Ավինյանը Փաշինյանին հակառակ կուրս է վարում. ո՞վ է բլեֆ անում
copy image url

Ավինյանը Փաշինյանին հակառակ կուրս է վարում. ո՞վ է բլեֆ անում

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 16:40 25-12-2024
2024 թվականի Երևանի բյուջեի նախնական հաշվարկները վառ ապացույց են այն մասին, որ երևանյան իշխանությունները գերազանցել են իրենց։ Պլանավորել 124,917,826.1 հազար դրամ ծախսեր և ունենալ մոտ 278,452.7 հազար դրամ դեֆիցիտ: Սա ոչ թե սխալմունք է, այլ արվեստ։ Չէ՞ որ քաղաքի կառավարման գաղտնիքը հենց այս դեֆիցիտներն են, որոնք կարծես՝ դարձել են բյուջետային հպարտության խորհրդանիշ, նախապես ակնարկելով, որ ներկայացված ծրագրերի մի մասը չի կատարվելու, որովհետև փող չկա, դեֆիցիտ է։

Եկամուտների մասով տեսանելի առաջընթաց կա՝ տրանսպորտի, աղբահանության թանկացում, կարմիր գծեր ևա այլն։ Սակայն չկա ներդրումային գրավչությունը բարձրացնելուն ուղղված որևէ ակնարկ։ Իսկ առանց արտաքին մեծ ներդրումների՝ քաղաքը թշվառության ճահճից արագ դուրս հանել հնարավոր չէ։

Երևանի բյուջեի գլխավոր մարգարիտները կարելի է նկատել ծախսային մասում։ Օրինակ, նախատեսվում է զգալի միջոցներ տրամադրել վարչական շենքերի նորոգմանը։ Թվում է՝ ինչ կա դրա մեջ տարօրինակ։ Բայց երբ քաղաքային ճանապարհները նմանվում են հին ասֆալտի թանգարանին, բյուջեի այսպիսի նախընտրությունը զայրույթ կամ ծիծաղ է առաջացնում։ Մեր քաղաքային առաջնորդներն իհարկե հասկանում են, որ ժամանակակից ու հարմարավետ գրասենյակային պայմանները բարելավում են աշխատունակությունը։ Բայց ափսոսանք է առաջացնում այն, որ ճանապարհների նորոգման հարցում նույն ըմբռնումը չի ցուցաբերվում, որ վերանան ճանապարհների փոսերն ու թակարդները, որոնք ամեն օր մեծ վնասներ են պատճառում երթևեկողներին։

Նոր այգիների կառուցումը ևս գտնվում է առաջնահերթությունների շարքում, այն դեպքում, երբ եղած այգիներն ու պուրակները նմանվում են լքված գոտիների, որտեղ ծառերը պարբերաբար չեն խնամվում, նստարանները հիշեցնում են Տիտանիկի խորտակումից հետո ափ նետված բեկորների, իսկ աղբն այնքան շատ է, որ դարձել է քաղաքին բնորոշ դեկորացիա։ Այս առումով՝ նույնպես զայրույթ ու ծիծաղ է հարուցում այն, որ քաղաքացիների համար հանգստի սիրելի, ավանդական վայրերն անխնամ վիճակում թողած, նորերն են կառուցում։

Մի շարք հարցերում, իրոք, տեսանելի առաջընթաց կա։ Օրինակ՝ պլանավորված է փողոցային լուսավորության համակարգի արդիականացում։ Ինչ խոսք, լուսավորության մակարդակը բարելավելու անհրաժեշտություն կա: Բայց ինչպե՞ս բացատրել այն, որ նոր լամպեր են տեղադրում այն փողոցներում, որտեղ մարդիկ հազվադեպ են լինում, մինչդեռ մարդաշատ բազմաթիվ հատվածները մնում են տխուր մթության գրկում։

Քննադատների մի մասը Երևանի 2024 թվականի բյուջեն ոչ թե հիմնարար փաստաթուղթ է որակում, այլ կոմեդիայի ժանրում ստեղծված գլուխգործոց, որպես օրինակ, թե ինչպես կարելի է «խելամտորեն» տնօրինել հանրային միջոցները: Օրինակ՝ վարչական հատկացումների բաժնում (Հավելված 3) կրթական, մշակութային և սպորտային նպաստներ տողով նախատեսված է ընդամենը 40 հզ դրամ, «Այլ ծախսեր» տողող 31 մլն դրամ է նախատեսված։ Իսկ ցախավելների թեման այս անգամ էլ հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ Երևանի ավագանու անդամ Ռոբերտ Ծովյանի դիտարկմամբ՝ «ԵԱՍՄ հիմնարկն ամեն ամիս գնում է 60 հազար հատ ցախավել, որը կազմում է 24 մլն դրամ։ Այսինքը տարեկան մոտ 300 մլն դրամ գնում է ցախավելի վրա»։ Ինչու՞ է պահանջվածից շատ քանակով ցախավել գնում Ավինյանը։ Հանրային կասկած է շրջանառվում, թե ձեռք բերված որոշ ցախավելներ իրոք թանկ են ու կախարդական, որոնց վրա նստած Ավինյանն ու քաղաքի մյուս պաշտոնյաները գիշերները թռչում ու հետևում են քաղաքի կյանքին։

Ուշագրավ է Երևանի բյուջեում քաղաքական բովանդակության ակնհայտ պակասը։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին, հիվանդ ձևանալով, չգնաց ՌԴ, չմասնակցեց ԱՊՀ ոչ պաշտոնական, ամանորյա կորպորատիվ հավաքույթին։ Նրա ավելի վաղ արած հայտարարությամբ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում անցել ենք անդառնալիության կետը, և ենթադրելի է, որ 2025-ին ՌԴ-ից պոկվելու ուղղությամբ լուրջ քայլեր են կատարվելու։ Հիշեցնենք նաև, որ անցյալ տարի ընտրություններից առաջ ՔՊ-ի և Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ Կասյան փողոցն անվանափոխվեց Վազգեն Ա վեհափառի անունով։ Հանրային ակնկալիք առաջացավ, որ Ավինյանը կշարունակի այս գիծը, և Երևանի այլ տեղանուններ նույնպես կանվանափովեն, կիրականացվի դեսովետիզացում։ Սա ծախսատար գործ է, որի մասին, սակայն, ոչ մի ակնարկ չկա 2025-ի բյուջեում։ Հետևապես՝ ենթադրելի է, որ կա՛մ Նիկոլ Փաշինյանը պոպուլիստաբար ձևացնում է, թե մտադիր է վերանայել հայ-ռուսական օրակարգը, կա՛մ Ավինյանը նախընտրական շրջանում ձևացնում էր, թե դեսովետիզացում է անելու, իսկ հիմա, փաստացի՝ Փաշինյանին հակառակ կուրս է վարում։

Այլ կերպ ասած՝ պետք է պարզել, թե ո՞վ է բլեֆ անում՝ Ավինյա՞նը, Փաշինյանը, թե՞ երկուսը միասին ու իրար հետ պայմանավորված։ Երևանի բյուջեն չի արտացոլում քաղաքացիների մի մասի ակնկալիքները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում