Ներքին 1 տարի առաջ - 09:00 21-11-2024

Ժողովրդավարներն՝ ընդդեմ ժողովրդավարության

Պաշտոնանկությունների շքերթը շարունակում է մնալ հանրության քննարկման գլխավոր թեման։ Հիմնական հարցերը մնում են անպատասխան։ Եվ մտահոգիչն այն է, որ խորհրդավոր պաշտոնանկությունները ներկայացվում են որպես նորմալ, օրինաչափ, ժողովրդավարական նորմերին համապատասխանող բան։

Արդյո՞ք խորհրդավոր պաշտոնանկությունները համահունչ են ժողովրդավարության նորմերին, թե՞ դրանց խախտման վկայություն են։

Ավտորիտար վարկակարգերը որոշումներն ընդունում են խորհրդավոր գաղտնիությամբ, առանց ժողովրդի կամքը, կարծիքը հաշվի առնելու։ Ժողովրդավարությանը բնորոշ է հաշվետվողականությունը և թափանցիկությունը։ Պաշտոնյաները հաշվետվություն են ներկայացնում կատարած աշխատանքի մասին, իրազեկում նախագծերի մասին, ազնվորեն ու անկեղծորեն կիսվում ժողովրդի հետ, հնարավորություն ստեղծում, որ քաղաքացիները կարծիք հայտնեն իշխանության, քաղաքական համակարգի կառույցների, պաշտոնյաների կատարած աշխատանքի և նախագծերի վերաբերյալ։

Ազատ աշխարհն օգնում է եվրաինտեգրման ճանապարհ ընտրած անկախ և ժողովրդավարական ՀՀ-ին ապահովել ժողովրդավարությանը բնորոշ կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Այդ նպատակով միլիոնավոր դոլարներ ու եվրոներ են հատկացվում ՀՀ իշխանություններին, որ ՀՀ-ում խորանան ժողովրդավարական ավանդույթները։ Օրինակ՝ ԵՄ-ի փողերով է բացվել e-draft-ը։ Դրամաշնորհներ են հատկացվում, որ թափանցիկություն ապահովեն, քանի որ դա ժողովրդավարության կարևոր տարրերից է։

Այս առումով՝ առանձնապես խնդրահարույց են ԲԴԽ նախագահի, Փարաքարի համայնքապետի և ՀՀ ԱԺ պատգամավորի հրաժարականները, քանի որ ԲԴԽ նախագահը դատական իշխանության բարձրագույն պաշտոնյան է, համայնքապետը ընտրովի պաշտոն է, նա հաշվետու է առաջին հերթին իր համայքնի բնակիչներին, ԱԺ պատգամավորը նույնպես ընտրովի պաշտոն է, օրենսդիր առաքելություն ունի և ենթակա չէ վարչապետի կամքին։ Այս պաշտոնյաները ի սեր ժողովրդավարության, հարգելով ժողովրդի իրազեկ լինելու իրավունքն ու քաղաքական ինքնասիրությունից ելնելով, պարտավոր են հանրությանը պարզ և առանց ավելորդ ակնարկների տեղեկացնել իրենց հրաժարականների իրական պատճառների, հիմքերի մասին։

Եթե ավելի խտացնենք գույներն, ապա կարող ենք ասել, որ այս պաշտոնյաներն իրենց խորհրդավոր, միջնադարյան լռությամբ հարված են հասցրել Հայաստանի ժողովրդավարական իմիջին, ստեղծելով հակասական պատկեր։ Մի կողմից՝ ՔՊ-ն իրեն ժողովրդավարության ջատագով է համարում, մյուս կողմից գործում է ժողովրդավարության դեմ։ Ստացվում է՝ ժողովրդավարները գործում են ժողովրդավարության դեմ։ Այսպիսի բան չի լինում։ Այստեղ ինչ-որ բան սխալ է։

Եթե ՔՊ-ն ժողովրդավարությանը դեմ է, ապա այդ մասին պետք է ազնվորեն հայտարարի ի լուր աշխարհի։ Այս դեպքում վարչապետը պարտավոր չէ պարզաբանում տալ հանրությանը։ Իսկ պաշտոնանկ արվածներն էլ կարող են հաստատել, որ հրաժարական են տվել վարչապետի խնդրանքով, քանի որ ինչպես Փաշինյանն, այնպես էլ իրենք չեն հարգում ժողովրդավարական նորմերը։

Իսկ եթե ՔՊ-ն ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն է համարում, ապա Փաշինյանը պարտավոր է մանրամասն ու հիմնավոր հաշվետվություն տալ հանրությանը, թե ինչո՞ւ է ազատել ԲԴԽ նախագահին կամ ստիպել պատգամավորին վայր դնել մանդատը։ Վերջիններս էլ պետք է մանրամասն ներկայացնեն, թե ի՞նչ սխալ բան են արել, որ Փաշինյանն իրենց խնդրել է հրաժարական տալ։

Կարճ ասած՝ խորհրդավոր պաշտոնանկությունները ժողովրդավարության դեմ են։ Հետևաբար՝ կուսակցությունները, ԶԼՄ-ները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, որոնց կարծիքով՝ ժողովրդավարությունը կարևոր է Հայաստանի համար, պետք է դատապարտեն այս հակաժողովրդավարական երևույթը և իշխանություններից, մասնավորապես՝ վարչապետից ու հրաժարական տվածներից պահանջեն սպառիչ պարզաբանում խորհրդավոր պաշտոնանկությունների վերաբերյալ։ Հակառակ պարագայում տպավորություն կստեղծվի, թե ՀՀ-ում ժողովրդավարության ջատագով չկա, ՀՀ-ն հետամնաց երկիր է, որի վարչապետն ինչ ուզում՝ անում է, ում ուզում՝ գործից հանում ու նշանակում է, առանց ժողովրդին հաշվետվություն տալու։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան

Ձեզ գուցե հետաքրքրի