Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:42 20-12-2024

Միլիոնով աշխատավարձ, 0 հաշվետվություն, նոր պաշտոն. մի ՔՊ-ականի պատմություն

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորաթուխ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը, որ մինչ այդ զբաղեցնում էր Ավանի փոխթաղապետի պաշտոնը, ֆեյսբուքյան իր էջում ինքնագովերգող գրառում է կատարել, թե իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են լուծվել, կարևոր աշխատանքներ են կատարվել, բայց գեթ 1 օրինակ չի նշել, թե ինչ կարևոր հարց է լուծել ինքը։

«Վերջին երկու տարվա ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով, նվիրումով, և որ ամենակարևորն է՝ սիրով: Միշտ ականջալուր եմ եղել քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին, շատ հաճախ էլ ինքս եմ խնդիրներ նկատել ու գտել լուծումներ՝ անընդհատ հաշվետու լինելով Ավան վարչական շրջանի բոլոր բնակիչներին:

Կարող եմ շատ երկար թվել կարևոր այն աշխատանքները, որոնք կատարվել են իմ նախաձեռնությամբ կամ իմ ուղղակի և անուղղակի մասնակցությամբ: Սակայն ես դա չեմ անի, քանի որ վստահ եմ, որ հանրային ծառայողիս արժանիքների մասին պետք է խոսեն իմ գործերը, որոնք հանձնված են Ավան վարչական շրջանի բնակիչների արդարացի դատին»,- գրել է նա։

Նշենք, որ վարչական շրջանները բավարարվում են միայն սոցիալական ցանցերում իրենց կատարած աշխատանքի մասին ամենօրյա կամ ամեն շաբաթյա կտրվածքով նյութեր տեղադրելով, բայց ոչ տարեկան ամփոփ հաշվետվություններով։

Oragir.News-ը կապ հաստատեց Ավան վարչական շրջանի աշխատակազմի լրատվության վարչություն, որտեղից ևս հաստատեցին՝ հաշվետվություններն ըստ համապատասխան բաժինների, ամփոփվում և ուղարկվում են Երևանի քաղաքապետարան։

«Կոմունալ բաժինն իր հերթին է անում, մյուս բաժինները՝ իրենց հերթին, ամբողջը հավաքագրվում և փոխանցվում է քաղաքապետարան։ Ամեն բաժին իր կատարած աշխատանքները ամփոփում է, իսկ դա մեր կողմից լուսաբանվում է, թե ոչ, կախված են աշխատանքներից»,- հայտնեցին Ավանի թաղապետարանից, ապա հավելեցին, որ այս պահին 2024 թվականի հաշվետվությունն են ամփոփում՝ քաղաքապետարան փոխանցելու համար։

Oragir.News-ը խնդրեց փոխանցել 2023 թվականի հաշվետվությունը, որտեղ առանձնացված բաժնով նշված կլինի նախկին թաղապետի՝ Ջուլիետա Ազարյանի կատարած աշխատանքները։

Թաղապետարանից խոստացան 2023-ի հաշվետվությունն այսօր տրամադրել, իսկ 2024-ին՝ մի քանի օրից, երբ վերջնական կամփոփվեն բոլոր աշխատանքները։

Մինչև օրվա ավարտը մեզ հետ կապ չհաստատեցին, ինչը ենթադրում է, որ խուսափում են կատարված աշխատանանքները հանրային դարձնելուց, գուցե լրատվամիջոցները կգնան դրանց հետքերով և բազմաթիվ խնդիրներ կբացահայտեն։ Օրինակ՝ չարված աշխատանքը ներկայացված լինի արվածի անվան տակ։

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը օրերս հրապարակել է 2024 թվականին Ավան վարչական շրջանում իրականացված նորոգման, կառուցման ու փոխարինման աշխատանքները, որոնք, սակայն, որևէ ձևով չեն նույնականացվում:

«Ընթացիկ տարում բարեկարգվել է 10 բակ, բացազատվել է 14․000 քմ տարածք, նորոգվել է 18 շքամուտք, կառուցվել շուրջ 780 գծմ. կոյուղագիծ, տեղադրվել է 223 նստարան, 90 աղբաման, 37 խաղասարք, 20 մարզասարք:

39 նոր վերելակ, 6926 քմ հարթ տանիքների վերանորոգում, 13530 քմ բակային տարածքների ասֆալտապատում.

Սալիկապատվել է 350 քմ մայթ, վերանորոգվել 463 գծմ եզրաքար»,- նշված է հայտարարության մեջ։

Ջուլիետա Ազարյանի օրինակով, ցանկացած պաշտոնյա կարող է սրտաճմլիկ գրառում կատարել և օդում խոսել բազմաթիվ գործերի մասին ու հեռանալ, բայց հանրությունն այդպես էլ չիմանա, թե ո՞ր աշխատանքի համար են նրանք բարձր աշխատավարձ ու պարգևավճար ստացել։