Ուղիղ եթեր
Միջուկային պատերազմի վտանգը. Պուտինը մոտեցավ անդառնալիության կետին, բայց չհատեց այն
copy image url

Միջուկային պատերազմի վտանգը. Պուտինը մոտեցավ անդառնալիության կետին, բայց չհատեց այն

Արտաքին Խոսք 4 ամիս առաջ - 19:00 22-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ ռուսական զորքերն Ուկրաինայի տարածքի վրա առաջին անգամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են արձակել՝ առանց միջուկային մարտագլխիկի։

Ռուսական այս հարվածը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը՝ Վաշինգտոնի հավանությունը ստանալուց հետո, ամերիկյան ATACMS հրթիռներով հարվածել էին Ռուսաստանի Բրյանսկի մարզի տարածքին։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը նշեց՝ կարևորը ոչ թե բալիստիկ հրթիռների կիրառումն է, որն ավելի շատ թռիչքի ուղեծրի հետ կապված հասկացություն է, այլ հրթիռների մեկ այլ՝ միջմայրցամաքային հատկանիշը։ Նրա խոսքով՝ կոնկրետ այս դեպքում միջմայրցամաքայինն էլ այդքան վճռորոշ չէ․

«Ռուսաստանն ունի միջմայրցամաքային հրթիռներ, որոնք իրենց հատկանիշով բալիստիկ են։ Բալիստիկը հրթիռի ուղեգծի և արագության հետ կապված առանձնահատկությունն է․ օրինակ՝ թևավոր հրթիռն ուղիղ է թռնում, իսկ բալիստիկը կտրուկ բարձրանում է տիեզերք և հետո այնտեղից ուղղահայաց կերպով իջնում է թիրախի վրա։ Սրա նրբությունն այն է, որ ինքն իր թռիչքի հիմնական մասն անցկացնում է տիեզերքում, որտեղից մեծ արագությամբ իջնում է թիրախի վրա, որովհետև մի կողմից իր շարժիչն է այդ ընթացքն արագացնում, մյուս կողմից՝ երկրագնդի ձգողականության ուժը։ Կոնկրետ այս հրթիռը 10 անգամ ձայնի արագությունը գերազանցել է։ Քանի որ ինքն իր թռիչքային հիմնական ժամանակահատվածում գտնվում է տիեզերքում, ռադարների կողմից շատ դժվար է ֆիքսվում, այսինքն՝ երբ ինքը տիեզերքից իջնում է թիրախ վրա, հակաօդային պաշտպանության ուժերին արձագանքելու համար ընդամենը մի քանի վայրկյան ժամանակ է մնում։ Գործնականում անհնար է այդ հրթիռը ֆիքսել, եթե իհարկե հետախուզական գաղտնի տվյալներ չլինեն։

Միջմայրցամաքային հրթիռները սովորական հրթիռներից տարբերվում են իրենց թռիչքի երկարությամբ ու նաև այլ հատկանիշներով։ Այս դեպքում կիրառվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որի միջմայցամաքային տարրն ինչպես կարևոր է, այնպես էլ՝ երկրորդական։ Կարևոր է, որովհետև ըստ էության մարդկության պատմության մեջ առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվեց միջմայրցամաքային հրթիռ, իսկ մինչև այս այն միայն զորավարժությունների ժամանակ էր կիրառվել։ Մյուս կողմից՝ դա որոշակիորեն երկրորդական է, որովհետև հաշվի առնելով հարվածի տարածքը, այն չի գնացել մի մայրցամաքից դեպի մյուսը։ Պարզ ասած՝ նման հրթիռները նախատեսված են Ռուսաստանի տարածքից ԱՄՆ-ին հարվածելու համար, այսինքն՝ 10-20 հազար կմ հեռավորության վրա գտնվող տարածքի համար, բայց այս դեպքում խոսքն առավելագույնը 1000 կմ տարածության մասին է, ուստի միջմայրցամաքային բաղադրիչն այդքան էլ էական չէ։

Երրորդ հանգամանքը, ինչպես արդեն նշեցի, սա մարտական պայմաններում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կիրառման հարցն էր, որով Ռուսաստանի Դաշնությանը նաև որոշակի քաղաքական հետևանքների գնաց։ Այս հրթիռները բնականաբար ատոմային մարտագլխիկ են ունենում և իրենք հենց դրա համար են նախատեսված, սակայն գործնականում տեսանք, որ ՌԴ-ում ատոմային մարտագլխիկը շատ հաջողությամբ կարողանում են փոխարինել սովորական պայթուցիկ նյութով։ Հաշվի առնելով, որ այս հրթիռն ավելի քիչ տարածություն է թռել, ինքն ավելի քիչ վառելանյութով է լիցքավորվել, ինչպես նաև ատոմային մարտագլխիկ չի ունեցել, ունեցել է մոտավորապես 2000 կգ-անոց պայթուցիկ մաս։ Օրինակ ռուսական հայտնի իսկանդեր հրթիռներն ունեն 500 կգ-անոց պայթուցիկ մաս, ուստի այս հրթիռ իր ամբողջությամբ 4 իսկանդերի ուժ ուներ՝ պայթյունի վայրում։ Այս հրթիռի առանձնահատկությունը նաև այն էր, որ թիրախի վրա բաժանվում է 6 մասի, որի իմաստն այն է, որ վերջինս հակաօդային պաշտպանությունն ավելի հեշտ հաղթահարի։ Մենք տեսանք, որ այս դեպքում 6 մասն էլ հարվածեցին ու ոչ մի մասի հարվածը չկանխվեց»։

Հակոբյանը հիշեցնում է, որ նոյեմբերի 2-րդ կեսից սկսած տեղեկություններ էին ստացվում, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է ATACMS հրթիռները կիրառել Ռուսաստանի տարածքի խորքի նկատմամբ, որոնց հարվածի շառավիղը 300 կմ է։ Բացի այդ, տեղեկություններ եղան, որ ֆրանսիական կողմը նույնպես թույլ է տվել իր հրթիռները կիրառել ՌԴ տարածքի նկատմամբ, սակայն ավելի ուշ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ այդ թույլթվությունը չեղարվել է։

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանն ATACMS հրթիռներին հակադարձելու քիչ հնարավորություններ ուներ, իսկ մյուս կողմից սա հակամարտությունը բարձրացնում էր նոր աստիճանի, որովհետև դրանով խախտվում էր ՌԴ հիմնական տարածքին չհարվածելու չգրված կանոնը։ «Սա նաև կարող էր Ռուսաստանի ղեկավարության ֆիզիկական անվտանգությանը սպառնալ, որովհետև Կիևը հնարավորություն է ստանում որոշ դեպքերում հարվածել նաև Պուտինի նստավայրին։ Ռուսական կողմը երեկ հայտարարեց, որ այս հարվածով ինքը փաստացի պատասխանում է իր տարածքին հասցված հարվածին։ Այժմ այստեղ գնում է նյարդերի պայքար ու խաղադրույքների բարձրացում, իսկ Ռուսաստանն էլ ցույց տվեց, որ ինքը չի վախենում խաղադրույքները բարձրացնելուց, թեև հրթիռները կիրառեց առանց ատոմային մարտագլխիկի։ Սա Ուկրաինայի բնակչության համար կարող է նաև լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ այդ հրթիռներից մեկի մեջ ինչ-որ փուլում միջուկային մարտագլխիկ չի լինի. Երբ դու Կիևում ես ապրում ու քո գլխին ընկնում է «Орешник» կոչված հրթիռը, չես կարող վստահ լինել, որ հաջորդ պահին Ռուսաստանը միջուկային ռումբ չի գցի։

Սա շատ լուրջ հոգեբանական պահ է։ Տեսնենք, թե արևմուտքը սրան ինչպես կարձագանքի։ Արևմուտքն այժմ փորձում է մինչև Թրամփի պաշտոնամուտը Ուկրաինայում տիրող իրավիճակն է այնպես սրել, որպեսզի վերջինս չկարողանա բանակցությունների միջոցով այս պատերազմը սառեցնել։ Սա նաև Թրամփի վարչակազմին է ձեռնտու, որովհետև դատելով առկա տեղեկատվական պատառիկներից, Թրամփն ընտրվելուց հետո Պուտինի հետ շփումներ է ունեցել, ինչից հետո ռուս քարոզիչների ոգևորությունը որոշակիորեն նվազել է։ Սա սպասելի էր, քանի որ պարզ է՝ Պուտինն ու Թրամփը միանգամից ձեռք ձեռքի չէին տալու։ Բանակցություններն այժմ օդում կախված են մնացել, և Թրամփը, պահպանելով իր ալիբին, թույլ է տալիս, որ Բայդենը իրավիճակը սրի, որպեսզի երբ ինքը գա իշխանության, այդ սրումը վաճառի Պուտինի վրա ու ավելի շահավետ պայմաններով հակամարտությունը սառեցնի»,- ասաց նա՝ նշելով այժմ նյարդերի պայքար է ընթանում։

Մհեր Հակոբյանը շեշտում է՝ Արևմուտքը վերջին տարիներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «անկյուն է քշել», ինչին վերջինս պատասխան է տալիս՝ առայժմ խորհրդանշական։ Նրա խոսքով՝ այս հարվածով Պուտինը չափազանց մոտեցավ անդառնալիության կետին, սակայն չանցավ այն՝ առաջին անգամ միջմայրցամաքային բալիսիտիկ հրթիռ կիրառելով․ «Պուտինն իր խոսքում այս հրթիռը կոչեց «Орешник»՝ ակնարկելով, որ «Орех»-ը նույնպես գոյություն ունի, որը անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել»։

Ռազմաքաղաքական վերլուծաբանը չի բացառում, որ Ռուսաստանն ինչ-որ պահի կարող է նաև միջուկային մարտագլխիկով հրթիռներ կիրառել՝ զգուշացնելով, որ դա կլինի աշխարհի վերջը, չի լինի որևէ մեկը, ով իր մաշկի վրա դրա հետևանքները չի զգա։ Նա այս համատեքստում չի կիսում իշխանամետ որոշ փորձագետների լավատեսությունը, ովքեր պնդում են, որ ատոմային պատերազմն այդքան էլ սարսափելի բան չէ։ «Մարդիկ ընկել են յուրօրինակ «ազարտի» մեջ ընկել, Պուտինն էլ բարձրացնում է խաղադրույքները։ Պուտինը 70 տարեկան մարդ է, եթե իր կենսական շահերին կպնեն, ապա չի բացառվում, որ նա կդմիմի նման միջոցի։ Ատոմային պետությանն անկյուն քշելը ողջ երկրագնդի համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ, ինչից անհրաժեշտ է ամեն գնով խուսափել»,- ասաց նա՝ նշելով՝ վստահ չէ, որ ՌԴ նախագահը ատոմային հարված չի հասցնի, եթե վերջինիս «պատին դեմ տան»։

Մհեր Հակոբյանը հավելեց՝ ՌԴ նախագահը բարեբախտաբար դեռևս չի կորցրել իր ողջամտությունը, և ինքն էլ է հասկանում, թե նման հարվածն ինչ հետևանքներ կունենա։ «Բայց եթե վաղը Ուկրաինան հարվածի Կրեմլին, կամ Պուտինի ամառանոցներից մեկին, որքանով կարող ենք վստահ լինել, որ Պուտինն իր հեղինակությունը փրկելու համար, Ռուսաստանը փրկելու համար նման քայլի չի դիմի։ Պուտինն էլ մարդ է, ում դեմ որս են սկսել, վերջինս էլ պայքարում է դրա դեմ։ Հուսանք, որ Աստված աշխարհի ուժեղներին իմաստություն կտա, որպեսզի այս նրանք այս երկրագունդը չփչացնենք, որպեսզի մենք և մեր սերունդներն ապրելու տեղ ունենանք։ Հուսանք նաև, որ Պուտինն էլ, Արևմուտքն էլ, սա կհասկանան, մինչև հունվարին Թրամփը կգա և այս անիծյալ կռիվը կվերջանա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան



Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն