ԵՄ դիտորդները Ադրբեջանին չեն զսպում, բայց Ալիևի համար գլխացավանք են
copy image url

ԵՄ դիտորդները Ադրբեջանին չեն զսպում, բայց Ալիևի համար գլխացավանք են

Խոսք Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 19:30 30-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունն առաջին իսկ օրվանից հարուցում էր Հայաստանի Հանրապետության ռազմավարական թշնամիների՝ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության բացահայտ և տևական ու ցայսօր շարունակվող դժգոհություն, մենք կարող ենք բավարար գնահատական տալ այդ առաքելության գործունեությանը, ասել, որ այն Հայաստանի շահերից է բխում»,- Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և այն 2 տարով երկարաձգելու որոշմանը։


/Ալեքսանդր Քանանյան, քաղաքագետ/

Քանանյանը միևնույն ժամանակ շեշտում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունն ինքնին ունակ չէ իրավիճակը վերահսկելու, ավելի շուտ՝ արձանագրելու՝ ապահովելով Հայաստանի անվտանգությունը։ Նրա խոսքով՝ հարկ եղած դեպքում, երբ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության վրա հարձակվելու նոր ամսաթվի վերջնական ռազմաքաղաքական որոշում ընդունի, եվրոպացի դիտորդները չեն կարողանա այդ հարձակումը կասեցնել։ «Տեսեք, ես չեմ ասում՝ հարձակվելու որոշում կընդունեն, նման որոշումն ընդունված է շատ վաղուց։ Հիմա պարզապես հարձակման օրն ու ժամն է կարևոր։ Դրա համար ընդհանուր առմամբ անբավարար եմ գնահատում, բայց ինքնին շատ դրական և նպաստավոր՝ ելնելով մեր ազգային շահերից»,- կարծում է նա։

Անդրադառնալով այն պնդումներին, որ հենց ԵՄ դիտորդական առաքելության գործունեության շնորհիվ վերջին 2 տարում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ագրեսիա չի եղել և առաջիկա 2 տարիներին ևս չի լինի, քաղաքագետը նշեց՝ չի կարող համաձայնել այս պնդումների հետ, որքան էլ ՀՀ-ում եվրոպական առաքելության ներկայությունը նշանակալից լինի։ Նա նկատում է՝ ինքնին այդպիսի առաքելության ֆիզիկական ներկայությունը սահմանամերձ հատվածում չի կարող բավարար երաշխիք դիտվել․ «Ես համոզված եմ՝ եթե Ադրբեջանը վերջնականապես Մոսկվայի և Անկարայի հետ նոր ռազմական ներխուժման օրվա վերաբերյալ պայմանավորվի, ապա նրանք եվրոպական առաքելության ներկայությանը չեն նայելու։ Այսինքն՝ սա հավելյալ կարող է լուրջ գլխացավանքի աղբյուր լինել Ալիևի համար, բայց ինքնին այդ առաքելությունն առանձին վերցրած չի կանխում ադրբեջանական ներխուժումը։ Այս առաքելությունը կարևոր տարր է, որը ավելացնում է Ադրբեջանի մտահոգությունները»։

Oragir.News-ի հարցին՝ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունն ինչո՞ւ է անհանգստացնում Ադրբեջանին՝ քաղաքագետը պատասխանեց, որ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան և Ռուսաստանը կողմ են «3+3» ձևաչափին, որը տարածաշրջանը արտաքին, սահմանակից տարածաշրջանային տերությունների հսկողության տակ պահելու մեխանիզմն է։ Նա նշում է, որ Թուրքիան, Ռուսաստանը և որոշ չափով նաև Իրանը չեն ցանկանում, որ տարածաշրջանում արտաքին դերակատարները ներկա լինեն և աշխարհաքաղաքական ներկայություն ունենան։

«Մասնավորապես Արևմուտքը և ինչու չէ՝ նաև Հնդկաստանը։ Եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունը կարևոր, խորհրդանշական արարն է, որ հավաքական Արևմուտքը՝ ի դեմս Եվրամիության, որոշակի հավակնություններ ունի՝ աշխարհաքաղաքական առումով ներկա լինելու տարածաշրջանում և ազդելու վերջինիս ճակատագրի վրա։ Սա իհարկե անհանդուրժելի է և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի համար, Թուրքիան առանձնապես չի արտահայտվում, բայց այս հարցում լիովին համաձայն է Ադրբեջանի դիրքորոշման հետ, ուստի եվրոպական դիտորդական առաքելության շուրջ դիրքորոշումները վկայում են, թե որը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը՝ երկիրը անխուսափելի և թերևս կործանարար ներխուժումից փրկելու համար։ Նկատի ունեմ Հայաստանում արևմտյան աշխարհաքաղաքական ներկայության էական աճի մեխանիզմը, որը դարձյալ լիովին չի կարող, բայց կարող է էապես բարեփոխել Հայաստանի վերապրելիության հեռանկարը»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ Եվրամիության դիտորդները Հայաստանում պարեկություն կիրականացնեն ևս 2 տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Բրյուսելում այդ որոշմանը հավանություն են տվել ԵՄ անդամ երկրների դեսպանները։ Առաջիկայում այն դեռ պետք է հաստատվի միության անդամ երկրների արտգործնախարարների կողմից, ինչը, ըստ էության, ֆորմալ գործընթաց է։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:49 «Բայց սահմանին ձեզի կբռնեն ու կուղարկեն Ադրբեջան»․ դեպք Անձնագրայինում
12:59 Արփինե Հովհաննիսյանի ամուսնու մասին՝ օգտատիրոջ գրառումը հաստատելու համար դատում են ֆեյսբուքյան խմբի ադմինին
12:30 Նիկոլին մոտեցած բոլոր մարդիկ ուղղորդված են եղել, «պռոստը տակ» իրան անհնար է մոտենալը. գյումրեցի ակտիվիստ
13:11 Վնասազերծվել է Վանաձորում 28-ամյա տղամարդու սպանության գործով կասկածյալներից մեկը. ոստիկանը հոսպիտալացվել է․ shamshyan.com
10:28 Արարատում 13-ամյա տղան ինքնասպան է եղել. նրան գտել են տան տանիքում՝ առաստաղից կախված. shamshyan.com
08:42 Ոստիկանությունը լցվել է գյուղ․ ինչ է կատարվել Փարաքարում․ Հրապարակ
23:47 Հատուկ ջոկատայինները Երևանի Թումանյան փողոցում «ասֆալտին են փռել» ԱԺ պատգամավորներից մեկի անվտանգության աշխատակիցներին. shamshyan.com
20:12 Դեմ չենք թուրքերի հետ հարևանություն էնելուն. Բայանդուրի բնակիչ
15:00 Փաշինյանը 200 ախրանիկով ման գուկա. էդ ո՞վ կռնա մոտիկնա, մի հատ էլ հարց տա. հարցում Գյումրիում
20:31 Մեծամորում 28-ամյա վարորդը Toyota-ով բախվել էլեկտրասյանը և հայտնվել գնացքի գծերի վրա․ 2 հոգի դիմել է հիվանդանոց․ shamshyan.com