«Մուծված» տնօրեններ, «լյուբիմչիկներ», սխալ որոշումներ, ապօրինի պաշտոնավարում․ ԿԶՆԱԿ-ի պերճանքն ու թշվառությունը
copy image url

«Մուծված» տնօրեններ, «լյուբիմչիկներ», սխալ որոշումներ, ապօրինի պաշտոնավարում․ ԿԶՆԱԿ-ի պերճանքն ու թշվառությունը

Ներքին 6 ամիս առաջ - 21:30 03-10-2024
Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը գլխացավանք է դարձել ՀՀ դպրոցների տնօրենների և ուսուցիչների համար։

«Թորոսյանը, որ ժամանակին եղել է ավագ դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի հետ ունեցել է և հիմա էլ ունի «Դպրոց կենտրոն» ՀԿ, որով սույն պատգամավորի միջոցով դպրոցների տնօրեններին ստիպել են «մուծվեն» իրենց ՀԿ-ին, ընդ որում, ոչ թե պետական փողերից, այլ անձնական միջոցներից։ Տնօրեններն էլ, որպեսզի իրենց լավ աչքով նայեն, նշված ՀԿ-ին գումարներ են փոխանցել։ Սա եղել է մինչև 2018 թիվը։ Վերջում Արտաշես Թորոսյանն ու Ռուզան Մուրադյանը չեն կարողացել փողը կիսել, կռվել են, «բաժանվել» իրարից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ «Դպրոց կենտրոն» ՀԿ-ն այօր էլ է գործում և Արտաշես Թորոսյանը լավ ԿԶՆԱԿ-ում պաշտոնի անցնելուց հետո լավ աչքով է նայում, ընդառաջում է այն ուսուցիչներին, որոնք ժամանակին «մուծվել» են իր հիմնադրամին։

Մեր զրուցակիցները նշում են, որ լուրջ խնդիրներ են ի հայտ եկել ԿԶՆԱԿ-ի գործունեության, մասնավորապես Արտաշես Թորոսյանի ղեկավարման օրոք։

Բանն այն է, որ Փաշինյանի թիմը 2018-ին իշխանության գալուց հետո փակեց Կրթության ազգային ինստիտուտը, փոխարենը 3 տարի անց՝ 2021 թվականին, հիմնեցին ԿԶՆԱԿ հիմնադրամը, որն իրենց խոսքով՝ հավակնում էր դառնալ կրթության զարգացման նոր ուղեղային կենտրոն: Հիմնադրամի հիմնական գործառույթներից են ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական փորձաքննությունների գործընթացների կազմակերպումը, ուսուցչին աջակցող մեթոդական ուղեցույցների և աջակցող նյութերի մշակումը:

Վերջին կետերը ևս լուրջ խնդիրներ են առաջացրել դպրոցներում։ Մեզ ահազանգած տնօրենները նշում են, որ ԿԶՆԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն ձախողել է ամեն ինչ․

«Կրթության ազգային ինստիտուտը փակելով՝ իշխանությունները փաստի առաջ կանգնեցին, օրինակ՝ ուսուցիչներին չէին կարողանում պարգևավճար տալ, վերապատրաստումներ չէին կարողանում ուղարկել, ամբողջը ձախողվեց, հետո այս ֆունկցիաները տվեցին ԿԶՆԱԿ-ին։

Արտաշես Թորոսյանը, որ 4 տարի ԿԶՆԱԿ-ի տնօերնի ԺՊ է, որն ի դեպ օրենքի խախտում է, քանի որ իրավունք չունի այդքան երկար մնալ որպես ԺՊ, ամեն ինչ ձախողել է։

Օրինակ՝ այս տարի ավագ դպրոցների 10-րդ դասարաններում ներդրվել է «Հանրակրթության պետական չափորոշիչը», ու դա Արտաշես Թորոսյանը տնօրենների քթից է բերում։ Սովորաբար ուսումնական պլանը ամենաուշը օգոստոսի 30-ը հաստատված է լինում, որ սեպտեմբերի 1-ից դասերը սկսվեն, ամեն ինչ պատրաստ լինի։ Բայց այս տարի սեպտեմբերի 10-ին դպրոցները նոր են ԿԶՆԱԿ-ից նամակ ստացել, որ «Համաշխարհային պատմությունը» դուրս է գալիս պարտադիր առարկաներից։ Հետո աղմուկ բարձրացավ, նամակներ են ուղարկել, որից հետո ԿԶՆԱԿ-ը այսպիսի բովանդակությամբ նամակ է ուղարկել․ «Դե լավ, թող այս տարի էլ մնա պարտադիր առարկաների շարքում, հետո կերևա․․․»։

Մյուս շրջաբերականը եկել է, որ ավագ դպրոցների ուսումնական խմբերում 20 աշակերտը չպետք է գերազանցի, բայց այդ ուսումնական խմբերը կազմված են եղել 25-26 աշակերտներից։ Տնօրենները նամակ են գրել՝ «Բա ի՞նչ պետք է անենք, արդեն կազմված է, դրույքները կազմված են և այլն», պատասխան նամակ է եկել, որ չեմ առարկում, այս տարի այսպես արեք, հետո կտեսնենք»։

Բացի այս, տնօրենները մեկ այլ կարևոր խնդրի վրա են ուշադրություն հրավիրում։ Պարզվում է՝ ավագ դպրոցներում «Նախագծային ուսուցում» են ներդրել, որ բոլոր աշակերտները իրենց նախընտրած առարկայի վերաբերյալ ուսումնասիրություն պետք է իրականացնեն՝ ֆիլմ, տեքստ և այլն, բայց ԿԶՆԱԿ-ը միայն պահանջել է, որևէ հստակ ուղեցույց չի տվել, թե ինչպես պետք է առաջնորդվեն ուսուցիչները։

«Ուսուցիչներին ոչ մի ընթացակարգ չեն տվել։ Տնօրենները իրենց «Վայբեր-չատերում» քննարկում են, թե ոնց դրա տակից դուրս գան, որ գան ստուգեն։ Ամեն մեկն իր երևակայությամբ փորձում է այդ հարցը լուծել․․․»։

Oragir.News-ը կապ հաստատեց ԿԶՆԱԿ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի հետ, վերջինս հերթով պատասխանեց իրեն ուղղված մեղադրանքներին։

Առաջինը սահմանված ժամկետից ուշ՝ սեպտեմբերի 10-ին, դպրոցներին իրազեկելը, որ «Համաշխարհային պատմությունը» դուրս է գալիս պարտադիր առարկաներից, ինչի պատճառով տնօրեններն ու ուսուցիչները լուրջ խնդրի առաջ էին կանգնել։

«Եթե նայեք Հանրակրթության պետական չափորոշիչների ձևավորման սկզբունքները, ապա կտեսնեք, որ գրված է՝ հասարակություն և հասարակական գիտություններ բնագավառը ներկայացնում է «Համաշխարհային պատմությունը և հասարակական հարաբերությունները ներկայացնող առարկաների միջոցով։ Դա նշանակում է 2 տարբեր առարկա, որից մեկը ներկայացվում է «Հասարակագիտություն» առարկայով, մյուսը՝ «Համաշխարհային պատմությունով»։

Քանի որ դպրոցները դասագրքերի հայտագրման ժամանակ այս հանգամանքը հաշվի չեն առել, իսկ ավագ դպրոցներում հոսքային ուսուցման ժամանակ ուսումնական պլանի ուղեցույցով տրված էր, որ հումանիտար հոսքում «Համաշխարհային պատմություն» անհրաժեշտ է ուսումնասիրել, իսկ բնագիտա-մաթեմատիկական հոսքերում՝ ոչ, իրենք այդ անալոգիայով նաև այս տարի են այդ հարցին մոտեցել, դրա համար բավարար քանակությամբ դասագրքեր չէին պատվիրել։ Այս խնդիրը դրա հետ է կապված։ Կարող են համարել, որ վատ ենք ղեկավարում, բայց պետք է օբյեկտիվ գնահատեն»,- ասաց Թորոսյանը։

Հաջորդ խնդիրը վերաբերում է ավագ դպրոցների ուսումնական խմբերում աշակերտենրի թվին, որ 20-ը չպետք է գերազանցեն, սակայն խմբեր կան, որ մինչև 25-26 աշակերտ է ընդգրկված։ ԿԶՆԱԿ-ի ղեկավարի ԺՊ-ն այս խնդիրը հետևյալ կերպ մեկնաբանեց․

«Այդ գրությունները դպրոցները ստացել են ոչ թե ԿԶՆԱԿ-ից, այլ ԿԳՄՍ նախարարությունից, դրանք նախարարության շրջաբերականներ են։

Կա դասարանների կազմավորման կարգ և դպրոցներն առաջնորդվելով այդ կարգով՝ ձևավորում են դասարաններ, իսկ ավագ դպրոցում՝ ուսումնական խմբեր։ Ուսումնական խմբերը ձևավորվում են ըստ երեխայի ընտրած ծրագրի՝ նպատակային կամ հիմնական։ Եթե երեխան որոշել է ընտրել մաթեմատիկա հիմնական ծրագրով, ապա ինքը գնում է այն խումբը, որն ուսումնասիրում է հիմնական ծրագրով, եթե նպատակային, ապա նպատակային։

Բնականաբար, եթե խմբերում սովորողների թիվը լինի 30, ոնց որ առավելագույն հին թիվն է դասարանների կազմավորման, ապա ուսուցման արդյունավետությունը բավականին ցածր կլինի․․․»։

Հաջորդ խնդիրը ավագ դպրոցներում ներդրված «Նախագծային ուսուցում»-ն է, ըստ որի՝ բոլոր աշակերտները իրենց նախընտրած առարկայի վերաբերյալ ուսումնասիրություն պետք է իրականացնեն՝ ֆիլմ, տեքստ և այլն, բայց ինչպես տնօրեններն են նշել, ԿԶՆԱԿ-ը միայն պահանջել է, որևէ հստակ ուղեցույց չի տվել, թե ինչպես պետք է առաջնորդվեն ուսուցիչները, և հիմա տնօրենները իրենց «Վայբեր-չատերում» քննարկում են, թե ոնց դրա տակից դուրս գան, եթե ստուգումներ լինեն։

Արտաշես Թորոսյանն ասաց, որ օգոստոս և սեպտեմբեր ամիսների սկզբին եղել են խորհրդակցություններ,մեծ թվով սեմինարներ, որոնց ընթացքում դպրոցների տնօրենները, փոխտնօրենները և մեթոդական միավորման նախագահները ծանոթացել են բոլոր նորությունների հետ։ Բացի այդ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ԿԶՆԱԿ-ի պաշտոնական կայքում և հասանելի է յուրաքանչյուրին։

«Բացի այդ յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 16։00-ից մինչև 17։00-ն կամ 18։00-ն, օնլայն հարթակում հանդիպում եմ ունենում ավագ դպրոցների տնօրենների հետ կամ միջնակարգ դպրոցների, որոնք ունեն ավագ դասարաններ և պատասխանում եմ իրենց հարցերին։ Այնպես որ պատժի մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Թորոսյանը։

ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը արձագանքեց նաև իր հասցեին ուղղված մեղադրանքներին։ Մասնավորապես, որ մինչև 2018 թվականը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուզան Մուրադյանի հետ հիմնել է «Դպրոց կենտրոն» ՀԿ, որով դպրոցների տնօրեններին ստիպել են «մուծվել» իրենց ՀԿ-ին։

«Ես ոչ մի ՀԿ չունեմ։ Դպրոց կենտրոնները ոչ թե Ռուզան Մուրադյանն է հիմնադրել, այլ դպրոց կենտրոնները հիմնադրվել են Կրթության գիտության նախարարության կողմից։ Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագիր էր իրականացնում, կրթության և զարգացման վերաբերյալ։ Այդ ծրագրի շրջանակներում ստեղծվեցին «Դպրոց կենտրոններ», դրանք նպատակ ունեին հարակից դպրոցների ուսուցիչներին վերապատրաստել, զարգացնել և այլն։ ՀՀ բոլոր դպրոցները այդ ծրագրին մասնակցում էին, դա նախարարության ծրագիր էր, ՀԿ-ի ծրագիր չէր։

Այնպես որ, եթե ասեն, թե ովքեր են այդ «լյուբիմչիկները», նոր կարող եմ պատասխանել, բայց մենք ունենք ԿԶՆԱԿ-ի հետ համագործակցող շատ մեծ թվով դպրոցներ, ուսուցիչներ, տնօրեններ, որոնք բավականին մեզ օգնում են, իրենց դպրոցներում չափորոշիչներ են ներդնում և իրենց աշխատանքով աչքի են ընկնում բոլոր տարբեր հարթակներում, բայց արած աշխատանքով։
Իսկ այդպես՝ «մուծվել» և այլն, ես ընդհանրապես կազմակերպությունում զբաղվել եմ վերապատրաստումներով, ինքս վերապատրաստումներ եմ արել, բայց ֆինանսական գործերին ընդհանրապես որևէ կապ չեմ ունեցել»,- մանրամասնեց Արտաշես Թորոսյանը։

Ամփոփելով զրույցը՝ ԿԶՆԱԿ-ի տնօրենի ԺՊ-ին հարցրինք՝ արդյոք օրենքի խախտում չէ՞ 4 տարի այդ պաշտոնում ԺՊ լինելը։

«Կարծում եմ՝ օրենքի խախտում չկա, բայց այդ հարցը խնդրում եմ տվեք նախարարությանը։ Նախարարությունը որ րոպեին որոշի մրցույթ հայտարարի տնօրենի պաշտոնի համար, ինձ կազատեն աշխատանքից, կհայտարարի մրցույթ, կընտվի այն մարդը, որը կընտրվի ու կշարունակի պաշտոնավարել»։

Ճշտող հարցին՝ 2021 թվականի մրցույթ չի՞ հայտարարվել ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար, Արտաշես Թորոսյանը պատասխանեց՝ ոչ, մրցույթ չի եղել։

Oragir.News-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու, թե ինչո՞ւ մինչ օրս մրցույթ չի հայտարարվել և արդյոք օրենքի խախտում չէ՞, որ անձը 4 տարի ԺՊ է նշանակված։

Մեզ փոխանցեցին գրավոր հարցում ուղարկենք, կամ սպասենք, որպեսզի համապատասխան բաժնից ճշտեն և պատասխանեն։ Աշխատանքային օրն ավարտվեց, սակայն, մեզ հետ որևէ մեկը կապ չհաստատեց։ Եթե խախտում չլիներ, կարծում ենք՝ դժվար չէր այդ մասին հայտնելը, ուստի այս լռությունը մեկ անգամ ևս փաստում է, որ ԿԶՆԱԿ-ի տնօրենի ԺՊ-ի պաշտոնավարումն օրենքի խախտումով է։





Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան