Նիկոլ Փաշինյանը նախօրեին տեղեկացրեց, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում կնշանակվի Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս զբաղեցնում է ֆինանսների փոխնախարարի պաշտոնը։
Հակոբյանին շնորհավորել ու նրա մասնագիտական բարձր որակներին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր նրա ներկայիս ղեկավարը՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա բարձր էր գնահատել, որ ներկայումս կարևոր պաշտոններում նշանակվում են ոլորտի պրոֆեսիոնալները՝ այն համարելով Հայաստանի կառավարման համակարգի ամենաէական ձեռքբերումներից մեկը։
Oragir.News-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել Էդուարդ Հակոբյանը և նրա կինը՝ Անուշ Միքայելյանը․
Որպես անշարժ գույք՝ Էդուարդ Հակոբյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան և ավտոկայանատեղի՝ Երևանում, որոնք նա գնել է 2020 թվականի հուլիսի 28-ին։ Տարեվերջին ինչպես բնակարանը, այնպես էլ ավտոկայանատեղին պահպանվել են։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել, սակայն վերջինս 90 օրից ավելի տիրապետում է 2012 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենայի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։
Հակոբյանը «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունում ունեցել է 16 մլն 560․000 դրամ և 4 մլն 341․643 դրամ արժեքով փոխառություններ, որոնք տարեվերջին նույնությամբ պահպանվել են։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 92․910,2 դրամ և 45 դոլար, տարեվերջին՝ 4 մլն 310․332,2 դրամ։ Նա 2023-ի սկզբին ունեցել է նաև 4 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 4 մլն դրամ։
Հաշվետու տարում Էդուարդ Հակոբյանի եկամուտները կազմել են 19 մլն 987․276 դրամ, որից 19 մլն 933․032 դրամը Ֆինանսների նախարարությունից ստացած աշխատավարձն է, 22․058 դրամը՝ քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը, 3000 դրամը՝ ՀՊՏՀ-ից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը, 29․186 դրամը՝ Հայկական ծրագրեր ՍՊԸ-ից ստացած ապահովագրական հատուցումները։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 41 մլն 337․988,8 դրամ։
Հակոբյանն իր եկամուտներից 5 մլն 452․539,8 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Պողոսյանի կինը՝ Անուշ Միքայելյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանն ու ավտոկայանատեղին՝ համատեղ սեփականությամբ, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը նա գնել է 2016 թվականի դեկտեմբերի 28-ին։ Տարեվերջին նրա գույքը նույնությամբ պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ Միքայելյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2019 թվականի ապրիլի 1-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Միևնույն ժամանակ Անուշ Միքայելյանը հայտարարագրել է 1 մլն 97․750 դրամ արժեքով բաժնետոմսեր, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Այս բաժնետոմսերը նա ժառանգություն է ստացել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ գործարքի մյուս կողմը Սարմեն Լյուդվիգի Միքայելյանն է։
Նա առևտրային բանկերում ունեցել է 16․812,74 դոլար ընդհանուր արժեքով 3 ավանդ, որը տարեվերջին դարձել է 17․919,48 դոլար։
Միքայելյանի բանկային հաշիվներին եղել է 4 մլն 601․468,4 դրամ, 812 եվրո և 800 դոլար, տարեվերջին՝ 2 մլն 234․688,7 դրամ։ Տարեսկզբին նա ունեցել է նաև 1․5 մլն կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 2 մլն 800 հազար դրամ։
Անուշ Միքայելյանի տարեկան եկամուտները կազմել են 8 մլն 703․511 դրամ, որից 6 մլն 503․131 Հայկական ծրագրեր ընկերությունից ստացած աշխատավարձն է, 371․364 դրամը ՀՊՏՀ-ից ստացած աշխատավարձը, 302․000 դրամը՝ քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը, 92․288 դրամը՝ Ֆրանսիական համալսարանից ստացած աշխատավարձը, 1մլն 434․728 դրամը՝ Էջմիածնի Սարքաշինական Գործարան ՓԲԸ-ից ստացած շահաբաժինը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 31 մլն 671,725.4 դրամ։
Միքայելյանն իր եկամուտներից 2 մլն 556․000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։