Անկախության հռչակագրի թաղումից չհուզվեցին, իսկ նոր իդեալ դեռ չկա
copy image url

Անկախության հռչակագրի թաղումից չհուզվեցին, իսկ նոր իդեալ դեռ չկա

Ներքին Միտք 6 ամիս առաջ - 10:00 05-10-2024
Սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշումը հանրային քննադատության ալիք է բարձրացրել, քանի որ Անկախության հռչակագրի, որպես հիմնարար փաստաթղթի, իրավական նշանակությունը ստվերվել է։ Ինչո՞ւ Անկախության հռչակագրի իդեալներով առաջնորդվող, Արցախը Հայաստանի հետ միավորման ջատագով, Դեկտեմբերի 1-ի որոշմանը մեծ նշանակություն տվող կուսակցությունները հայտարարություններով չդատապարտեցին ՍԴ որոշումը, բողոքի ցույցեր չկազմակերպեցին։

Որոշ քննադատների գնահատմամբ՝ ՍԴ որոշումն ընդունվել է Ալիևի պատվերով։ Այդպիսով՝ բավարարվել է նրա պահանջը ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Նրանց ուզածն այն էր, որ Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրի մասին հղումը։ Թեև պահանջը լիարժեք չի բավարարվել, բայց հիմնարար քայլ է արվել այդ ուղղությամբ։

Ակնհայտ է, որ ՍԴ որոշումից հետո ոչ ոք ոչի կարող քաղաքական, իրավական, առավել ևս միջազգային գործընթաց նախաձեռնել, հղում անելով Անկախության հռչակագրին և դրա 11-րդ կետին, որտեղ նշված է Դեկտեմբերի 1-ի որոշման մասին։ Հետևաբար՝ ՍԴ որոշումը, փաստացի՝ այն ուժերի դեմ է, որոնք մտադիր են, կամ կարող է հետագայում փորձել Արցախը Հայաստանի հետ միավորելու իրավական, քաղաքական խոսույթ զարգացնել, այդ մասին ծրագրեր կազմել և իրականացնել։

Ուշագրավ է ՍԴ որոշման 3.5. կետի վերջին պարբերությունը՝ «Ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված շրջանակից դուրս Հռչակագրի որևէ դրույթի սահմանադրական (առավել ևս՝ Սահմանադրության անփոփոխ) դրույթի իրավական ուժով օժտված լինելու ուղով շարժվելու հետևանքային ազդեցությունը «սահմանադրական երկիշխանության» վտանգի ներուժով, Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։ Սա չի եղել ո՛չ Հռչակագրով, ո՛չ էլ Սահմանադրությամբ հետապնդվող նպատակ»։

Ծնող ասելով, այստեղ նկատի ունեն Անկախության հռչակագիրը, իսկ զավակը՝ ՀՀ-ն։ Եվ երկընտրանք է առաջարկվում՝ եթե ուզում ենք պահպանել ՀՀ-ն, ապա պետք է Անկախության հռչակագրի իրավական նշանակությունը զրոյացնել, նախապատվությունը տալով ՀՀ սահմանադրությանը, որպես պետության հիմնարար փաստաթղթի։ Իսկ ՀՀ սահմանները որոշելիս էլ առաջարկում են չհղվել Դեկտեմբերի 1-ի որոշման վրա, այլ առաջնորդվել միայն 1991-ի Ալա Աթայի հռչակագրով, որի հիմքով էլ սկսվել և շարունակվելու է սահմանազատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Նկատենք, որ 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշումը փաստացի արհամարհվեց հենց Անկախության հռչակագիրն ընդունողների կողմից 1991-ին, երբ Սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ժամանակ ընտրական տեղամասեր չբացվեցին Արցախում։ Սակայն Դեկտեմբերի 1-ն իներցիայով գործել է մինչև 1995-ը, քանի որ 1990-ին Գերագույն խորհրդում կային Արցախից ընտրված պատգամավորներ, որոնց քվեարկությամբ ընդունվում էին ՀՀ օրենքներ։ 1995-ից հետո Դեկտեմբերի 1-ի որոշման հիմքով իրավական, քաղաքական ոչ մի բան չի արվել, մանավանդ՝ Արցախն անկախ էր հռչակվել և ուներ իր պետական մարմինները, սահմանադրությունը, օրենքները և այլն, որոնք նույնպես չէին հղվում Դեկտեմբերի 1-ի որոշմանը։ Դեկտեմբերի 1-ի որոշումը մնացել էր Անկախության հռչակագրի 11-րդ կետում, բոլորից լքված՝ առանց իրական ու իրավական որևէ ուժի։

Եվ ահա՝ սեպտեմբերի 26-ին ՍԴ եզրահանգել է, որ «Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ։ Այսպիսով ՍԴ-ն հայտարարում է, որ Անկախության հռչակագրի նպատակներն ամբողջությամբ արտացոլված են Սահմանադրության մեջ։

Այնուհետև նշվում է, որ ՍԴ այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը։ Այսպիսով՝ ՍԴ-ն պարզեց, որ Սահմանազատման կանոնակարգով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքի որոշման հիմքում դրված սկզբունքը (1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի իմաստով՝ «գոյություն ունեցող սահմաններ») համապատասխանում է Սահմանադրությանը։

Չնայած՝ ՍԴ այս որոշումը ամբողջությամբ համահունչ է ՔՊ-ական իշխանության խոսույթին, սակայն նույնը չենք կարող ասել խորհրդարանական ընդդիմության և քաղաքական համայնքի բազմաթիվ միավորների վերաբերյալ։ Նրանց լռությունը տպավորություն է ստեղծում, որ Անկախության հռչակագիրը փաստացի թաղելու մասին ՍԴ որոշմանը ոչ ոք դեմ չէ, բացառությամբ մի քանի անհատների, որոնք հրապարակավ հայտնել են իրենց գնահատականը։ Այսինքն կարո՞ղ ենք ասել, որ այս պահին չկա քաղաքական ուժ, որն առաջնորդվում է Անկախության հռչակագրում նշված հայոց պետականության հիմնարար սկզբունքներով և համազգային նպատակներով։

Պարզ ասած՝ ՍԴ որոշմամբ ստվերվեցին ոչ միայն Անկախության հռչակագրում ամրագրված պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները, այլև դրանցով առաջնորդվող քաղաքական ուժերը։ Հետևապես՝ մտավախություն կա, որ առաջիկա քաղաքական բանավեճերի առանցքում չեն լինի այն իդեալները, որոնք ամրագրված են Անկախության հռչակագրում։ Նկատենք նաև, որ նոր իդեալներ քաղաքական խոսույթում դեռ չկան։ Այս իրավիճակը ստեղծում է ռիսկ, որ ՀՀ-ում առաջիկայում առաջնորդվելու են օտար իդեալներով, իրականացնելու են օտար նպատակներ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված