Oragir.News-ը ներկայացնում է նոր հաղորդաշար՝ «Մեր գյուղը», որի շրջանակներում այցելելու ենք Հայաստանի տարբեր գյուղեր և քաղաքներ՝ ներկայացնելու այնտեղ ապրող մարդկանց առօրյան, գյուղի պատմությունը, ավանդույթները։
Մեր առաջին կանգառը Արմավիրի մարզի Բաղրամյան խոշորացված համայնքի Երվանդաշատ գյուղն է, որը գտնվում է հայ-թուրքական սահմանին։
Մոտ 750 բնակիչ ունեցող գյուղում հիմնականում զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։
Բաղրամյանի փոխհամայքնապետ Հովնան Ավետիսյանը, որ ծնվել և ապրում է Երվանդաշատում, հպարտությամբ նշեց՝ իրենց գյուղը գտնվում է Հայաստանի 3-րդ մայրաքաղաքի տարածքում․
«Այստեղ գտնվում է Երվանդ թագավորի արքունիքը, պեղումներ են կատարվել, պատերը երևում են։ Գյուղը շատ հիասքանչ վայրում է գտնվում, մեր երվանդաշատցիները շատ հյուրընկալ, շատ լավ, աշխատասեր ժողովուրդ են։ Գյուղում գրեթե ոչ մի խնդիր չկա, միայն գազի հարցն է, դա էլ շուտով կլուծվի, որովհետև ծրագիրն արդեն հաստատվել է Կառավարության կողմից»։
Հովնան Ավետիսյանը նաև նշեց, որ իրենց համար շատ կարևոր էր նաև գյուղում եկեղեցի ունենալը, որի բացումն այս տարի է եղել։
Երվանդաշատի վարչական ղեկավար Շահեն Մուրադյանն էլ ասաց, որ գյուղում տարբեր մրգեր են աճում, բայց առաջին տեղում ծիրանն է․
«Միայն այս տարի 1100 տոննայից ավելի ծիրան է դուրս եկել այս պուճուր գյուղից»։
Գյուղում եղանք նաև Զավեն Գևորգյանի դարբնոցում։ Ասաց՝ հիմնականում հողագործական գործիքներ է պատրաստում․
«Փոքր տարիքից այստեղ եմ եղել, հորս հետ զբաղվել եմ այս գործով։ Շատ հին դարբնոց է՝ 70-80 տարեկան, ոչ մի փոփոխություն չենք արել։ Ես լսել եմ, որ դատարկ զնդանին չի կարելի խփել, մեկ էլ զնդանի վրա նստել չի կարելի, քանի որ այն հաց աշխատելու համար է»։
Վարպետ Զավենը նաև փայտի փոքրիկ արտադրամաս ունի, հատուկ արկղեր է պատրաստում, որոնց վրա ծիրան, սալոր և այլ մրգեր են չորացնում։
Երվանդաշատի բնակիչ Համլետ Ղազարյանն էլ ցույց տվեց գյուղի բնական աղբյուրը և հուշարձանը։ Ասաց՝ նախկինում, երբ մարդկանց տներում ջուր չկար, այս աղբյուրից են դույլերով ջուր կրել։ Հիմա արդեն բոլորի տներում 24 ժամ խմելու ջուր կա։
Այցելեցինք նաև Երվանդաշատի հիվանդանոց, խոսեցինք կենտրոնի տնօրեն Արթուր Գարումովի հետ․
«Ես 1990 թվականին Ուզբեկստանից տեղափոխվել եմ Հայաստան։ Առաջին ուղեգիրս ստացել եմ «Երվանդաշատի առողջության կենտրոն», որտեղ աշխատում եմ առ այսօր։ Սպասարկում ենք 4 գյուղ՝ Երվանդաշատ, Բագարան, Վանանդ և Կողբավան։ Հիվանդները հիմնականում ունեն բարձր ճնշում, աղերի կուտակումներ, օստեոխոնդրոզ, օստեոպորոզ։ Ինֆարկտով հիվանդների թիվը պակասել է կտրուկ, քանի որ ամեն ինչ կա առաջին օգնության համար։ Վերջին շրջանում շատացել է շան կծածների թիվը․․․
Երվանդաշատ գոյւղի ժողովուրդը շատ բարի, շատ լավն է, ինձ լավ ընդունել են 1990 թվականին, դրա համար ես մնացել եմ այստեղ, թե չէ ես լինելու էի 15-րդ բժիշկը, ոչ մեկը չի դիմացել»։
Զրուցեցինք նաև Երվանդաշատի բնակիչ Թամարա Մնացյանի հետ, որը գյուղի մանկապարտեզի տնօրենն է, աշխատում է նաև դպրոցում։ Տիկին Թամարան ուրախությամբ ներկայացրեց իրենց մառանը՝ պահածոները․
«Բալի, ելակի կոմպոտներ, ծիրանի հյութ, որոնք շատ առողջարար են․․․Մենք հիմա շատ խառը վիճակում ենք, որովհետև 2 օրից տղայիս հարսանիքն է, մեզ համար սպասված օր է։ Մեր եկեղեցում առաջին պսակադրությունն է լինելու»։
Երվանդաշատում մարդիկ շատ լավ հարևանություն անել գիտեն, դրա վառ օրինակը տիկին Ցողիկն ու տիկին Աիդան են։
«Աիդան իմ հարևանուհին է, մենք 35 տարի հարևանություն ենք անում, մի քրոջ նման ենք»,- ասաց Ցողիկ Մարտիրոսյանը, ապա կատակեց․ «Եկել ենք, առանց կռվի գրավել ենք այս գյուղը»։
Տիկին Աիդային հարցրինք՝ ինչպե՞ս է ծանոթացել ամուսնու հետ․
«Քույրս այդ ազգի մեջ հարս էր, ինձ տեսել, սիրահարվել էր, սեր առաջին հայացքից․․․ Ունեմ 5 երեխա, 4 հարս, ամեն ինչ շատ լավ է, գյուղն էլ շատ սիրում ենք»։
Վերջում այցելեցինք նաև Երվանդաշատի բնակիչ Հասմիկ Սարգսյանին, որն այդ պահին հաց էր թխում․
«Արմատներով Թալինի Մաստարա գյուղից եմ, 23 տարեկան էի, երբ եկա այստեղ հարս։ Շուտով 36 տարին կլրանա, որ այստեղ եմ։ Գյուղը մեզ սիրեց, մենք էլ գյուղը սիրեցինք, սիրեցինք անմնացորդ։ Գյուղն այնքան հոգեհարազատ բան ունի իր մեջ, որ թույլ է տալիս՝ սիրենք իրեն։ Քչերը երևի գիտեն մեր գյուղի մասին։ Լինելով նաև անուղղելի հայրենասեր՝ ես հայրենասիրության ամենաանուղղելի տարբերակն եմ, ինձ համար ոչինչ չկա աշխարհում, բացի իմ հայրենիքից։ Հայրենիքն ինձ համար առաջնային խնդիր է։ Փոքրիկ մասնիկը լինելով իմ հայրենիքի՝ գուցե ես ոչինչ չեմ արել հայրենիքիս համար, սակայն իմ սերը, ջերմությունը իմ հայրենիքն է, հայրենիքից այն կողմ, ես ոչինչ չեմ տեսնում․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում։