Ուղիղ եթեր
Հակահայկական քարոզչություն և սկանդալների տեղատարափ․ ինչով նշանավորվեց Բաքվում ընթացող COP29-ը
copy image url

Հակահայկական քարոզչություն և սկանդալների տեղատարափ․ ինչով նշանավորվեց Բաքվում ընթացող COP29-ը

Արտաքին 4 ամիս առաջ - 19:45 21-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Բաքվում ընթացող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը ավարտվում է։

ՄԱԿ-ի այս կարևորագույն միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց 2023 թվականի դեկտեմբերին՝ Արցախի դեմ տեղի ունեցած աֆրբեջանական վերջին ագրեսիայից ու հայկական երկրորդ հանրապետության լիակատար հայաթափումից ընդամենը 3 ամիս անց։ Այս որոշումը կայացվեց նաև հայկական կողմի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Ադրբեջանը 32 հայ ռազմագերիների ազատ արձակեց՝ դա որակելով որպես «բարի կամքի դրսևորում»։

COP միջոցառումների ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են՝ քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները:

Թեպետ Ադրբեջանն ի սկզբանե ակնկալում էր ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարների հյուրընկալել իր հարկի տակ, այնուամենայնիվ համաշխարհային մի շարք առաջնորդներ այդպես էլ Իլհամ Ալիևին նման պատվի չարժանացրեցին։ Տարբեր պատճառներով Բաքուն չմեկնեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեռ Օլաֆ Շոլցը, Կանադայի վարչապետ Ջաստին Թյուդոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հայաստանը նույնպես չմասնակցեց այս միջոցառմանը, սակայն մինչև պահը չհստակեցնելով՝ Բաքու մեկնելու որոշում կա՞, թե՞ ոչ։ Մամուլը չէր բացառում, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարող է մասնակցել համաժողովին, եթե ադրբեջանական կողմը Հայաստանին գերիներ վերադարձնի, սակայն առ այս պահը դա տեղի չունեցավ, ուստի կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանը մերժել է այս առաջարկը։

Բաքուն փորձեց օգտվել COP29-ին հայկական կողմի բացակայությունից՝ այն վերածելով հակահայկական քարոզչության և մեղադրանքներ հնչեցնելու հարթակի, ինչին պաշտոնական Երևանը խորիմաստ լռությամբ է արձագանքում։ Ադրբեջանցի պաշտոնյաները Հայաստանին մեղադրելու այս առիթը բաց չթողեցին՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հենց ՀՀ-ն է խոչընտում, թետեպ փորձագետները վստահ են, որ պատկերը նույնն էր լինելու, եթե անգամ հայկական կողմը մասնակցեր այս միջոցառմանը։

Այնուամենայնիվ, որքան էլ Ադրբեջանի իշխանությունները փորձել էին համաժողովն անցնցում անցկացնել, այնուամենայնիվ այն զերծ չմնաց բազմաթիվ սկանդալներից․

Դեռևս համաժողովի մեկնարկից օրեր առաջ BBC-ի ադրբեջանական ծառայությունը մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ համաժողովի գործադիր տնօրեն, Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սուլթանովը քննարկում է հանածո վառելիքի շուրջ հնարավոր գործարքները:

Սուլթանովն օգտագործել է իր պաշտոնական դիրքը՝ փորձելով ներդրումներ ներգրավել իր հետ կապված SOCAR պետական նավթագազային ընկերության համար։ Գաղտնի տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է նա հավանական գործարքը քննարկում ներդրող ներկայացող անձի հետ: «Մենք ունենք գազային բազմաթիվ հանքավայրեր, որոնք պետք է շահագործվեն»,- նշել է նա՝ տեսանյութում։

Նշենք, որ վերջինս նաև SOCAR-ի՝ Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության խորհրդի անդամ է։

Սուլթանովը հավանական ներդրողին խոստացել է, որ կօգնի կապ հաստատել իր թիմի և SOCAR-ի թիմերի միջև: Մի քանի շաբաթ անց հոնկոնգյան կեղծ ընկերությունն էլեկտրոնային նամակ է ստացել ադրբեջանական ընկերությունից:

Ինչպես արդեն նշեցինք, աշխարհի ամենախոշոր և ազդեցիկ երկրների առաջնորդները տարբեր պատճառներով ներկա չեն գտնվել համաժողովին։ Չնայած սրան՝ համաժողովին մասնակցող առաջնորդներն էլ չեն կարողացել խուսափել սկանդալից․ մասնավորապես Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվել է COP29-ին մասնակցող ղեկավարների հետ լուսանկարվելուց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատճառով։ Վերջինս Ուկրաինայի դեմ պատերազմում Պուտինի հիմնական դաշնակիցն է և համարվում է Եվրոպայի վերջին բռնապետը։

«Սա պարոն նախագահի գիտակցված որոշումն էր։ Family photo-ն ընտանեկան լուսանկար է, պարոն նախագահը որոշել է, որ չի ցանկանում ընտանեկան լուսանկար ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,- գրել է լեհական Interia պորտալը՝ Լեհաստանի նախագահականի իր աղբյուրներին հղումով։

Բաքվում տեղի ունեցած հաջորդ սկանդալի կիզակետում իր հայամետ հայտարարություններով ու գործողություններով աչքի ընկնող ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնն էր։ Վերջինս նոյեմբերի 18-ին նախատեսում էր մասնակցել COP29-ին, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ ունենալ Բաքվում։ Այդ նպատակով նա Բաքու էր ժամանել շաբաթ օրը՝ կեսօրին։

Ամերկացի սենատորին հետապնդել են տեղի լրագրողները, որոնք խիստ «վիրավորված են եղել» Փալոնի հայամետ դիրքորոշումներից: Փալոնին հալածել են օդանավակայանում, հյուրանոցում, որտեղ մշտապես «հերթապահել» են մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և հասարակական ակտիվիստներ Ադրբեջանից՝ բողոքի ակցիաներով ու կարգախոսներով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արգելել է Փալոնին մասնակցել իր և ԱՄՆ Կոնգրեսի անդամների հանդիպմանը: Չնայած Փալոնը հանդիպում էր խնդրել Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից, նրան հատուկ ցուցակից հեռացրել են։

Կոնգրեսականը խուսափել է ֆիզիկական վնասներից բացառապես ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։ Նա երկուշաբթի առավոտյան լքել է հյուրանոցը, ժամանել անմիջապես օդանավակայան՝ օդ բարձրանալով Բաքվից հատուկ չարթերային չվերթով։

Ֆրանսիայի հետ սկանդալից նույնպես ադրբեջանական կողմին չի հաջողվել խուսափել․ Ադրբեջանում Ֆրանսիայի և Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանները մեկ օրվա տարբերությամբ կանչվել են այդ երկրների արտաքին գործերի նախարարություններ։

Մասնավորապես Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին ադրբեջանական իշխանությունների կողմից COP29-ի շրջանակներում արված անընդունելի հայտարարությունների պատճառով: Օրերս Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Անյես Պանյե-Ռյունաշեն ստիպված էր չեղարկել իր մասնակցությունը ՄԱԿ-ի այս համաժողովին:

Անմիջապես ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը. նրան բողոք են հայտնել COP29-ում Ադրբեջանի նախագահության դեմ Փարիզի գործողությունների առիթով: Բաքվում անընդունելի են համարել այդ միջոցառումը բոյկոտելու Փարիզի կոչերը, սակայն չեն սահմանափակվել COP29-ի թեմայով, այլ նաև անդրադարձել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Այսպիսով, ամփոփելով Բաքվում ավարտվող COP29 համաժողովը, կարող ենք փաստել, որ այն տապալված էր, այն ծառայում էր բոլորովին այլ նպատակների, որոնք անգամ աղերս չունեին այս համաժողովի կողմից նախապես հռչակված նպատակների հետ։ Անշուշտ այս իրողությունն իր ազդեցությունը կունենա հետագա գործընթացների նկատմամբ՝ նախևառաջ մեծ վնաս հասնցելով նմանաբովանդակ հետագա համաժողովների հեղինակությանը և ստվեր կգցի դրանց կարևորության վրա։

Կարճ ասած՝ Բաքվում կայացած հետագայում կհիշվի ադրբեջանցի պաշտոնյաների հակահայկական քարոզչությամբ, ինչպես նաև սկանդալների տեղատարափով, որոնցից Ալիևի վարչակազը չկարողացավ խուսափել։

Դավիթ Գույումջյան





Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն