Ներքին 1 տարի առաջ - 16:52 25-11-2024

Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հաղորդագրություն է հրապարակել՝ հիշեցնելով, որ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները․

«Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները:

ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով սահմանվում է «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։

Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է.
- Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18-ից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։ Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, դրանց բացակայության դեպքում` նաև օրենքով սահմանված այլ վայրերում: Մինչև 18 տարեկան (բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող) անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը սահմանվում են համայնքի ավագանու կողմից:

- Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։ Նախատեսված է նաև նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով: Վերջին կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թ. սեպտեմբերի 1-ից։

-Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ՝ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող ուղեբեռի, օրինակ՝ ուսապարկ): Ապրանքների առաքում իրականացնող հեծանվորդների կամ մոպեդների վարորդների կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու համար նախատեսվում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

- Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։

- Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Օրենսդրական կարգավորումների հիմնական նպատակը ՀՀ-ում այս ոլորտում միջազգային փորձին համահունչ նոր մշակույթի ձևավորումն է»:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան