Վրաստանի նախկին վարչապետ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համապետական ցուցակը գլխավորող Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ արևմտյան երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել է
Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդ ճակատ բացել։ Նրա խոսքով՝ երբ Ղարիբաշվիլին հարցրել է, թե Վրաստանը քանի՞ օր կարող է պատերազմել ՌԴ-դեմ՝ արևմտյան պաշտոնյան ասել 3-4, ապա հավելել․ «Բայց դուք 3-4 միլիոն եք: 3-4 օրում բոլորին չեն սպանի։ Ապա դուք կարող եք սկսել պարտիզանական շարժում անտառներում: Մենք ձեզ կօգնենք, իսկ դուք այնտեղից կպայքարեք»։
Oragir.News-ը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանից հետաքրքրվեց՝ իր համոզմամբ Իվանիշվիլիի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ սա առավելապես նախընտրական համատեքստում արված հայտարարություն էր։ Ի պատասխան՝ քաղաքական մեկնաբանը նշեց․
«Ես իհարկե չեմ ուզում ենթադրություն անել՝ դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Իհարկե անկասկած է, որ դրանում կա նախընտրական կոնտեքստը, այսինքն՝ «Վրացական երազանք»-ը ուզում է պահել իշխանությունն ու իր քաղաքականությունը, և նախընտրական պայքարում լինում են նաև այդպիսի քարոզչական հնարքներ, բայց մյուս կողմից էլ կասկածից վեր է այն, որ Արևմուտքի վերաբերմունքը ու ակնկալիքները Վրաստանից հենց այդ կոնտեքստում են՝ Ռուսաստանի դեմ դիրքավորման։ Հիմա կոնկրետ առաջարկել են պատերազմ սկսել, թե առաջարկել են ՌԴ-ի հանդպես ավելի կոշտ քաղաքականություն վարել, սա արդեն մենք կարող ենք ենթադրել, հավատալ կամ չհավատալ, բայց տրամաբանությունն ակնառու է․ Վրաստանից ակնկալվում է դիրքավորվել Ռուսաստանի դեմ և վերջինիս համար խնդիրներ ստեղծել։ Այս առումով ես կարծում եմ, որ Արևմուտքի քաղաքականությունը բավականին նկատելի է»։
Հակոբ Բադալյանը նշում է՝ եթե Վրաստանը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացի, բնականաբար դա ճնշում կլինի Ռուսաստանի վրա, ինչպես նաև կթուլացնի վերջինիս դիրքերը։ Նրա խոսքով՝ դա միևնույն ժամանակ բարձրացնում է այն հավանականությունը, որ Ռուսաստանը նոր աշխարհակարգի հարցում այս մեծ դիմակայության մեջ ավելի հակված է լինելու Արևմուտքի պայմաններն ընդունելուն ու նրա մոտեցումներին համահունչ խաղալուն։
«Սա շատ պարզ պայքար է։ Եթե 2 մրցակիցներ կան, իհարկե մրցակիցները շատ են, 2-ը չեն, բայց եթե խոսում ենք Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերակցության առումով, ապա ցանկացածը փորձում է խնդիրներ ստեղծել մյուսի համար։ Ակնհայտ է, որ Վրաստանում երկրորդ ճակատի բացումը խնդիր է լինելու Ռուսաստանի համար, և ոչ միայն բուն ռազմական առումով, այլ նաև ռեսուրսային, քաղաքականության՝ ընդհանուր կովկասյան քաղաքականության առումով։ Կրկնեմ՝ նպատակն է հասնել նրան, որ ՌԴ-ն հակված լինի ընդունել Արևմուտքի պայմանները ու պայմանավորվածությունների գնա՝ ըստ այդմ։ Այսօրվա համաշխարհային դիմակայությունը նշանակում է միջուկային գերտերությունների միջև աշխարհի վերաբաժանման նոր փուլ՝ ազդեցության գոտիների, տնտեսական գոտիների և այլն, ու այստեղ հարցն այն է, թե նոր աշխարհակարգի վերաբերյալ պայմանավորվածություններն ինչպիսի հարաբերակցությամբ են լինելու․ ավելի շատ ով է ում զիջելու կամ ով ում պայմաններն է ընդունելու»,- կարծում է նա։
Oragir.News-ի հարցին, թե Վրաստանում հնարավոր հետընտրական բախումները Հայաստանի վրա ինչպե՞ս կարող են ազդել՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ եթե Վրաստանում անկայունություն լինի, ապա մեծ հաշվով դա կարող է ռիսկի տակ դնել Հայաստանի համար լոգիստիկ կարևոր ուղիները։ Ըստ նրա՝ Վրաստանում իրավիճակի ապակայունացումը Հայաստանին սպառնում է հենց այդ առումով, ու դա է պատճառը, որ ցանկացած պարագայում ՀՀ-ի համար մեծ կարևորություն ունի կայուն Վրաստանը․
«Այս տեսանկունից մենք իհարկե որպես պետություն պետք է պատրաստ լինենք նաև այդ սցենարին։ Դա ցանկալի սցենարը չէ, բայց մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև մեծ հաշվով դրա վրա ազդեցություն չունենք, այսինքն՝ Վրաստանում կայունություն կլինի՞, թե՞ ոչ, դա մեր ազդեցությունից դուրս է, սակայն պետք է պատրաստ լինենք, որ եթե իրադարձությունները զարգանան այդ տարբերակով, ապա Հայաստանը չունենա մատակարարումների խնդիր և այլընտրանքային ուղին (նկատի ունեմ հարավից՝ Իրանի ճանապարհով-Հ․Բ․) գործի բավական սահուն ու կայուն տրամանությամբ»։
Հարցին՝ Վրաստանում հետընտրական բախումների ռիսկը որքանո՞վ է բարձր՝ քաղաքական մեկնաբանը պատասխանեց՝ ակնհայտ է, որ Վրաստանում լինելու են հետընտրական զարգացումներ։
«Մենք տեսանք, որ ամռանը՝ հայտնի օրենքների ընդունման համատեքստում, եղան բազմահազարանոց ցույցեր, և դրանք այսպես ասած ընդհատվեցին՝ անկասկած խորհրդարանի ընտրության առիթով շարունակվելու համար։ Ամռանը Վրաստանի իշխանությունը պահեց իրավիճակը, հիմա կկարողանա՞ պահել իրավիճակը, թե՞ ոչ, չեմ կարող ասել, որովհետև անկասկած է՝ այս հետընտրական պրոցեսում խաղադրույքները շատ ավելի բարձր են լինելու։ Այն, որ հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ լինելու են, կասկածից վեր է։ Ի՞նչ տրամաբանությամբ կզարգանա իրավիճակը, կհասնի՞ արդյոք զանգվածային բախումների, թե՞ ոչ, սա արդեն կախված է տարբեր գործոններից»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան