Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին Արտաքին 3 շաբաթ առաջ - 09:00 20-01-2025

Ինչպե՞ս են պաշտպանվելու Բաքվում դատվող հայերը

Բաքվում հունվարի 17-ին սկսվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով նախնական դատական նիստը։ Արցախի նախկին պետնախարարը դատվում է միայնակ։ Շինծու մեղադրանքներ են առաջադրվել նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, որոնք միասնաբար են դատվում։ Նրանց դատը սկսվելու է հունվարի 21-ին։

Ինչո՞ւ է Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել մյուսներից։ Եվ ինչպե՞ս կարելի է քաղաքական պաշտպանություն կազմակերպել։

Ակնհայտ է, որ շինծու ու կեղծ այս գործում իրավական պաշտպանությունը հնարավոր է միայն ՄԻԵԴ-ում, որտեղ համարժեք գնահատական կտրվի գործին, Ադրբեջանից կպահանջվի ազատ արձակել հայ պատադներին։ Մինչ այդ պաշտպանները կարող կրկնել Ռուբեն Վարդանյանի՝ դատավարության նախօրեին հրապարակած ուղերձից հատվածներ։ Իսկ քաղաքական պաշտպանության առումով՝ անելիք շատ կա։

Բաքվի ցուցադրական դատավարության նպատակը Արցախի ինքնորոշման իրավունքի ջատագովներին ցուցադրական պատժելն է, աշխարհին ցույց տալով, թե Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը, որի իրացման ժամկետի շուրջ տարիներ շարունակ բանակցում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդությամբ։ Սա հաշվի առնելով՝ կարելի է քաղաքական պաշտպանությունը կառուցել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման համատեքստում։ Այսինքն՝ աչքի առաջ ունենալով ցմահ ազատազրկման հավանական հեռանկարը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն իրենց ելույթները կարող են սկսել, ավարտել Արցախի ազատության մասին դիրքորոշում արտահայտելով։ Նրանց պաշտպանները, նրանց ազատության համար պայքարողները կարող են հանրայնացնել նրանց խոսքերը, դրանց շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ։ Իսկ եթե պատանդները ճնշման տակ ընդունեն, որ Արցախի ազատության համար պայքարը հանցագործություն է, ապա նրանց ազատվելը հնարավոր կլինի Բաքվի կամ Մոսկվայի կործանումից հետո։

Ուշագրավ է նաև, որ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է մյուսներից։ Ի տարբերություն հայ մյուս պատանդների, Ռուբեն Վարդանյանն Արցախում կարճ ժամանակ է քաղաքական պաշտոն վարել։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից 2022-ի նոյեմբերի 4-ին է նշանակվել պետական նախարար, իսկ 2023-ի փետրվարի 23-ին ազատվել պաշտոնից։ Այսինքն՝ աշխատել է մի քանի ամիս։ Սակայն նրան աշխարհում ավելի շատ հայտնի մարդիկ ու կազմակերպություններ են ճանաչում ու պաշտպանում, քան Արցախի նախկին նախագահներին։ Ենթադրելի է, որ Վարդանյանի գործն անջատվել է, հաշվի առնելով հենց նրա հանրաճանաչությունը, որը մեծ արձագանք կհաղորդի դատավարությանը, և աշխարհում շատ-շատ մարդիկ կիմանան, որ Բաքուն դատում է Արցախի ազատության ջատագովներին։

Դատավարության առաջին օրը Ռուբեն Վարդանյանի պաշտպանները միջնորդել են, որ նրա գործը միավորվի մյուսների գործին, այսինքն՝ նրան արցախցի մյուս բարձրաստիճան պաշտոնյաներից չառանձնացնեն։ Սակայն միջնորդությունը մերժվել է։ Առանձնացված գործն սկսվել է մի քանի օր շուտ և ընթանալու է ավելի արագ։ Այս առումով՝ Վարդանյանը կարող է օրինակ ծառայել մյուսներին։ Այսինքն՝ մյուս պատանդները կարող են կրկնել նույնը, ինչ կանեն Վարդանյանն ու նրա պաշտպանները։ Այլ կերպ ասած՝ Ռուբեն Վարդանյանին առաջնորդի դեր է վերապահված, համապատասխան խոսույթով, հանրությանը հասցեագրված ուղերձներով, քաղաքական հետևանքներով։

Պարզ ասած՝ Արցախի ղեկավարների դեմ հարյուրավոր հատորներով դատական գործը ոչ այնքան Ադրբեջանի, որքան Հայաստանի ժողովրդի և ազատ աշխարհի համար է։ Արցախի ղեկավարներն ի սեր պատանդների, ի սեր Արցախի ազատության համար նահատակված հերոսների՝ կարող են համարժեք քաղաքական պաշտպանություն կառուցել, որը նրանց արդարացման հիմքը կդառնա մի քանի տարի անց։ Ու եթե նրանք կարող են ազատվել Եվրադատարանով, ապա ենթադրելի է, որ նրանք հանդես կգան նաև որպես եվրաինտեգրման, ԱՄՆ-ի հետ գործակցության խորացման ջատագով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:43 Երևանյան լճից դուրս են բերվել 2 աշխատակիցները. մեկին փրկել են, մյուսը ջրահեղձ է եղել. shamshyan.com
21:35 Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ 26-ամյա տղայի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել․ shamshyan.com
00:19 Անհայտ կրթությամբ մի կին «թարս սիլլա է քաշում» մի ողջ համայնքի վրա. Սողոմոնյան
16:45 Կրեմլն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
21:58 2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում
12:46 Արագածոտնի մարզում «Opel»-ով վթարի է ենթարկվել գյուղերից մեկի դպրոցի զինղեկը. shamshyan.com
19:46 Քանյե Ուեսթը 17 պոռնո տեսանյութ է հրապարակել X-ում
16:38 Աշխարհում կա 2 կամ 3 պետություն և ժողովուրդ, որոնց մասին խոսելիս մեր դիվանագետները չեն ասում «սրանք». Աննա Հակոբյան
12:05 Շքեղ ավտոմեքենաների գողություն և վերավաճառքի սխեմա՝ Մայամի Բիչում․ ձերբակալվածների թվում երկու հայ կա
23:08 Ձմռան ցրտին կտրել են լույսը, գազն ու ջուրը. Դիլիջանում պատսպարված արցախցիներին վտարում են