Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 17:17 07-02-2025

Մենք կմնանք ՀՀ-ի և ձեր եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը․ Նորվեգիայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին

Փետրվարի 7-ին Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանն առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ:

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ hանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ հայտարարություններով.

Արարատ Միրզոյան. «Շնորհակալ եմ, հարգելի՛ նախարար, այսօր առավոտյան մեր ունեցած լավ և բովանդակալից զրույցի համար: Դուք ունեք իմ հրավերն այցելելու իմ երկիր՝ Հայաստան, Ձեզ հարմար ցանկացած ժամանակ:

Հայաստանի կողմից ցանկանում եմ վստահեցնել, որ մեր երկիրը շահագրգռված է Նորվեգիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Բացի այդ, Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի շարունակական աջակցությունը մեր երկրի զարգացման օրակարգին: Հարավային Կովկասի՝ տարածաշրջանային հարցերի առումով, կրկին, Նորվեգիան մշտապես հետաքրքրվածություն է ցուցաբերել:

Այսօր ես հնարավորություն եմ ունեցել ներկայացնել մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և ևս մեկ անգամ վստահեցնել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերը` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասում նոր՝ խաղաղության դարաշրջան բացելու համար:

Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս Նորդիկ-Բալթյան երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի, հետ համագործակցությանը: Մենք ուրախ ենք արձանագրել, որ Նորդիկ-բալթյան երկրներն իրենց հերթին նույնպես դրսևորում են փոխադարձ հետաքրքրվածություն:

Մենք վճռական ենք մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացահայտելու հարցում և ողջունում ենք այն, որ այս մոտեցումը լայնորեն կիսում է նաև նորվեգական կողմը»:

Էսպեն Բարթ Էյդե. «Ես շատ ուրախ եմ այստեղ՝ Օսլոյում, ընդունել իմ լավ ընկերոջն ու գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարար Միրզոյանին։ Մենք ունենք շատ լավ հարաբերություններ Հայաստանի, հայ ժողովրդի և այս կառավարության հետ։

Եվ մենք կարծում ենք, որ այս կառավարությունը ցուցաբերել է հստակ ռազմավարական առաջնորդություն երկրի համար՝ ի շահ իր ժողովրդի։ Պետք է ասել, շատ դժվար հանգամանքներում, բայց իրոք համարձակությամբ նայելով առաջ և դեպի Եվրոպա ու ձգտելով ավելի սերտ համագործակցության։ Եվ մենք շատ ուրախ ենք գործընկեր լինել այդ ճանապարհին։

Ես իմ լավ ընկերոջն ու գործընկերոջն ասացի, որ Նորվեգիան կմնա Հայաստանի և ձեր եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում։ Եվ մենք հատկապես խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք երկկողմ ձևաչափով, բայց նաև Նորդիկ-բալթյան խմբի շրջանակներում աջակցել՝ կիսելով մեր փորձը և տեսնելով, թե ինչպես կարող ենք օժանդակություն տրամադրել այդ ճանապարհի տարբեր ասպեկտներում, որը կարևոր է Հայաստանի համար, բայց կարևոր է նաև ողջ Եվրոպայի համար՝ մեր մայրցամաքում տեղի ունեցող մեծ փոփոխությունների ժամանակ։

Շնորհակալություն»:

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ