Ներքին 1 տարի առաջ - 15:33 15-10-2024

Առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ

Ներկայացվող օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ներդնելու աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ, ինչը նշանակում է, որ աշխատանքային պայմանագրերը կկնքվեն թվային համակարգի միջոցով, կլինեն օրենսդրությանը համապատասխան, գրագետ եւ նույնանման: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ, ինչպես նաեւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրենքների նախագծերը:

Զեկուցողը նշել է, որ աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի թվային եղանակով, համաժամանակյա ռեժիմով եւ ցանկացած պահին հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը: Հնարավորություն կստեղծվի պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների վերահսկողությունը, նվազեցնել փաստաթղթաշրջանառությունը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայում կան խնդիրներ: Մասնավորապես, գործատուն միշտ չէ, որ պահպանում է աշխատանքային պայմանագրի կնքման գործընթացը. օրինակ՝ չեն նշվում աշխատաժամանակի տեւողությունը կամ վարձատրության չափը եւ կամ մի շարք այլ պահանջներ: Դեպքեր կան, երբ տարբեր պատճառներով չի տրամադրվում նաեւ աշխատանքային պայմանագրի երկրորդ օրինակը: Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները:

Համակարգը նախատեսվում է ներդնել երկու փուլով՝ կամավոր եւ պարտադիր: Կամավորը կներդրվի 2025 թվականի հուլիսի 1-ից եւ կտեւի մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը. դրանից հետո այն բոլորի համար կլինի պարտադիր:

Թվային համակարգի մուտքը նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով եւ հանդիսանալու է համակարգի առանձին մոդուլ: Աշխատանքային պայմանագիրն աշխատողին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով: Աշխատանքային պայմանագրերի կնքումը թվային համակարգի միջոցով կլինի կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Թվային համակարգի կառավարումն իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն, Տեսչական եւ հարկային մարմինները ունենալու են հասանելիություն համակարգին՝ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացակարգի շրջանակում եւ հարկային հսկողության մասով: Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանն օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն կտրվի այն ծավալով, որն անհրաժեշտ է օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման համար:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կարվի ամենը, որպեսզի համակարգը հասանելի լինի բոլորին եւ ապահովվի թվային անվտանգությունը: Փոխնախարարը նաեւ անդրադարձել է աշխատանքային պայմանագրերի վաղաժամկետ խզմանն ու նման համակարգի ներդրման միջազգային փորձին վերաբերող հարցերին:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ համակարգի ներդրումը բավականին առաջադեմ է եւ արմատական փոփոխություն է ներկայացնում: Նա առաջարկել է մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքների նախագծերում կատարել մի քանի տեխնիկական բնույթի շտկումներ:

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովի՝ հոկտեմբերի 14-ի հերթական նիստում եւ ստացել դրական եզրակացություն: Առաջարկվել է հարցն ընդգրկել նաեւ առաջիկա ԱԺ հերթական օրակարգի նախագծում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին