Կառավարության և պետական մյուս գերատեսչությունների հաշվետու և թափանցիկ գործունեությունը ցանկացած երկրի ժողովրդավարության մակարդակը գնահատելու ամենակարևոր ցուցիչներից մեկն է։
Գաղտնիք չէ, որ Հայաստանը 2018 թվականից կառավարող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ժողովրդավարությունը հռչակել են մեր երկրի հիմնական բրենդը՝ այն համարելով իրենց կառավարման տարիների ամենաառանցքային ձեռքբերումը։ Ավելին՝ ներկայիս իշխանություններին հենց ժողովրդավարության միջոցով հաջողվել որոշ չափով մեղմել հանրության զայրույթը՝ կապված վերջին տարիների աղետների հետ։ Իշխանականները հաճախ են պնդում՝ եթե Հայաստանի ժողովրդավարացման գործընթացն ավելի շուտ մեկնարկեր, գուցե այդ ամենը տեղի չունենար։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նույնպես պահանջում է, որ պետական գերատեսչությունները ժողովրդի առաջ հաշվետու լինեն, իսկ այդ հաշվետվողականությունն արտահայտվի հանրությանը ներկայացվող զեկույցների միջոցով։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի 8-րդ կետի (աշխատակազմի գործառույթները) 3-րդ ենթակետը պահանջում է, որ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում նախապատրաստվի, վարչապետին և փոխվարչապետներին ներկայցվի կառավարության նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը, որն այնուհետև պետք հրապարակվի նաև կառավարության պաշտոնական կայքէջում։
Ուսումնասիրելով Հայաստանի կառավարության պայտոնական gov.am կայքը՝
Oragir.News-ը նկատեց, որ հիշյալ հաշվետվություններն առհասարական բացակայում էին։ Ավելին՝ կայքում առհասարակ չկար այնպիսի բաժին, որտեղ հնարավոր կլիներ ծանոթանալ կառավարության գործունեության վերաբերյալ հաշվետվություններին։
Oragir.News-ը կառավարության աշխատակազմի
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ հիշյալ հաշվետվություններն ինչո՞ւ են բացակայում կառավարության պաշտոնական կայքից, կամ եթե դրանք առկա են և մեզ չի հաջողվում գտնել, ապա խնդրեց ուղղորդել՝ ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ դրանց հետ։ Ի պատասխան՝ Արմեն Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ Նիկոլ Փաշինյանը ամեն տարի այցելում է գերատեսչություններ, որտեղ գործունեության հաշվետվությունները զեկույցներով ներկայացվում է կառավարության ղեկավարին, ինչն իրենց կողմից լայնորեն լուսաբանվում է։ «Primeminister.am կայքում բոլոր տարիների գերատեսչությունների գործունեության հաշվետվությունների մասին մամուլի հաղորդագրությունները մանրամասն տեղադրված են»,- ասաց Խաչատրյանը՝ մեզ առաջարկելով հաշվետվությունների փոխարեն ծանոթանալ մամուլի հաղորդագրությունների հետ։
Oragir.News-ի պնդմանը՝ առ այն, որ ցանկանում ենք ծանոթանալ ոչ թե մամուլի հաղորդագրության, այլ պաշտոնական հաշվետվության հետ, ինչի հրապարակումն օրենքի պահանջ է՝ Արմեն Խաչատրյանը խոստացավ ճշտել և տեղեկացնել մեզ, սակայն նա մինչև աշխատանքային օրվա ավարտ այդպես էլ կապ չհաստատեց, իսկ մեր հաջորդ հեռախոսազանգերն արդեն մնացին անպատասխան։
Այսպիսով՝ փաստենք, որ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջից բացակայում են պետական գերատեսչությունների գործունեության զեկույցները, հակառակ դեպքում Արմեն Խաչատրյանը սիրով մատնացույց կաներ դրանք։ Հարց է առաջանում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը թքա՞ծ ունի օրենքի, թե՞ պարզապես իր ղեկավարած կառույցի պաշտոնական կանոնադրությանը չի տիրապետում և թույլ է տալիս, որ օրենքը խախտվի ու զեկույցները չներկայացվեն հանրությանը։
Եթե հրապարակումից հետո Արմեն Խաչատրյանն այնուամենայնիվ որոշի պարզաբանել, թե զեկույցների բացակայությունն ինչով է պայմանավորված,
Oragir.News-ը պատրաստ է հրապարակել նաև վերջինիս տեսակետը։