Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:00 28-01-2025

Հունվարի 28 շնորհավոր. փա՜ռք նահատակներին

Բանակի օրը մեր պետության ամենալուսավոր տոներից մեկն է։ Այն ասոցիացվում է տղամարդկության հետ, իմաստավորվում հաղթանակներով, իսկ պարտությունն ու կորուստը հիշելիս, վրեժով լցնում քաղաքացիների սրտերը։

Հունվարի 28-ն այսօր ևս սկսվեց Եռաբլուրից, նահատակների շիրիմներին այցելությամբ։ Նրանց հիշատակը պարտավորեցնում է քաղաքացիներին լինել խիզախ, ազնիվ, հայրենիքի, ժողովրդի ազատության համար ամենօրյա պայքարի նվիրյալ։

2020-ի հետպատերազմյա ճգնաժամի շրջանում Նիկոլ Փաշինյանը խոստացել էր արդիացնել բանակը։ Դա չի արվել։ 2024-ի նոյեմբերին հաստատվել է Բանակի կերպափոխման հայեցակարգը։ Սակայն նկատելի տեղաշարժ չկա այստեղ նախանշված նպատակների ուղղությամբ։ Բարձր մակարդակներով խոսում են պաշտպանության քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, ռուսական կախվածությունից ազատվել մասին։ Բայց այստեղ էլ նկատելի քիչ բան կա, չհաշված սառեցված ՀԱՊԿ անդամությունը, ֆրանսիական ու հնդկական մի քանի միավոր զենքերը։

Հանրությունն ակնկալում էր, որ բանակի արդիացումը տեղի կունենա ՆԱՏՕ-ական չափանիշներով, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի աջակցությամբ։ Բայց առաջընթաց չի նկատվում, չհաշված համազգեստի արդիացման ուղղությամբ ինտենսիվ հանդիպումներն ու քննարկումները։ ՀՀ պաշտպանության նախարարի ԱՄՆ կատարած վերջին այցի հիմնական թեման նույնպես համազգեստն է եղել, որ այն համապատասխանի ՆԱՏՕ-ական չափորոշիչներին։

Տոնական այս օրով մտահոգիչ է մնում բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ քրեական հետապնդումները։ Հավելյալ տխրություն է հաղորդում խաղաղ պայմաններում զոհերի թիվը։ Իսկ վերջին պատերազմներում տված հազարավոր զոհերի կորստի վիշտը խունկի պես մխում է մարդկանց սրտերում։ Առանձնակի ցավ է պատճառում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու պատանդների շինծու դատավարությունը և ՀՀ ղեկավարության անկարողությունը նրանց ազատելու, հայրենիք վերադարձնելու հարցում։

Բանակի օրը լավ առիթ է, որ պաշտպանական քաղաքականություն որոշողները դիրքորոշում հայտնեն, որպեսզի ժողովրդի և աշխարհի համար պարզ լինի, թե որոնք են ՀՀ պաշտպանական խնդիրները, առաջնահերթությունները, հավակնությունները, կարմիր գծերը և այլն։ Ցավոք՝ այդպիսի բովանդակային խոսքի պակաս կա։

Ավելին՝ Արցախի զավթված լինելու, ՀՀ որոշ տարածքներում թշնամու ներկայության պայմաններում խաղաղության օրակարգի մասին խոսքը որպես հեգնանք է ընկալվում, իրականության արհամարհանք։ Ու չնայած ՔՊ-ական իշխանությունները չեն արդարացնում հանրության ակնկալիքները բանակի արդիացման և պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ, այնուամենայնիվ հույս կա, որ զինվորականությունը կմնա իր առաքելության մեջ, և ինչ էլ լինի՝ պատվով կկատարի իրեն վստահված դիրքերի պաշտպանության ազգանվեր գործը։

Եվ ուրեմն՝ փա՜ռք բանակին, փա՜ռք զինվորականությանը, ժողովրդի ազատության համար նահատակներին։ Իսկ յուրաքանչյուրս անենք հնարավոր ամեն ինչ, որ տեսնենք այն օրը, երբ կվերականգնվեն մեր ազգային իրավունքները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ