Օրերս հայտնի դարձավ, որ ոստիկան «Սրբազան» շարժման օրերին ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկած կարմիրբերետավոր Գևորգ Մկրտչյանի լիազորությունները վերականգնվել են։ Ընդ որում, Մկրտչյանը աշխատանքի էր վերադարձել հուլիսին՝ միջադեպից 1 ամիս անց։
Թեմայի վերաբերյալ
Oragir.News-ը զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ․
-Պարո՛ն Իշխանյան, ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունը, փաստացի չի՞ ստացվում, որ քաղաքական իշխանությունը անուղղակիորեն խրախուսում է բռնություն գործադրող ոստիկաններին, նպաստում նման դեպքերի կրկնությանը։-Նախ, նշենք այս դեպքն առաջինը չէր, երբ ոստիկանը ծեծում է ոչ միայն խաղաղ ցույցարարին, այլև ոստիկանության բաժին բերված անչափահասին և նրա փաստաբաններին։ Հիշենք նաև, այո՛ պնդում եմ ոստիկանների կողմից Սամվել Վարդանյանի դաժան ծեծը։ Եվ այս ամենը մնում է անհետևանք։ Այնպես որ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքը ո՛չ առաջինն էր, ո՛չ էլ, ցավոք վերջինը։ Իհարկե, կարող ենք ասել, որ Աշոտ Սիմոնյանն օժտված էր նաև պատգամավորական անձեռնմխելիությամբ։ Եվ ի՞նչ, միթե՞ ոստիկանն այդ մասին չգիտեր։ Համոզված եմ, որ ոստիկանը տեղյակ էր, որ Աշոտ Սիմոնյանը ԱԺ պատգամավոր էր։
Այժմ փորձենք գնահատական տալ այդ երևույթին։ Հայաստանում ոստիկանությունը և մյուս, այսպես կոչված իրավապահ մարմինները ՝ ՔԿ, ԱԱԾ, Հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը, ոչ թե զբաղված են հանցագործությունների կանխարգելմամբ և բացահայտմամբ, այլ հանդիսանում են վարչապետ կոչեցյալի և նրա ընտանիքի անսահմափակ իշխանության և անվտանգությունն ապահովող կառույցները։ Այս տեսակետից եթե դիտարկենք, նույն դաժան, մարդկային դեմքը կորցրած ոստիկանը, ոչ թե պատժվում է իր հակաօրինական և հակամարդկային արարքների համար, այլ համոզված եղեք, որ խրախուսվում է, նաև նյութապես՝ պարգևավճարներով։
Եվ վերջապես, եթե որևէ ոստիկան իր վայրագությունների համար պատժվի կամ հեռացվի աշխատանքից, ապա հաջորդ անօրինական հրահանգն այլևս ոչ մի ոստիկան չի կատարի։ Այնպես որ սին հույսեր չունենանք, որ նույնիսկ մարդասպան ոստիկանը պատասխանատվության կենթարկվի։
-Ինչո՞վ եք պայմանավորում, որ հանրությունն այս ամենին կարծես թե նորմալ է վերաբերվում, ու բռնություն գործադրող ուժայինները հանրային պարսավանքի չեն ենթարկվում, ինչը որոշ չափով հետագայում նրանց կկաշկանդեր բռնություն գործադրելուց։-Շատ ցավալի փաստ նշեցիք։ Ցավոք, մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն անտարբեր է իր հայրենակցի ցավի նկատմամբ, քանի դեռ այն չի առնչվել իրեն և իր մերձավորներին։ Եվ ցավալիորեն լռում են ոչ միայն, ներեցեք՝ շարքային քաղաքացիները, այլև իրենց մտավորական համարող անձինք՝ գիտնականներ, գրողներ, արվեստագետներ։ Մենք տեսել ենք թե այլ երկրներում ինչպես է ողջ հասարակությունը, այո՛ հակասահմանդրական ճանապպարհով ընդվզում ոստիկանական ապօրինությունների դեմ։ Իսկ մեր հասարակության համար այդ երևույթի առավել ցայտուն օրինակը, շատ ցավալի բան եմ ասում՝ Արցախի անկումն էր։ 2020թվականի նոյեմբերի 9-ից հետո, շատերին, օրինակ տավուշցիներին թվում էր, որ դա իրենց չի վերաբերում։ Հետո եկավ Կիրանցը։ Եվ նորից, օրինակ սյունեցիներին թվում է, թե Կիրանցի դեպքերն իրենց չի վերաբերում։ Եվ այսպես շարունակ։ Հակառակ դեպքում, ողջ Հայաստանը ոտքի կկանգներ և վաղուց վռնդած կլիներ ազգադավ իշխանությանը։
-Ձեր համոզմամբ՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն որևէ կերպ կարձագանքե՞ն այս միջադեպին, թե՞ հերթական անգամ աչք կփակեն։-Նախ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ պետք է հետևողականորեն աշխատել, նրանց ներկայացնել փաստագրված զեկույցներ։
Հարց է ծագում, արդյոք այդ ամենն արվո՞ւմ է։ Կասկածում եմ։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանի շատ, կարելի է ասել՝ նախկին իրավապաշտպաններ, ոչ միայն չեն «նկատում» այդ անօրինականությունները, այլև ողջունում են դրանք, ապա ի՞նչ ենք պահանջում միջագային իրավապաշտպան կազմակերպություններից։ Ցավոք, այս 6 տարիների ընթացքում Հայատանում չստեղծվեց հզոր իրավապաշտպանական շարժում, որը հետևողական աշխատանքներ կտաներ միջազգային կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ։
Հաշվի առնենք, նաև այն հանգամանքը այդ նույն միջազգային իրավապաշտպան կազմակերպություները գործում են որևէ երկրի տարացքում և ամենայն հավանականությամբ, ոչ միայն լոյալ են վերաբերվում տվյալ երկրին, այլև հաշվի են առնում այդ երկրի աշխարհաքաղաքական շահերը։ Օրինակ հանրահայտ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ոչ միայն «չի նկատում» Հայաստանում կատարվող անօրինականությունները, քաղաքական հետապնդումները, տասնյակ քաղբանտարկյալներին, այլև 2 տարի անընդմեջ Հայաստանում անցկացնում է ժողովրդավարությանը նվիրված համաժողովներ, որտեղ «բոցաշունչ» ելույթներով հանդես է գալիս այս բոլոր անօրինականությունների հեղինակ, բռնապետական հակումներով վարչապետ կոչեցյալը։
Դավիթ Գույումջյան