Պետությունը հաց է ու գրանտ․ Փաշինյանի հետին խելքը
copy image url

Պետությունը հաց է ու գրանտ․ Փաշինյանի հետին խելքը

Միտք Ներքին 5 ամիս առաջ - 09:00 30-10-2024
Չնայած լցոնումների, բռնությունների, ընտրակաշառքի, ընտրակեղծիքների մասին բազմաթիվ արձանագրումների և վկայությունների, Նիկոլ Փաշինյանը Վրաստանի ընտրություններից մի քանի ժամ անց, երբ վերջնական արդյունքները դեռ չէին ամփոփվել, շտապեց շնորհավորել «Վրացական երազանքի» հաղթանակը։ Ի՞նչը ստիպեց եվրոպական ձգտումներ ունեցող ժողովրդի վարչապետին այսպիսի դիրքորոշում արտահայտել կասկածելի ընտրությունների վերաբերյալ, ճանաչել այն ուժի հաղթանակը, որը մրցակիցների բնորոշմամբ՝ ռուսական շահեր է սպասարկում։

Այս քայլով Փաշինյանը հայտնվեց Եվրոպայի ժողովրդավարական հասարակությունների կողմից մերժված անձնավորություն համարվող Օրբանի, Արցախը զավթած Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի իշխանությունների հասցեին վատ բաներ ասող Մարգարիտա Սիմոնյանի հետ նույն շարքում։ Փաշինյանն ամեն առիթով վստահեցում է աշխարհին, որ ՀՀ-ում հեղափոխությունից հետո ընտրությունները չեն կեղծվում, ժողովուրդը վստահ է, որ իր քվեով է ձևավորվում իշխանությունը, ոչ ոք կասկածի տակ չի առնում ձևավորված իշխանությունների լեգիտիմությունը։ Այս ամենից հետո նա շնորհավորում է անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ անցկացված ընտրություններում վերարտադրվողի տպավորիչ հաղթանակը։ Սա կարող է որոշակի գցել նրա հեղինակությունը ԱՄՆ-ում և ԵՄ-ում, որոնք պաշտպանում են ՀՀ անկախությունն ու ինքնիշխան իրավունքները ռուս-ադրբեջանական ագրեսիվ նկրտումներից։

Այստեղ ակնհայտ հակասություն է նկատվում, ինչ-որ բան այն չէ, ինչ-որ կարևոր մի բան է դրդել է նրան գնալ ռիսկային քայլի, որի արդյունքում լուրջ վնաս է կրելու Հայաստանը։

Ռուսամետ շրջանակները և Փաշինյանին անհիմն համակրողները փորձում են արդարացնել այս քայլը լոգիստիկայի համատեքստում։ Հայաստանի՝ դեպի Եվրոպա և Ռուսաստան ճանապարհներն անցնում են Վրաստանով։ Այս երկրի կայունությունը կարևոր է Հայաստանի տնտեսության, ժողովրդի կենսական կարիքները հոգալու համար։ Վրաստանի պասիվ արևմտամետ իշխանությունների վերարտադրությունը ձեռնտու է Փաշինյանին նաև այն պատճառով, որ նա կարող է անկախության և ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված բարեփոխումներ չանել, ձգձգել եվրաինտեգրման ընթացքը, մատնացույց անելով Վրաստանը, որն առերևույթ նահանջում է այդ ճանապարհից։

Արևմտամետները քննադատում են այս քայլը, կարծիք տարածում, որ ՔՊ-ին և «Վրացական երազանքին» միավորող ընդհանրությունը ռուսական շահեր սպասարկելն է։ Ինչպես վրացական ընդդիմությունն է Իվանիշվիլիին համարում ռուսական գործակալ, այնպես էլ հայ արևմտամետներն են Փաշինյանին հանդիմանում ռուսական հետաքրքրությունները սպասարկելու մեջ։

Ավելի հեռուն տեսնողները տրամաբանական այլ վարկած են առաջ քաշում։ «Վրացական երազանքի» հաղթանակից հետո ենթադրվում է, որ արևմտյան ֆինանսավորում ստացող վրացիների մի մասն արտագաղթելու են Հայաստան, քանի որ օտարեկրացիների մասին օրենքով հետապնդման են ենթարկվելու իրենց երկրում։ ՀՀ մեծ քանակի եվրո և դոլար է մտնելու նրանց հետ միասին, դրանց մի մասը մտնելու է բյուջե, որը տնօրինում է ՔՊ-ն։ Իվանիշվիլիի ռուսահաճո քայլերի հետևանքով Վրաստանին հատկացվող արևմտյան դրամաշնորհների մի մասը կտրվելու են։ Դրանք ևս կարող են ուղղվել Հայաստան, եթե ՔՊ-ական իշխանությունը տպավորություն ստեղծի, թե եվրաինտեգրման, եվրաատլանտյան ձգտումներ ունի։ Այս դեպքում կրկին մեծ քանակի եվրո և դոլար է մտնելու երկիր։ Այսպիսի զարգացումը ձեռնտու է Փաշինյանին ու նրա համակիրներին, քանի որ ՀՀ մտնող դրամաշնորհներն ամբողջությամբ ՔՊ-ն ու նրա աջակիցներն են իրացնում։

Պարզ ասած՝ անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ անցկացված ընտրություններում վերարտադրվողի տպավորիչ հաղթանակը շնորհավորելու հարցում Փաշինյանը երկու առաջնահերթություն ունի՝ ռուսական շահը չոտնահարելն ու արևմտյան դրամաշնորհն իրացնելը։ Եթե վերաձևակերպենք Փաշինյանի հայտնի բանաձևն, ապա այն կարող են հնչել այսպես՝ «Որտեղ ռուսական շահ՝ այնտեղ կաց, որտեղ արևմտյան դրամաշնորհ՝ այնտեղ հաց»։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված