Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:38 14-10-2024

Հայաստանում արագընթաց տեմպերով զարգանում է սև հնագիտությունը․ Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արտաշատ մայրաքաղաք, կամ չօգտագործվող հնագիտական ժառանգության մասին

Բոլորովին վերջերս լրատվամիջոցներն անդրադարձան Արտաշատ մայրաքաղաքի տարածքում վաղքրիստոնեական եկեղեցու մնացորդների հայտնաբերմանը, որն ինքնին մեծ իրադարձություն է և պետք է սպասենք նորանոր տվյալների ի հայտ գալուն: Սրա հետ մեկտեղ, չեմ կարող չնշել, որ այս լուրը տարածվեց ոչ թե հայկական լրատվամիջոցների կամ հայ հնագետների նախապես պատրաստած նյութի հիման վրա, այլ հայ-գերմանական հնագիտական արշավախմբի գերմանացի հետազոտողների հրապարակումից հետո: Ես նույնպես բացառություն չէի և այդ մասին տեղեկացա դրսի աղբյուրներից:

Այս գրառումով ցանկանում եմ անդրադառնալ մեր մշակութային ժառանգության ճիշտ ու ճշգրիտ մատուցման ու հանրահռչակման խնդիրներին: Այս ոլորտում, անշուշտ, առաջնային դերը պատկանում է պատմության թանգարաններին, որոնք գործում են Երևանում և մարզերում՝ երկրագիտական թանգարանների կարգավիճակով: Հիմա եկեք պատկերացնենք մի հնավայր, որի տարածքը պարբերաբար աղճատվում է բնակելի շենքերով, գերեզմաններով ու վարելահողերով և որտեղից պարբերաբար և շատ դեպքերում պատահականորեն հայտաբերվում են արվեստի գլուխգործոցներ: Այդ հնավայրի անունը Արտաշատ է, որը հույն պատմիչ ու աշխարհագրագետ Ստրաբոնն իր գեղեցկության համար անվանում է «Հայկական Կարթագեն»: Ահա այս «Հայկական Կարթագենի» տարածքում պարբերաբար աշխարհացունց բիզնես նախագծեր են մշակվում՝ առանց հաշվի առնելու հնագետների կարծիքն ու հայկական այս բացառիկ ժառանգության պահպանման, հանրահռչակման և մեր երկրի յուօրինակ բրենդներից մեկը դարձնելու կարևորությունը:

Եթե փորձենք հասկանալ պատմական Արտաշատի հարստությունների ծավալն ու բացառիկությունը, միայն նշեմ, որ դասագրքային դարձած «Արտաշատի Աֆրոդիտեն» հայտնաբերվել է հնագիտական հետախուզական շուրֆ փորելու առաջին օրը՝ բահի առաջին իսկ հարվածներից հետո: Նույն կերպ հայտնաբերվել է նաև Տրայանոսի շքեղ լատինատառ արձանագրությունը: Իսկ մարմարե արձանիկի ոտքը գտնվել էր հարևան գյուղերից մեկի պատի մեջ՝ երբ այն օգտագործվել էր որպես շաղախի լիցքի քար:

2009 թ. շատ պատահականորեն այնպես ստացվեց, որ ես դարձա հնագիտական հետազոտություններ իրականացնելու համար բավական լուրջ միջոցներ տրամադրելու հիմնական լոբբիստը: Հնագիտական նորանոր հայտնագործությունների արդյունքում ազգային ինքնության հիմնատարրերը նաև հնագիտական այս նոր ցուցիչներով հարստացնելու ռազմավարությունն էր, որ ստիպեց ինձ հանդես գալ նման դերով: Այդ ռազմավարության սահմանները դուրս են գալիս սոսկ պատմամշակութային ժառանգության կոչվելուց. այն ռազմավարություն է, տեղեկատվական պատերազմի ու ինքնության պահպանման հրամայական: Արտաշատի ու Դվինի պարագայում ունենք ահռելի մի ներուժ, որի ճիշտ մատուցումն ու հանրահռչակումը, առաջին հերթին հենց Հայաստանի ներսում, մշակութային ու պետական քաղաքականության կարևորագույն օղակը պետք է հանդիսանա:

Դավադրության տեսության մասին
Ընդունված է դավադրությունների տեսության մասին խոսելիս չեզոքացնել անգամ լուրջ հիմքեր ունեցող կասկածները՝ այս կամ այն հարցի մասին: Կրկին ու կրկին հիշեցնում եմ յոթ տարի առաջ Աղձք գյուղում հայտնաբերված քարե սարկոֆագների մասին, որտեղ պետք է որ ամփոփած լինեին հայ Արշակունի արքաների մասունքները: Խայտառակ ու միջակ բեմադրության ուղեկցությամբ, այդ սարգոֆագները բացվեցին, իսկ հնագետներն էլ խոստացան, որ դրանք կհետազոտվեն և դրանց արդյունքները կհրապարակվեն: Ո՞րտեղ են գտնվում հայ Արշակունի արքաների մասունքները և ինչու՞ որևէ տեղեկություն չկա հետագա անելիքների մասին: Այս հարցերն առայժմ մնում են անպատասխան: 2000-1700 տարի առաջ ապրած արքաների մասունքներին մենք վերաբերվեցինք այնպես, ինչպես կվերաբերվեին շարքային դամբարանի բացմանը: Այն չվերածվեց, այո՛, թեկուզ ուճացված ու բեմականացված լուրջ իրադարձության, մեր քայքայվող ինքնության ամրակայման ու համազգային համախմբումը ցեմենտող գործոնի:

Այլ երկրների պարագայում, այն կդառնար պետական ու ազգային կարևորության միջոցառում, իր բացառիկ էներգետիկայով ու սեփական պատմության ու ժառանգության հանդեպ ակնածանք սերմանելու հաստատ հրամայականով:

Փոխարենը Հայաստանում արագընթաց տեմպերով զարգանում է սև հնագիտությունը: Այո՛ հազարավոր հնագիտական առարկաներ դուրս են բերվում մեր երկրից և հանգրվանում են դրսի մասնավոր հավաքածուներում: Այդ մասին չկա համազգային ահազանգ, չկան գործուն քայլեր այս չարիքն արմատախիլ անելու ուղղությամբ:

Այո՛, ես հակված եմ դավադրության տեսությանը, այն առումով, որ մի աներևույթ ձեռք փոձում է հեռու պահել մեզ ու մեր հիշողությունը պետության ու պետականության խորհրդանշանների հետ առնչվելուց և դրա խորությունը զգալուց: Չմոռանանք, որ կայսրությունները երբեք չեն համակերպվում իրենց անկախացած նախկին ծայրագավառների կայացման ու ամրացման հետ, ուստի գործադրում են բոլոր ջանքերը պետությունից կրկին համայնքի, ազգից հոտի վերածելու ուղղությամբ: Իսկ վերահսկվող հիշողության քաղաքականությունը հենց դրան է միտված…»։

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից