Չնայած իշխանության գալու ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան արմատախիլ անել, իսկ նրա թիմակիցները տարբեր առիթներով բոլորիս վստահեցնում են, որ մեր երկրում համակարգային կոռուպցիա չկա, այնուամենայնիվ փաստերը հակառակի մասին են վկայում։
ՔՊ-ական պաշտոնյաները աչքի չեն ընկնում նաև թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ։ Թեպետ վերջիններս հանրության հարկերի հաշվին բազմաթիվ գործուղումների են մեկնում, սակայն նրանցից քչերն են, որ գործուղումներից վերադառնալուց հետո հաշվետվություն են ներկայացնում ծախսված գումարների վերաբերյալ, իսկ որոշների հաշվետվություններն էլ կրում են խիստ ձևական բնույթ ու չեն արտացոլում ողջ պատկերը։
Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ հենց իր պատգամավորական գործունեության տարիներին են օրենսդրական փոփոխություններ կատարել, որոնց համաձայն՝ պաշտոնյաները պարտավոր են գործուղումներից վերադառնալուց հետո հաշվետվություններ ներկայացնել։ «Ես՝ որպես ԵԽԽՎ-ի, Եվրանեսթի ու բազմաթիվ այլ պատվիրակությունների անդամ, մշտապես միջազգային գործուղումներից վերադառնալուն պես հանրային՝ ասուլիսի տեսքով, հարցազրույցի տեսքով կամ որևէ այլ ֆորմատով, ինչպես նշված է օրենքով, հանրային հաշվետվություն էի ներկայացնում։ Հիմա ես չեմ հիշում, թե, օրինակ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ կամ Եվրանեսթի պատվիրակությունները վերջին անգամ երբ են ասուլիս հրավիրել, երբ են հանրային հաշվետվություն ներկայացրել»,- ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ սա օրենքի կոպտագույն խախտում է՝ համոզմունք հայտնելով, որ եթե նման բան նախկին իշխանությունների օրոք տեղի ունենար, ապա Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնը կօկուպացներ և հանրային պարսավանք կպահանջեր. «Հանրային պարսավանք կպահանջեր, Էթիկայի հանձնաժողով, կպահանջեր՝ ինչ հնարավոր է։ Նա անասելի աղմուկ կբարձրացներ, քանի որ, ըստ էության, օրենք է խախտվում։ Ես չեմ հիշում որևէ խորհրդարանական պատվիրակություն, որը վերադառնալուց հետո հանրային հաշվետվություն է ներկայացրել իր կատարած աշխատանքի մասին։ Ընդհուպ ես կարող եմ մի դեպք հիշեցնել. երբ Արմեն Ռուստամյանը՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պետք է մեկներ Տալլին՝ ԵԽԽՎ-ի ֆորմատով ինչ-որ նիստի, բայց վատառողջ էր եղել, ու ժամերի ընթացքում փոխեցին, որ ես գնամ ու Արցախի հարցով այդ կարևորագույն ելույթը ունենամ, տոմսի արժեքը շատ թանկ ստացվեց, ես եկա և հանրային հաշվետվություն ներկայացրի, թե ինչու էր Երևան-Տալլին չվերթի տոմսը մոտավորապես 1000 դոլար արժեցել, ավելի ճիշտ՝ 1200 դոլար։ Քանի որ վերջին պահին էր պատվիրակի փոփոխություն արվել, ու տոմսը գնվել էր թռիչքից ընդամենը 6 ժամ առաջ։ Այսինքն՝ անգամ էս հարցում ենք հանրային հաշվետվություն ներկայացրել, բայց գիտեք՝ էս մարդիկ Արցախ են հանձնում, պատասխանատվության չեն ենթարկվում ու հանրությանը որևէ կապակցված բան չեն ասում, մի հատ գործուղումն ի՞նչ ա, որ սրանք հաշվետվություն ներկայացնելու մասին մտածեն»։
Մեր զրուցակիցը նաև համոզմունք հայտնեց, որ գործող իշխանությունները թքած ունեն ոչ միայն օրենքի, այլև Սահմանադրության վրա։ Ըստ նրա՝ եթե իշխանությունը Սահմանադրության վրա թքած չունենար, ապա երեկ, երբ մեկնարկեց ԱԺ հերթական նստաշրջանը, չէր հնչի օրենքի ուժ չստացած օրհներգը, որը դեռևս մի քանի պատգամավորի ներկայացրած օրենսդրական նախաձեռնություն է։
«Այսինքն՝ էս մարդիկ Սահմանադրության վրա թքած ունեն, էս մարդիկ Հայաստանի Հանրապետությունից տարածքներ են հանձնում Ադրբեջանին, երբ մեր Սահմանադրության մեջ ամրագրված է, որ տարածքի փոփոխությունը պետք է տեղի ունենա բացառապես հանրաքվեով, իսկ մենք եկել ինչ-որ գործուղման հաշվետվության մասին ենք խոսում»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան