Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:30 08-11-2024

Քոչարի պես նորարար-հանճարին ժամկետանց ձևերով մեծարելը ծիծաղելի է

Նաիրա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսպես հեռվից նայում եմ Երվանդ Քոչարի հոբելյանին նվիրված ծրագրերը՝ ցուցահանդես, բալետ-մալետ... Ու զարմանալին այն է, որ չեմ մտածում, թե՝ վայ, ինչ ափսոս, որ չեմ կարող ներկա լինել դրանց: Չեմ ափսոսում, որովհետև հեռվից, նույնիսկ, նաֆթալինի հոտ եմ զգում:
167 մլն դրամ է հատկացվել,- ազդարարում է ԿԳՄՍՆ-ն:

Ի՞նչ է արվել այդ գումարով՝ մի քանի մանր-մունր, ոչ մի հետք չթողնող միջոցառումանման բաներ ու մեկ էլ պատկերասրահի ցուցահանդեսը:
Իսկ, թե ինչ են արել պատկերասրահում... ասեմ:
Հավաքել են Քոչարի գործերը ու ժամանակագրությամբ շարել իրար հետևից... մի գրամ միտք ու երևակայություն չի շարժվել... չէէ, վայ, մոռացա, մի սրահը անիմացիոն էր, «շարժել են» Քոչարի պատկերները: Wow!!!

Թանգարանի իմ հարգելի գործընկերներ, դուք գիտեք, որ եթե ես այդտեղ՝ ձեր կողքին էլ լինեի, ապա սա ասելու էի ձեր աչքերի մեջ նայելով:
Ախր, ոնց կարելի է: Այդ անիմացիոն շարժերը աշխարհն արել է 30 տարի առաջ: Լյումեր պատկերասրահը Մոսկվայում ու Պետերբուգում բացվել է 25 տարի առաջ, դրանից տասը տարի առաջ էլ Փարիզում էր առաջին ցուցադրությունն եղել:
Քոչարի պես նորարար-հանճարին ժամկետանց ձևերով մեծարելը ծիծաղելի է: Քոչարն ինքն անցած դարում առանց համակարգչային տեխնիկայի՝ իր քանդակներով ստացել է այսօրվա 3D-ն էլ, անիմացիոն շարժումն էլ:
Ընդ որում, Քոչարը դա արել է ԿԱՐԾՐ նյութով:

Հիմա պատին պռոեկտորով ու լուսային էֆեկտներով Քոչար եք ներկայացնում ու բոլոր ալիքներով հայտարարում, թե Քոչարը համաշխարհային արվեստագե՞տ է:

Եթե համաշխարհային է, ապա համաշխարհային ցուցահանդես անեիք: Հայաստանում այս ցուցահանդեսը բացելու փոխարեն Փարիզում բացեիք: Պոմպիդուում մի-երկու հարկ լցնեիք նկար, քանդակ, մանիֆեստ, գիրք, ալբոմ...

Աշխարհին շռնդալից ցույց տայիք համաշխարհային Քոչարին, թե չէ Երևանում նա թանգարան ունի, պատկերասրահում աշխատանքները ցուցադրվում են, քաղաքում քանդակները կան...
Ուզում եք գործերը անիմաստ տեղաշաժելով ու շարժելով համաշխարհային իմիտացիա ստեղծե՞լ:
Չի լինի այդպես:

Իսկ Հայաստանում պետք էր անել կուրատորական հետաքրքիր մի ցուցահանդես: Ես, օրինակ, (հանպատրաստից բան եմ ասում) կվերցնեի այս լուսանկարը որպես գլխավոր մոտիվ ու ցուցահանդես կանեի հենց այս նկարի հիման վրա: Կենտրոնում կլինեին Քոչարի մի քանի գլուխգործոցները, իսկ շուրջը կցուցադրեի Գայանե Խաչատրյան, Մինաս, Դեղձ Աշոտ, Վրույր, Ռուդոլֆ Խաչատրյան...

Այսինքն, այն սերունդը, որն ազդվել է Քոչարից, որոնց համար Քոչարը եղանակ է ստեղծել, որոնք մի օր բան ու գործ թողել, հավաքվել ու հպարտությամբ և լրջորեն գնացել են ֆոտո-սրահ՝ Քոչարի հետ լուսանկարվելու համար:

Մի հատ նայեք կողքի արվեստագետների դեմքերին, թե որքան ակնածանք կա... նրանք գիտակցում են, թե ու՜մ հետ են նկարվում, ու՜մ շուրջն են համախմբվել...

Քոչարի ֆենոմենն էր պետք ստանալ ու բացահայտել, թե չէ մնացածը քամիներ են, որոնք օդում պարապ պտտեցնում ու մսխում են 167 մլն դրամը»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու