Մշակույթ 1 տարի առաջ - 21:35 20-01-2025

Չլիներ քո պոեզիան՝ շատ խավար կլիներ մեր երկիրը․ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է

1919 թ․ այս օրը Բարունակ և Լիա Կապուտիկյանների ընտանիքում ծնվեց միակ զավակը՝ Սիրվարդը, որին միայնակ մնացած մայրը կոչեց ամուսնու սիրած կնոջ անունով՝ մի փոքր նրբացնելով այն՝ Սիլվա։ Այդպես Լիան փորձեց հավերժացնել դստեր ծննդից ամիսներ առաջ մահացած ամուսնու հիշատակը։

Սիլվան շատ է սիրել մորը, մայրն էլ իր հերթին է անմնացորդ սեր պարգևել աղջկան։ Երբ աղջիկն ինչ-որ տեղ է մեկնել, մոր ինքնազգացողությունը վատացել է, ու Սիլվան հաճախ է ստիպված եղել հետաձգել ուղևորությունը։



Կապուտիկյանի անձնական կյանքն այդպես էլ չդասավորվեց։ Երկու հանճարների` Սիլվա Կապուտիկյանի և Հովհաննես Շիրազի ամուսնությունը երկար չտևեց։

Սիլվան իր կյանքի հասուն շրջանը նվիրեց գրչակից ընկերներին, քաղաքացիական պայքարին։

Գրական շրջանակների սիրտն էր Սիլվան։ Նրան անսահման սիրում էին բոլորը, չէր բացակայում և ոչ մի հավաքույթից։ Պարույր Սևակն իր տան կառուցման համար հաճախ էր Սիլվա Կապուտիկյանից պարտքով գումար խնդրում, և նա միշտ կարելվույն չափ օգնում էր նրան։ Սա խոսում է անդավաճան նվիրվածության ու փոխադարձ հարգանքի մասին։



Գրչակից ընկերները նրան շատ բարձր են գնահատել։ Համո Սահյանը մի առիթով ասել է․ «Թերևս մեզանից ոչ ոք չի կարողացել իր ստեղծագործության մեջ այնպես զուգակցել միտքն ու զգացմունքը, ավանդականն ու ժամանակակիցը, ազգային ձևն ու մարդկային խորքը, եղերգականն ու մարտականը, հետիոտն, գիտակցված պրոզաիզմն ու ճախրող բանաստեղծականը, ինչպես Կապուտիկյանը»:

Սիլվա Կապուտիկյանին առանձնահատուկ սիրով է սիրել ու բարձր գնահատել նաև Վարպետը։

«Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան... շատ խավար կլիներ մեր երկիրը: Ապրի՛ր, ստեղծի՛ր, եղիր հավատարիմ մեր ժողովրդի իղձերին»,- ասել է Ավետիք Իսահակյանը։



Վարպետի հետ առաջին հանդիպման մասին Կապուտիկյանը մի ջերմագին հուշ է թողել․ «Եվ ահա այդ հեքիաթական թվացող անձնավորությունը կանգնած էր մեր դեմ, և մենք չգիտեինք՝ ինչից սկսենք զրույցը, ինչպես վարվենք, ինչ խոսենք նրա հետ: Վերջապես ուժեր հավաքելով, աշխատելով զգաստ ու բանիմաց երևալ, ես հարցրի.

– Ե՞րբ եք գրելու «Աբու-Լալա Մահարիի» վերադարձը: Չէ՞ որ արդեն վերադարձել եք...

Իսահակյանը ներողամտորեն ժպտաց, և ապա, նայելով ընկերուհիներիս, կատակի տվեց.

— Եթե գիտենայի, որ այստեղ ձեզ պես գեղեցիկ աղջիկներ կան, ավելի շուտ կվերադառնայի...

Մենք, մի քիչ հանկարծակիի եկած, բայց շոյված ու գոհ ծիծաղեցինք, և այսպիսով, սկսվեց մեր ծանոթության երկրորդ շրջանը Ավետիք Իսահակյանի հետ: Ուսուցիչների պատմածներից ու դասագրքերից պատկերացված գրքային հերոսը, Շոպենհաուերի փիլիսոփայությանն հետևողն ու անապատների մարդախույս ճանապարհորդը դարձավ ժպտերես ու կատակաբան մի մարդ՝ մտերիմ ու պարզ վարվեցողությամբ, Գյումրվա շեշտված առոգանության հետևանքով ավելի ժողովրդական թվացող բառ ու խոսքով: Ու երբ հետո անցան տարիները, ավելի հասուն դարձանք մենք, երբ աշակերտական ուղղագիծ հասկացողությունները տեղի տվեցին սեփական փորձին, սեփական եզրակացություններին, ես հասկացա, թե ինչքան միամիտ է եղել իմ հարցը՝ Աբու- Լալայի վերադարձի մասին...



Ո՛չ, Իսահակյանը երբեք չէր հեռացել, որպեսզի վերադարձի երգ գրեր: Նա Շոպենհաուերի մռայլ վարդապետությամբ խորապես չէր ներծծվել բնավ: Նա չէր ատել մարդուն, ատել էր նրա ստեղծած գայլի օրենքները: Նա զայրույթով էր խոսել մարդու մասին, որովհետև սիրում էր մարդուն և ուզում էր, որ նա լինի մեծ ու բարձր, արժանի իր մարդկային կոչմանը: Նա դառն ու խռոված խոսքեր էր ասել հայրենիքի մասին, որովհետև նրան ցանկանում էր տեսնել հպարտ, երջանիկ, ձերբազատված օտար ու սեփական շղթաներից... Իսահակյանն իր ողջ կյանքով, իր երգով ու հոգով միշտ էլ կապված է եղել իր մի բուռ հայրենի հողին»:

Սիլվա Կապուտիկյանը կանգնած էր Արցախյան շարժման հիմքերում։ Այս շրջանում նրա հատու գրիչն ու վճռական խոսքը համախմբեցին հասարակությանն ու մտավորականությանը։


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ