Հայաստանի Հանրապետությունում կարծես՝ նոր պրակտիկա է ձևավորվել իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնելուց, ապա ազատվելուց կամ ինքնակամ հեռանալուց հետո փաստաբանական գործունեություն իրականացնելը։
Այսօր կանդրադառնանք նրանցից 2-ին՝ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանին և ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին։
Երկուսն էլ բարձր պաշտոններ են զբաղեցրել, տիրապետում են մեծ ծավալի տեղեկատվության, տեղյակ են բազմաթիվ վարույթների, քաղաքացիների անձնական տվյալների, և հիմա հայտարարել են, որ զբաղվելու են փաստաբանական գործունեությամբ։
ԱԱԾ-ն Հայաստանի կարևորագույն ուժային կառույցներից մեկն է, եթե ոչ առաջինը, և պարզ է, թե նրա ղեկավարը ինչպիսի տեղեկատվության է տիրապետում։
Ամենևին կասկածի տակ չդնելով ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի անաչառությունը, բայց հիմա, երբ նա հայտարարում է, որ այսուհետ փաստաբանական գործունեություն է իրականացնելու, քաղաքացին որքանո՞վ համոզված լինի, որ Համբարձումյանն իր «հակառակորդի» վրա ճնշումներ չի գործադրի՝ իր տիրապետած տեղեկությունները գործի դնելով։
Օրինակ՝ քաղաքացու մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություն՝ ուր է գնացել, ինչ է արել, ում հետ է հանդիպել և այլն։
Նույնը վերաբերվում է Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանին, որի միջնորդությամբ ԲԴԽ-ն բազմաթիվ վարույթներ է ընդունել, դատավորներ ազատել կամ նշանակել։ Ինչպե՞ս կարող է նա անաչառ փաստաբանական գործունեություն իրականացնել, երբ ունեցել է հստակ քաղաքական դիրքորոշում։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ կան պաշտոններ և կա տեղեկատվություն, որը փակ է եղել ի սկզբանե, և փակ պետք է լինի որոշակի ժամանակ, ԱԱԾ-ի դեպքում շատ ավելի երկար ժամանակ, և այն չի կարող օգտագործվել։ Բայց սրան զուգահեռ մեկ այլ խնդիր կա։
«Պետք է հասկանալ մարդկանց աշխատանքից, պաշտոնից հանելուց հետո, ինչո՞վ պետք է զբաղվեն մարդիկ, ի՞նչ գործունեություն պետք է ծավալեն, արդյոք պե՞տք է տանը նստեն և ոչ մի բանով չզբաղվեն։ Դա խնդիրներից մեկն է նաև, որի պատճառով շատ-շատ պաշտոնյաներ կառչած են մնում իրենց աթոռներից ու չեն ուզում պաշտոնից հրաժարվել, քանի որ չեն էլ պատկերացնում, թե բացի չինովնիկությունից՝ ինչով պետք է զբաղվեն իրենց հետագա կյանքում։
Փաստաբանության դեպքում շատ մեծ սահմանափակումներ լինել չեն կարող։ Բայց միևնույն ժամանակ կա տեղեկատվություն, որը պետք է փակ լինի շատ երկար ժամանակ։ Նույնը վերաբերվում է ԱԱԾ-ին, Արդարադատության նախարարությանը և այլ կառույցներին, որովհետև իրենք ունեն շխատակիցներ, որոնք կապված են գաղտնի, հույժ գաղտնի տեղեկատվությունների հետ։ Դա ավելի շատ բարեխղճության, մարդկային հատկությունների վրա է՝ կօգտագործե՞ն, թե՞ չեն օգտագործի։ Բայց պետությունն էլ իր հերթին պետք է ուշադիր լինի, վերահսկողության շատ հստակ մեխանիզմներ ձեռնարկի, ունենա, որպեսզի կարողանա հետևել պրոցեսներին։ Իսկ ասել, որ մարդիկ պաշտոն զբաղեցնելուց հետո այլևս որևէ գործունեությամբ չեն կարող զբաղվել, կնշանակի, որ մենք դրդելու ենք մարդկանց ավելի շատ կառչած լինել այդ աթոռներից, քան կառչած են եղել բոլոր ժամանակներում»,- ասաց իրավապաշտպանը։
Ի՞նչ նկատի ունեք՝ փակ ինֆորմացիա ասելով, հարցրեցինք իրավապաշտպանին։
«Օրինակ՝ ԱԱԾ տնօրենի գրեթե ամբողջ գործունեությունը փակ է։ Հետևաբար դա օգտագործել աշխատանքի մեջ, ինչ-ինչ նպատակներով դուրս հանել այդ փակ տեղեկատվությունը, հետո էլ օգտագործել, իհարկե՝ անթույլատրելի է։ Բայց նշեմ, որ բոլոր ժամանակներում մեր երկրում ընդունված է եղել հայտնի «կոմպրոմատների պատերազմը», որ շատ մարդիկ խոսում են։ Դա հենց այդ գաղտնի գրիֆ ունեցող տեղեկատվության օրինական, առանձին դեպքերում ոչ օրինական հավաքագրած տեղեկությունների օգտագործումն է, որը բոլոր ժամանակներում եղել է, և այդ հավաքագրված տեղեկատվությունը շատ դեպքերում օգտագործվել է և՛ դատավորների դեմ ճնշում գործադրելու, և՛ տարբեր պաշտոնյաների վրա ճնշում գործադրելու, և՛ քաղհասարակության վրա ճնշում գործադրելու համար»,- հավելեց Նինա Կարապետյանցը։
Փաստացի՝ դրանց կանխարգելող մեխանզիմներ այսօր առկա չե՞ն, հատկապես, երբ ականատես եղանք բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցի գաղտնալսմանը և այլն։
«Կարծում եմ, ինչ-որ կանոնակարգեր կան, բայց դրանք հաստատապես շատ հին են ու անընդհատ արդիականացման կարիք ունեն, որովհետև ժամանակները փոխվում են, տեղեկատվությունը վերահսկելը բավականին դժվար է դառնում․․․
Արդարադատության նախարարն էլ որոշակի տեղեկատվություններ կարող է ունենալ, որոնք փակ են իրենց բնույթով, որոնք կարող են օգտագործվել իր հետագա ծրագրերի, գործունեության մեջ։ Դա ավելի շատ բարեխղճության հետ է կապված, հասկանո՞ւմ է, որ այդ տեղեկատվությունը, որն իրեն հասանելի է եղել որպես պետական պաշտոնյա, չի կարող օգտագործել անձնական նպատակներով»,- եզափակեց իրավապաշտպանը։
Նշենք, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը աշխատում է «Էյ Էմ» փաստաբանական գրասենյակում։
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն էլ աշխատում է իր հիմնադրած «Միքայել Համբարձումյան և ընկերներ» փաստաբանական գրասենյակում։