Ներքին 1 տարի առաջ - 18:00 10-02-2025

ԱԳՆ-ում ուրանո՞ւմ են Արմեն Սարգսյանին․ մի շքանշանի պատմություն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիա կատարած իր վերջին այցի շրջանակներում հանդիպում է ունցել այդ երկրի նախկին վարչապետ, Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ Միրզոյանը Նորվեգիայի նախկին վարչապետին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով, իսկ վերջինս մեծ գոհունակություն է հայտնել նման պարգևի արժանանալու համար։

Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ չի հստակեցվում, թե Թյորնբորն Յագլանդը ինչու է նման բարձր շքանշանով պարգևատրվել, ինչպես նաև նա այդ շքանշանի համար պահանջվող որ չափանիշին է համապատասխանում։ Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար՝ պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական գործիչներին, դիվանագիտական ներկայացուցիչներին, հոգևոր առաջնորդներին (կրոնական գործիչներին), բարեգործներին և գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների կոլեկտիվներին:

Բացի այդ, թեպետ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանն է Նորվեգիայի նախկին վարչապետին պարգևատրել, սակայն Oragir.News-ը պարզել է, որ Յագլանդը ՀՀ պատվո շքանշանով պարգևատրվել է դեռևս 3 տարի առաջ։ Մասնավորապես՝ Նորվեգիայի նախկին վարչապետն այս բարձր կոչմանն արժանացել է 2021 թվականի դեկտեմբեր 16-ին՝ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, սակայն պաշտոնական հաղորդագրությունում այս մասին ոչինչ չի նշվում։ Սարգսյանը ՀՀ պետական պարգևներ շնորհելու որոշումը կայացրել էր Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ։

Փաստացի Արարատ Միրզոյանը ոչ թե պարգևատրել է Թյորնբորն Յագլանդին, այլ պարզապես նրան է հանձնել Արմեն Սարգսյանի շնորհած շքանշանը։ Անհասկանալի է նաև, թե ինչու է շքանշանը նորվեգացի պաշտոնյային հանձնվում շնորհումից ավելի քան 3 տարի տարի անց, ուշացումը Նորվեգիայի նախկին վարչապետի՞ մեղքով է տեղի ունեցել, թե՞ հայկական կողմի։

Oragir.News-ը փորձեց այս հարցերի պատասխանը ստանալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանից, սակայն նա հերթական անգամ մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Այսպիսով՝ ենթադրում ենք, որ Արարատ Միրզոյանի ղեկավարած արտաքին գործերի նախարարությունում ուրանում են անգամ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին, չնայած այն բանին, որ վերջինս իր պաշտոնավարման տարիներին լոյալ վերաբերմունք է ունեցել գործող իշխանությունների նկատմամբ և գրեթե միշտ պարտաճանաչ կերպով ստորագրել է իր սեղանին դրված բոլոր օրենքներն ու որոշումները։

Հավանաբար ԱԳՆ-ում Արմեն Սարգսյանին էլ են նախկին համարում և փորձում են նրա անունը ջնջել Հայաստանի նորագույն պատմության էջերից, քանի որ Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանի կրած աղետալի պարտությունից հետո մի կարճ շրջան նա ևս պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նշում՝ մամուլից է տեղեկացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մասին և այլն։

Եթե ԱԳՆ մամուլի խոսնակն այս հրապարակումից հետո մեր հարցերին պատասխանելու ցանկություն կունենա, Oragir.News-ը պատրաստ է նաև վերջինիս տեսակետը լսել և հրապարակել, որը ճշտելու մի քանի անհույս փորձեր կատարել է։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից