Civilnet-ը հայտնում է, որ Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով պաշտպանվելու համար։ Հայցը ներկայացրել է Walnort Finance Limited-ը, որը ունի 12,5 տոկոս բաժնեմաս ԶՊՄԿ-ում։ Այս որոշման տնտեսական ռիսկերը հաշվարկելու նպատակով
Oragir.News-ը կապ հաստատեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ։ «Ես կարծում եմ, որ 2,5 միլիոն դոլլար տրամադրելը նման ահռելի ու ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտին, որի ակտիվներն այդ թվի հարյուրապատիկն են, տնտեսական ռիսկեր չի պարունակում։ Այդպիսի խոշոր համակարգաստեղծ ընկերությունների որոշակի բաժնեմասը պետք է պատկանի կառավարությանը։ Անկախ նրանից, թե ով է կառավարությունը, կառավարության ղեկավարը ով է, իշխանությունն ումն է, միանշանակ պետք է կարևորություն տալ նրան, որ կառավարությունը ինքը պետք է մասնակցություն ունենա որպես բյուջետային հարցերը լուծող, էկոլոգիական ռիսկերը հաշվարկող և այլ գործառույթներ իրականացնող»։
Տնտեսագետի կարծիքով այդ սխալները ժամանակին թույլ են տվել այդ օբյեկտները մասնավորեցնող սուբյեկտները, նրանք պարտավոր էին որոշակի բաժնեմաս պահել պետությանը, որպեսզի պետությունը մշտապես կարողանար աչքի տակ ունենալ ու վերահսկել, թե ինչ եկամուտներ են գեներացվում, ինչ օվշորների միջոցով են այդ ամենը լվացվում, ինչ տրանսֆերային գնագոյացման մեխանիզմների միջոցով են այդ ամենը իրականացնում։ Եվ ի վերջո՝ պետք է հասկանալ թե այդ ընկերությունները, որոնք մասնակցում են, ինչպես են իրենց բաժինները տնօրինում, հարկային պարտավորությունների տեսանկյունից, այլ երրորդ անձանց փոխանցելու տեսանկյունից։ Մարգարյանը պնդեց, որ ինչ-որ տեղ սա ազգային անվտանգության հարց է։ Պետք է հասկանալ ովքե՞ր են նրանք, ինչպիսի՞ դիսլակացիա ունեն օվշորային գոտիներում։ Խոսելով այդ ծախսերի ազդեցություններից հավելեց․ «Այդ ծախսերը չնչին են՝ համեմատած այն հսկայական խնդիրների հետ, որոնք կարող են առաջանալ բոլոր առումներով՝ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ բնապահպանական։ Չմոռանանք որտեղ է տեղաբախված այս օբյեկտը և ինչ ռիսկեր կան առնչվող այս գործարանին։ Կոմբինատում շատ աշխատողներ կան, ովքեր ունեն սոցիալ-տնտեսական շահեր։ Ինքը՝ պետությունն էլ որպես հարկային շահառու, այս հսկայական կոմբինատին պետք է լրջորեն վերբերվի։ Ես միանգամայն նորմալ եմ նայում այդ կարգի երևույթներին, պետք է լինել հեռատես ու հաշվենկատ»։