Դարի ողորմություն, ժողովրդի երեսին նետված կոպեկ
copy image url

Դարի ողորմություն, ժողովրդի երեսին նետված կոպեկ

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 09:35 13-12-2024
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 12-ին հաստատեց մի կարգ, որի նպատակը անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանումն է: Այս որոշումն ուղղակի ազդելու է հազարավոր քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Ինչու՞ հիմա։ Արդյո՞ք սա կարող է լինել նախընտրական մանիպուլյացիայի մաս, որի նպատակն է շահել մեծ թվով ընտրողների համակրանքը:

Եթե որոշումը վերլուծենք զուտ տնտեսական տեսանկյունից, ապա պարզ է, որ կառավարությունը փորձում է լուծել միանգամից մի քանի խնդիր։ Ներկայումս շուրջ 341 հազար անհուսալի վարկ ունեցող վարկառուների ընդհանուր պարտքը կազմում է 642 մլրդ դրամ: Սա ոչ միայն վարկառուների, այլև բանկերի գլխացավանքն է, քանի որ նման պարտքերն ազդում են բանկային համակարգի կայունության վրա: Ծրագրի համաձայն՝ անհուսալի վարկ ունեցող անձանցից նրանք, ովքեր կհամաձայնեն ֆորմալ զբաղվածություն ձեռք բերել, կստանան եկամտային հարկի վերադարձ՝ ուղղված իրենց վարկերի մարմանը: Սա, տեսականորեն, կարող է խրախուսել ավելի շատ մարդկանց դուրս գալ ստվերային տնտեսությունից:

Այսինքն՝ այս ծրագրի ֆորմալ նպատակը անհուսալիներին փրկելն է, նրանց ստվերից դուրս հանելն ու կրկին հուսալի վարկառու դարձնելը։ Սակայն արդյո՞ք 1 մլն դրամից պակաս վարկային պարտավորություն ունեցողներին ստվերից դուրս բերելն է հիմնական խնդիրը։ Ենթադրաբար՝ ոչ։ Ուղղակի՝ այս ծրագրով փորձելու են ստեղծել մակերեսային պատկեր, թե կառավարությունը մտահոգված է հասարակ քաղաքացիների մասին, իբր Նիկոլ Փաշինյանը, ընդառաջ գնալով հազարավոր մարդկանց խնդրանքներին՝ ջրում է խեղճ մարդկանց վարկերը։

Այս աոռւմով՝ 341 հազար անհուսալի վարկառուները կարող են դիտարկվել որպես նոր ընտրազանգված: Անհուսալի վարկառուները կարող են հուսալ, որ 2 տարի պետությունն իրենց փոխարեն մարելու է իրենց վարկի մեծ մասը։ Չի բացառվում, որ շատ քաղաքացիներ կդիտարկեն այս ծրագիրը որպես կառավարության ձեռք մեկնում, և դա կարող է ազդեցություն ունենալ ՔՊ-ի վարկանիշի վրա: Այսինքն՝ եթե ընտրություններից հետո մարդիկ զարմացած միմյանց հարցնեն, թե ո՞վ է ձայն տվել Նիկոլ Փաշինյանին, այդ ժամանակ մատնացույց կանեն 341 հազար անհուսալիներին։

Կանխատեսելի է, որ այս ծրագիրը հանրային հակասական արձագանքներ կունենա։ Այն շահառուները, որոնք կհամապատասխանեն ծրագրի չափանիշներին, հավանաբար՝ շնորհակալ լինեն: Մեծ վարկային պարտավորություն ունեցող անձինք, գործազուրկները կմնան խաղից դուրս ու դժգոհ կլինեն: Տնտեսագետները կքննադատեն այս ծրագիրը որպես կարճաժամկետ և տնտեսապես անիմաստ, սխալ բան։ Ընդդիմությունը, բնականաբար, կօգտագործի այս որոշումը՝ իշխանություններին մեղադրելու կեղծ սոցիալական աջակցության և իրական լուծումներ չառաջարկելու մեջ: Իսկ ՔՊ-ն այն կներկայացնի որպես դարի ողորմություն։ Ժողովրդին երեսով են տալու այս ծրագրով, այն ներկայացնելու են որպես ժողովրդի երեսին նետված կոպեկ։

Պարզ ասած՝ եթե կառավարությունը իսկապես ձգտեր բարելավել վարկային համակարգի և քաղաքացիների սոցիալական վիճակը, ապա կիջեցներ վարկային տոկոսները, կներդներ համապարփակ և երկարաժամկետ քաղաքականություն, վարկային բեռի կառուցվածքային փոփոխություններ կաներ, այլ ոչ թե միայն մասնակի միջոցառումներ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ անհուսալի վարկառուներին օգնելու այս ծրագիրը զուտ քարոզչական գործիք է ծառայելու, որով փորձելու են բարձրացնել իրենց վարկանիշը։ Պատմության մեջ նման մի բան արել է պրետոր Կատալինան Ք.ա. 64 թվականին Հռոմի կոնսուլի ընտրությունների շրջանում։ Նա խոստանում էր զրոյացնել ընտրողների վարկերը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»