Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 20:28 03-11-2024

Գյումրիի ավագանու խմբակցությունները բացառում են ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը

Արդեն հայտնել էինք, որ տասը օրից ավելի է՝ Գյումրիի քաղաքապետարանում աշխատանքը պարալիզացված է։ Այս մասին բարձրաձայնեցին Գյումրիի ավագանու անդամները, անգամ ներկայացրեցին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իրենց տարբերակները։

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը գտնում է, որ իրավիճակի ելքը ՏԻՄ արտահերթ ընտրություններն են։

Գյումրիի ավագանու անդամ Վարդևան Հակոբյանի կարծիքով` Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված կառավարման ճգնաժամի լուծումը փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանին տնային կալանքից ազատելն ու աշխատանքի վերադարձնելն է։

Տեղեկություններ են շրջանառվում, որ Գյումրիի ավագանու մյուս խմբակցությունները ՔՊ-ի հետ կոալիցիա են կազմելու, և ՔՊ-ն կարողանալու է քաղաքապետ դարձնել իր թեկնածուին` ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին, ով հեղափոխությունից հետո զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը մանդատներից հրաժարվել են «Բալասանյան» դաշինքի 14 ավագանու անդամները, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Նշենք նաև, որ օրերս ավագանու «Բալասանյան դաշինք» կուսակցության ընտրական ցուցակում գտնվող և ավագանու անդամ չստացած անդամները բոլորը ինքնաբացարկ էին ներկայացրել՝ բացառությամբ մեկի, որը գտնվում է արտերկրում։

Oragir.News-ը Գյումրիի ավագանու խմբակցությունների ղեկավարներից փորձեց ճշտել ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը։

Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն ասում է, որ ՀՀԿ-ն ՔՊ-ի հետ բացառում է որևէ տեսակի համագործակցություն։

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ հայտարարեց. ««Ապրելու Երկիրը» հանրապետության մասշտաբով ՏԻՄ-ում չի համագործակցել ՔՊ-ի հետ։

Ինչ մնում է «Զարթոնք» խմբակցությանը, ապա խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, բայց խմբակցության անդամների հարցազրույցներից հասկանում ենք, որ հետևում են զարգացումներին։

Հիշեցնենք, որ 2021 ՏԻՄ ընտրություններին, երբ «Բալասանյան դաշինքը» հաղթեց ՔՊ-ին դաշինքի առաջնորդ Սամվել Բալասանյանն էլ պնդում, որ ՔՊ-ի հետ բացառված է որևէ համագործակցություն, բայց ընդամենը մի քանի օր անց՝ 2021 թ. հոկտեմբերի 30-ին, «Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր ստորագրեցին։

Նշենք, որ օրերս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ով հավակնում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնին, լրագրողների հետ զրույցում ասել նշել էր.

««Բալասանյան դաշինքը» Գյումրիում մանդատները վայր է դրել, քաղաքապետը հրաժարական է տվել: ՔՊ-ի որոշելու հարցը չէր դա: ՔՊ-ն դրանից հետո արդեն իր դիրքորոշումը հայտնում։ «Բալասանյան դաշինքը» մանդատները դրել է, դրանից հետոյի պրոցեսը և քաղաքապետի հրաժարականն արդեն քաղաքական պրոցես է»:

ՔՊ-ականները ամենաբարձր մակարդակով հերքում են, որ «Բալասանյան դաշինքի» անդամների մանդատները վայր դնելը ճնշման հետևանք է, բայց ակնհայտ է, որ մյուս համայնքների սցենարով Գյումրիում ևս ՔՊ-ն կարողացավ հասնել իշխանազավթման։

Հիշեցնենք, որ Ալավերդիում, Ախուրյանում, Վանաձորում ավագանու ղեկավարներ էին ընտրվել ոչ ՔՊ-ականները, բայց որոշ ժամանակ անց տարբեր տեսակի ճնշումների ներքո այդ համայնքների կառավարումն անցավ ՔՊ-ին։

Ձեզ գուցե հետաքրքրի