Ներքին 1 տարի առաջ - 12:12 08-01-2025

Կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու․ Փաշինյանը պատասխանել է Ալիևին․ Արմենպրես

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:

- Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը Հայաստանի հասցեին արել է ագրեսիվ հայտարարություններ։ Ո՞րն է Ձեր գնահատականը:

- Թվում է՝ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել։ Հնչում են ագրեսիվ հայտարարություններ՝ հույսով, որ Երևանից կարձագանքեն նույն ոճով։ Դա Բաքվին թույլ կտա ավելի սրել իր դիրքորոշումը՝ զուգորդելով դա Հայաստանի բանակի կողմից հրադադարի խախտման մասին կեղծ տեղեկություններով։ Մենք չենք գնա այս ճանապարհով։ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակում է խաղաղության օրակարգի իրագործումը: Մեր մոտեցումը երկխոսության, այլ ոչ թե ագրեսիայի լեզուն է։ Մենք կենտրոնացած ենք սահմանազատման, խաղաղության պայմանագրի համաձայնեցման, տրանսպորտային կապերի բացման և հումանիտար խնդիրների լուծման վրա։

- Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է ֆաշիստական պետություն լինելու մեջ: Սա նույնպես այդ տրամաբանության մաս՞ է կազմում:

- Անկասկած։ Նման հայտարարությունները նպատակ ունեն հրահրել նույն ոճով պատասխան՝ «ֆաշիստը դու ես» տոնով։ Բայց կա նաև այլ մոտեցում. արձանագրենք, որ Ադրբեջանում կա նման ընկալում Հայաստանի մասին և փորձենք հասկանալ պատճառները։ Փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են երկարամյա հակամարտության։ Խաղաղության օրակարգը նպատակ ունի այս ընկալումներն ամրագրելու և դրանք երկկողմ քննարկումների միջոցով հասցեագրելու։

- Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ նշելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում:

- Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում։ Սա ներառում է նաև Ադրբեջան-Ադրբեջան և Հայաստան-Հայաստան կապեր՝ փոխադարձ համաձայնության հիման վրա։ Մենք արդեն պատրաստ ենք մեր երկաթուղային հատվածի շինարարությանը, և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։

- Ինչ կասեք «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններին:

- Նոր բան չի ասվել, որ նոր արձագանքեմ։ Իմ նախորդ արձագանքները մնում են ուժի մեջ։

- Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի սպառազինությունը կբերի նոր լարվածություն տարածաշրջանում:

- Հայաստանի բանակի բարեփոխումների օրակարգը ամբողջությամբ լեգիտիմ է։ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է նույնը։ Մենք առաջարկել ենք փոխադարձ սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ և սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։

- Ադրբեջանը պարբերաբար հայտնում է, թե իբր Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը։ Ի՞նչ կասեք այս մասին:

- Այդ տեղեկությունները կեղծ են։ Այդպիսի իրավիճակները չբանավիճելու համար առաջարկել ենք համատեղ հետաքննության մեխանիզմ։ Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։

- Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է հունվարին։ Ի՞նչ եք ակնկալում:

- Մենք տրամադրված ենք շարունակելու հանգիստ, աշխատանքային քննարկումները և զարգացնելու 2024 թվականին ձեռք բերված դրական փորձը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»