Նախօրեին Ազգային ժողովում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ստորագրվելիք խաղաղության պայմանագրի 90 տոկոսը համաձայնեցված է։ «Հուսամ՝ կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, որովհետև դրա 90 տոկոսն արված է»,- ասել էր նա։
Հատկանշական է, որ նախկինում Փաշինյանը հայտարարում էր, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի 80 տոկոսը։ Այս համատեքստում կարծիքներ հնչեցին, որ Հայաստանը հերթական անգամ համաձայնել է Ադրբեջանի պահանջները բավարարել, ինչի արդյունքում էլ կողմերին հաջողվել է «առաջընթաց» արձանագրել։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը նշեց՝ միշտ պետք է ասել իրականությունը, և իրականությունն այն է, որ սա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ Հայաստանի կապիտուլացման վերջնական ամրագրումը։ Նրա խոսքով՝ դրա միակ նպատակը Հայաստանի Հանրապետությանը հետագայում որպես պետություն գոյություն ունենալու բոլոր հեռանկարներից զրկելն է։
«Այսօր ևս խորապես համոզված եմ, որ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ որևէ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, իսկ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններն օգտագործում է Հայաստանից պարբերաբար նորանոր կործանարար զիջումներ կորզելու համար։ Սա մեկ ուղղությամբ տարվող աշխատանքն է, որի միակ նպատակը մոտակա 15-20 տարիների ընթացքում Հայաստանի լուծարումն է որպես պետություն։ Նիկոլ Փաշինյանն իր ողջ քաղաքական թիմով, ինչպես նաև Մոսկվային հավատարիմ ընդդիմությունը միասնաբար՝ յուրաքանչյուր ոք իր մասնաբաժնով, շարունակում են գործել հօգուտ Հայաստանի պետականության լուծարման մոտալուտ օրակարգի։ Սա է իրականությունը։
Բնականաբար խոսքը Հայաստանի Հանրապետության բոլոր Սահմանադրությունների հիմքում ընկած Անկախության հռչակագրի վերացման մասին է, և համոզված եմ՝ Բաքուն թեպետ վստահաբար փաստաթուղթ չի ստորագրի, այնուամենայնիվ խաղաղության պայմանագրի մշակվող տեքստում, որը կմնա հարաբերությունների կարգավորման փաթեթի նման մի բան, ներառելու է ադրբեջանական բնակչության չակերտավոր վերադարձը ՀՀ այն վայրեր, որտեղ նրանք բնակվել են մինչև 1988-89 թվականները։ Դրա մասին չի խոսվում, բայց ես առավել քան համոզված եմ, որ Ադրբեջանը պահանջելու է լուրջ սահմանափակումներ կիրառել ՀՀ զինված ուժերի սպառազինությունների, քանակի նկատմամբ, վստահաբար այս կամ այն կերպով լինելու է հանձնառություն՝ ոչ տարածաշրջանային պետությունների հետ Ադրբեջանի դեմ որևէ պայմանագիր չկնքել և այլն։ Մենք արդեն սովորել ենք, որ ամենավատթարագույն ու սոսկալի սցենարները, որոնց մեր երևակայությամբ կարող ենք հասնել, դառնում են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության առանցքը»,- շեշտեց նա։
Oragir.News-ի հարցին, թե Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայնե՞լ է այս պահանջների կատարմանը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նա իր հոգում, մտքում ու սրտում վաղուց դրանց համաձայնություն ընծայել է։ Ըստ նրա՝ Փաշինյանը գիտակցում է, որ նոյեմբերի 9-ի ստորագրությամբ սկսված գործողություններն անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության գոյության հետ, գիտի, որ դրանով իր և իր սերունդների գլխին հավերժական անեծք է վաստակել, ինչպես նաև չի կորցրել համոզմունքը, որ իր կործանարար ու դավաճանական գործողությունների համար վաղ թե ուշ տարերային պատասխանատվության է ենթարկվելու, ուստի դրանից խուսափելու միակ ճանապարհը իշխանությունը պահելն է՝ անգամ ամենասոսկալի զիջումների գնով։
«Իրականում ամենասոսկալի ու կործանարար զիջումն ինքն արդեն կատարել է՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Դրանից հետո մնացածը ընդամենը ածանցյալ են, և բնականաբար Նիկոլ Փաշինյանը, այդ թվում նաև հանուն իր ֆիզիկական կյանքի հարատևման, շարունակելու է ծախսել ամեն հնարավոր բան։ Նա նաև շարունակելու է լկտիագույն կերպով շանտաժի ենթարկել ՀՀ քաղաքացիներին, հատկապես գործնականում ընտրություն իրավունք ունեցողներին, շանտաժի է ենթարկելու պատերազմի վտանգով՝ վերարտադրվելու համար։ Եթե նախկինում իր վերընտրությունն ապահովելու գլխավոր գործիքը նախկինների վերադարձն էր, ապա այսօր նախկինները կմնան իրենց պատշաճ տեղում, բայց գլխավոր շանտաժի նյութը լինելու է պատերազմ։ Փաշինյանն ասելու է՝ եթե ինձ չընտրեք, լինելու է պատերազմ»,- նկատեց նա։
Քաղաքագետը հավելեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը սոսկալի հանցագործությամբ Արցախի բնակչությանը զրկել է ընտրություններին մասնակցելու իրավունքից։
Դավիթ Գույումջյան