյունահեղություն։ Մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում, մեր գործիքակազմը ծայրից ծայր օգտագործել ենք, և դեռ կօգտագոծենք, պատրաստ ենք դիմել Սահմանդրական դատարան, եթե կլինեն ստորագրություններ։ Մյուս կողմից բոլոր ուժերին կոչ ենք անում՝ չմտնել ատելության պատերազմի մեջ, թողնել «Այո»-ի ճամբարն իր այո-ն քարոզի»,- 2020-ի փետրվարի 11-ին պնդում էր նա, սակայն այժմ՝ 5 տարի անց, ականատես ենք լինում, որ վերջինիս մոտեցումները հիմնովին փոխվել են։
Oragir.News-ը պատրաստ է իր տաղավարում հյուրընկալել Էդմոն Մարուքյանին, լսել նրա հիմնավորումներն ու հակափաստարկները, եթե իհարկե վերջինս նման ցանկություն կունենա։ Նշենք նաև, որ Էդմոն Մարուքյանին մի քանի անգամ հրավիրել ենք հարցազրույցի, սակայն նա դեռևս մեզ չի արժանացրել իրեն հյուրընկալելու պատվին։
Դավիթ Գույումջյան